22.04.2019 | 
Քաղաքականություն
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։

Հանդիպում-քննարկման առանցքում տնտեսական հեղափոխությանն առնչվող հարցերն էին։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման ե ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, տնտեսագետներ և ուսանողներ։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ այս հանդիպումը պետք է աջակցի տնտեսական հեղափոխության տեսլականի հստակեցմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ նախաբանով՝ ակնկալելով ակտիվ ու արդյունավետ քննարկում։



Վարչապետ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե տնտեսական հեղափոխություն ասելով՝ ինչ նկատի ունի ՀՀ կառավարությունը՝ թե՛ արդյունքի, թե՛ մեթոդների առումով:

«Մենք հայտարարել ենք, որ ՀՀ տնտեսության տեսլականը հետևյալն է. Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը»,- նշեց վարչապետը:

«Տասը տարվա ընթացքում Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի՝ ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք գործում են բնական կամ ոչ բնական մենաշնորհի ոլորտում, կամ էլ հանքարդյունաբերության ոլորտում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երբ ասում են՝ տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության շարժիչ ուժը, ապա նկատի ունեն ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոպիտ (hard) տեխնոլոգիաները: 

«Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է կառուցենք տնտեսական հեղափոխության մասին մեր պատկերացումները»,- ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով նաև այն հարցին, որ ՀՀ-ն պետք է ազատվի ցածր որակավորման աշխատուժ ունեցող երկրի համբավից:

«Մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում, ինչից էլ բխում է տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան՝ կապված կրթության հետ: Կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ, որոնց հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է երկիրն ապահովի բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Կրթական հաստատություններն ավարտելուց հետո ուսանողներն արդեն պետք է պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա հավաստմամբ, կառավարության տեսլականը բարձրագույն կրթության առումով այն է, որ պետք է ավելացվեն հետազոտական բաղադրիչը և գիտական աշխատանքը:

Ներկայացնելով կառավարության քաղաքականությունն այս հարցերի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, և դրա կարևորագույն գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է՝ նախապայմանով, որ եկամտային հարկն առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20% համահարթ եկամտահարկի»:

Վարչապետը հույս հայտնեց, որ առաջիկայում էականորեն կզարգանա բորսայական համակարգը. «Այս ուղղությամբ նույնպես կառավարությունն աշխատանք է տանում, և մենք փորձում ենք ՀՀ-ում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն խնդրի մասին, որ հնարավոր չէ Հայաստանի պոտենցիալ աշխատուժը բերել նույն որակավորման, և դրա արդյունքում առաջանալու է շերտավորում: 

«Մեր տեսլականում շեշտել ենք գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները և կարծում ենք, որ աշխատուժի այն մասը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման հատվածում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման դինամիկա»,- նշեց վարչապետը:

Խոսելով տնտեսական հեղափոխության մեթոդների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այնպես էլ հիմա հիմնական ու առանցքային գործիքը մնալու է անհատական ջանքը:

«Մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին խրախուսելը տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար և, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ սուբյեկտ լինելու պարագայում»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին առաջին հարցն ուղղեց պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով կրթության և գիտության ոլորտների մասին:

«Տարիներ ի վեր մենք դոնոր ենք դարձել. պատրաստել ենք կադրեր և նվիրել արտասահմանին: Ես կցանկանայի, որ կառավարության ծրագիրը գոնե տնտեսագետների համար ուղենիշ լինի, որ ոչ թե առաստաղից վերցնենք մագիստրոսական աշխատանքների թեմաները: Իմ կարծիքով, կրթական համակարգում լուրջ փոփոխություն է պետք, այն պետք է ծառայի երկրի զարգացման տեսլականին»,- նշեց նա:

Ինչպես նշեց Թաթուլ Մանասերյանը, գիտության համակարգում ինքն ակնկալում էր ավելի լուրջ փոփոխություններ: Նա խոսեց նաև ԳԱԱ-ի՝ ժամանակակից մարտահրավերներին չհամապատասխանելու մասին: Ըստ նրա՝ այս խնդիրը կարող է հաղթահարվել մրցույթների միջոցով: Թաթուլ Մանասերյանը վարչապետին հորդորեց խնդիրներ առաջադրել տնտեսագետներին, ինչը թույլ կտա ձևավորել հետադարձ կապ և ապահովել մասնակցություն կառավարության գործունեությանը:



Վարչապետ Փաշինյանը նշեց, որ որպես հանդիպման արդյունք կցանկանար որոշակի հստակեցումներ մտցնել կառավարության և տնտեսագիտական հանրության հարաբերություններում:

«Իմ կարծիքով, պետք է առաջնորդվենք հետևյալ տրամաբանությամբ. այսօր, ըստ էության, կա տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից, և տնտեսագիտական հանրությունն իր առաջարկներով, մոտեցումներով ու քննարկումներով պետք է ներկայացնի իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է հնարավոր այս մոդելը կյանքի կոչել»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը փորձագիտական հանրություն-կառավարություն հարաբերությունների ոչ հստակ լինելն է:

«Արդի շրջանի կարևոր արդյունքներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում փորձագիտական ինստիտուտն էականորեն ուժեղանա: Այն հիմնականում կենտրոնացված է համալսարաններում, ինստիտուտներում, և մեր հիմնական խնդիրը նրանց հետ աշխատանքային հարաբերությունների հաստատումն է»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Դոցենտ Գայանե Ղուկասյանը խոսեց կրթության ոլորտի ֆինանսավորման մասին՝ նշելով, որ տարբեր կրթական ծրագրեր ֆինանսական օժանդակություն ստանում են արտասահմանյան կազմակերպություններից: Նա հարցրեց, թե ինչ մեխանիզմներ կան տեղական ընկերություններին ներգրավելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մասնագիտական կրթության մակարդակում այս գործընթացն ընթացքի մեջ է: Ըստ վարչապետի՝ մասնավոր ընկերությունները ՀՀ կառավարության և ԿԳՆ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում և որոշակի պարտավորվածություն ստանձնում՝ վերազինելով դպրոցներ ու կրթարաններ: Նա նշեց, որ այս գործընթացը վերահսկվում է ԿԳՆ-ի կողմից: Մասնավոր ընկերությունները նման համագործակցության արդյունքում ստանում են իրենց անհրաժեշտ մասնագետներին:

«Մենք անընդհատ խոսում ենք ֆինանսների հնարավոր աջակցության մասին, բայց այս դեպքում էլ առաջարկում եմ խոսակցությունը չսկսել փողի մասին հարցից: Շատ ավելի լավ է հստակ գծագրենք, հստակ ձևակերպենք, թե ինչ ենք ուզում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մի միջադեպի, որը նրան խորապես տպավորել էր: Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նրան հարց էին հղել, թե ինչպես է հնարավոր՝ 22-23 տարեկան երիտասարդն ունենա բարձրագույն կրթություն, երեք տարվա մասնագիտական փորձ և տիրապետի երեք լեզվի:



Ըստ վարչապետի՝ այս պահանջներն արդարացի են, իրատեսական: Նա անդրադարձավ նաև աշխատաշուկայի պահանջի ու դիպլոմ ունենալու հարցին՝ նշելով, որ պետք է ի վերջո վերացվի այն մշակույթը, որ պարտադիր բոլորը պետք է բարձրագույն կրթություն ունենան:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը խոսեց ինտելեկտուալ աշխատանքից: Նա հարցրեց վարչապետի կարծիքն այն մասին, թե ինչ տեղ, դեր և նշանակություն պետք է ունենա ինտելեկտուալ մարդը, որն ունի կրթություն, գիտելիք, երկար տարիների աշխատանքային փորձ, և որքանով է նա պահանջված հասարակության կողմից:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինտելեկտուալ աշխատանքն է շարժիչ ուժը: Վարչապետը վերադարձավ այն փաստին, որ կրթություն, գիտելիք և ընդունակություններ ունենալը պետք է կոնկրետացնել:

«Արդյո՞ք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը երաշխավորում է, որ այն մարդը, որը դուրս է եկել այստեղից՝ դիպլոմը ձեռքին, ունի կրթություն, գիտելիք և հմտություններ: Ես տպավորություն ունեմ, որ միշտ չէ այդպես: Իհարկե, ֆակուլտետն ավարտած բազմաթիվ տնտեսագետների պարագայում դիպլոմը փաստում է վերոնշյալի առկայությունը: Արդյո՞ք բոլորի դեպքում այս նույն նախադասությունը կարելի է օգտագործել: Ես չեմ հավատում, որ այդ հատկանիշներին համապատասխանող մարդիկ այսօր Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել կամ իրենց համար աշխատանք ստեղծել»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Այս առիթով ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ թվարկված երեք հատկանիշները բարդ է համատեղելը՝ պայմանավորված կրթական համակարգի գործող մոդելով:

Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Վարդանուշ Գյոզալյանը բարձրացրեց օդային փոխադրումների ոլորտին առնչվող հարցը:

Վարչապետը նշեց, որ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, քննարկումներ են իրականացվում Զվարթնոց և Շիրակ օդանավակայանները կառավարող ընկերության հետ: Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան: Այդուհանդերձ, վարչապետը նշեց, որ կառավարությունը չի պատրաստվում ստեղծել հայկական ազգային մեկ ավիաընկերություն և նրան մենաշնորհ տալ, քանի որ դրա բացասական փորձն արդեն կա: 



Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոհար Բարխուդարյանը խոսեց կրթական համակարգում տիրող մթնոլորտի մասին, մասնավորապես՝ բողոքներից ու դժգոհություններից: Նրա համար կարևոր էր գտնել այն գործիքակազմը, որը կմոտիվացնի ու կուղղորդի ուսանողներին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում պետք է կիրառել նույն մեթոդը: Նա օրինակ բերեց իր քաղաքական թիմի աշխատանքը՝ տարիներ շարունակ նրանք համոզել և ապացուցել են մարդկանց, որ մեկ մարդու վարքագիծը շրջադարձային նշանակություն ունի քաղաքական իրողություններում: Ըստ վարչապետի՝ քաղաքական հեղափոխություն տեղի ունեցավ, երբ մարդիկ հասկացան, որ իրենցից շատ բան է կախված:



Նույն մոդելը նախատեսվում է կիրառել նաև տնտեսական հեղափոխության մեջ. պետք է ոգեշնչել քաղաքացիներին՝ փոխել իրենց տնտեսական վարքագիծը, ինչպես նաև կառավարության պարտավորությունն է բացառել արտոնյալների գոյությունը և նվազեցնել խոչընդոտները՝ կապված արտահանման և մի շարք այլ հարցերի հետ:

Ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը նշեց. «Եթե քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էին ատելությունը, այլոց չհանդուրժելը, ապա տնտեսական հեղափոխության կտրվածքով մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի։ Ժամանակ է պետք։ Այդ առումով ես չեմ կարծում, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունները նույն բաներն են»:

Վարչապետը պատասխանեց, որ այս երկու խնդիրները պետք է լուծել մեկ ալգորիթմով. «Քաղաքական ձևակերպման պարագայում ի՞նչն էին ատում, օրինակ՝ ընտրելու հնարավորություն չէր տրվում, բռնություններ, ամենաթողություն և այլն: Տնտեսական հեղափոխության պարագայում մենք ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում. առաջարկում ենք ատել մեր աղքատությունը, խեղճությունը, նախաձեռնության բացակայությունը։ Մենք փորձում ենք օգնել մարդկանց գիտակցել իրենց ուժը։ Ի՞նչ է նշանակում ուժեղ մարդ։ Ուժեղ մարդն իմ պատկերացմամբ նա է, ով կարողանում է ինքն իրեն գործողությունների մղել»:

Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Միքայել Միքայելյանը հարցրեց վարչապետին, թե ինչ հայեցակարգ է ձևավորել կառավարությունը, ինչպիսին է լինելու երկիրը հարյուր տարի հետո: Նա նաև անդրադարձավ վարչապետի հետ հետադարձ կապի բարելավմանը, քանի որ անձամբ դիմել է նրան, սակայն պատասխան չի ստացել:

Վարչապետը նշեց, որ այժմ պետք է հաղթահարել պետական համակարգում առկա իներցիան, բայց դա անել գրագետ: Ինչպես հայտնի է ֆիզիկայից, պետք է իներցիայի հետ որևէ փուլ անցնել և նոր միայն կանգնեցնել։ Նա նշեց, որ Հայաստանի զարգացման հայեցակարգը պետք է ամրագրված լինի ՀՀ Սահմանադրության նախաբանում, որը, ի դեպ, չեն փոփոխել այն դեպքում, երբ 4 անգամ փոփոխություններ են կատարել Սահմանադրության մեջ: 

Վարչապետը նշեց նաև, որ ազգային հայեցակարգը սահմանելու համար կան մի շարք հարցեր, որոնց մասին հասարակության ընկալումները պետք է հստակեցվեն, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը: 

Նա ընդգծեց նաև, որ այս հարցերը սահմանելիս պետք է պատասխանատվություն վերցնել, ոչ թե խուսափել դրանից։

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը հայտնեց իր դիտարկումները: «Մենք լուրջ խնդիր ունենք դրամավարկային և վարկաբյուջետային քաղաքականությունների համաձայնեցման, նաև պետական բյուջեի կատարման առումով, կարծես թե այդ քաղաքականություններն առանձնացված են վարում, այստեղ, կարծում եմ, փոփոխությունների կարիք կա. առաջին հերթին պետք է փոխել «Կենտրոնական բանկի մասին» օրենքը, որպեսզի խնդիրներ չունենանք տնտեսական աճի տեսանկյունից»:

Ա. Թավադյանն իր առաջարկը գրավոր հանձնեց վարչապետին:



ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց մարդկային կապիտալի մի քանի դրույթների վրա:

«Մարդկային կապիտալը և՛ տնտեսական հեղափոխության, և՛ ազգային անվտանգության պայմանն ու հիմքն է։ Սակայն 25 տարիների ընթացքում մարդկային կապիտալը մեծ կորուստներ է կրել թե՛ քանակապես, թե՛ որակապես։ Մարդկային կապիտալը հատկապես մեծ կորուստներ է կրել գյուղական շրջաններում, մասնավորապես բարձրլեռնային և սահմանամերձ գյուղերում։ Ծնելիության ցուցանիշն իջել է, մանկապարտեզները փակվել են։ Այս հանգամանքը լուրջ խնդիրներ է առաջացնում երկրում։ Ըստ ճապոնական կրթական փիլիսոփայության՝ կրթության հիմնական ոլորտը նախակրթականն է։ Երեխաների 90 տոկոսը հաճախում է մանկապարտեզներ։ Մեզ մոտ մոտավորապես միջին հաշվով 45 տոկոսն է ընդգրկված, իսկ գյուղական վայրերում՝ 20 տոկոսը։ Դա շատ կարևոր խնդիր է, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Լեռնային գյուղերում դպրոցներ են փակվել։ Դպրոցը գյուղի ճրագն է։ Դպրոցը գյուղի համալսարանն է։ Դպրոցներ միացելը գյուղը կործանման է տարել այս 25 տարիների ընթացքում։ Խնդրում եմ սա Ձեր ուշադրության կենտրոնում պահել։ Ցածր կենսամակարդակը հնարավորություն չի տալիս կրթություն ստանալու»,- ասաց Գրիշա Ղարիբյանը:

Նա նշեց նաև, որ մարդկային կապիտալի կորուստների հիմքը երկուսն են՝ աղքատությունը և տարիների համատարած կոռուպցիան ու սոցիալական անարդարությունը։ Սրանցից հետևում է արտագաղթը, որը միտում ունի դառնալու ընտանեկան արտագաղթ՝ անվերադարձ:

Վարչապետը նշեց, որ նախընտրական ծրագրով նախատեսված է 5 տարվա ընթացքում երեխաների 70 տոկոսի համար ապահովել մանկապարտեզներ: 

«Շատ կարևոր է, թե այսօրվանից սկսած՝ մենք նախակրթարան գնացող երեխային ինչ ենք ասում։ Ես մտածում եմ, որ մենք նախակրթարան հաճախող երեխային պետք է ասենք հետևյալը. եթե նա աղջիկ է, պետք է 22 տարեկանում ունենա բարձրագույն կրթություն, առնվազն 3 օտար լեզվի տիրապետի և 3 տարվա աշխատանքային փորձ ունենա: Եվ նույն բանը պետք է ասել նաև այդ տարիքի տղային, որովհետև այսօրվա մեր խնդիրների մի մասը կապված է նրա հետ, որ մենք մեր երեխաներին ուղերձ չենք տալիս»,- շեշտեց վարչապետը:

Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնից Ժիրայր Մխիթարյանի հարցը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտին և նրա զարգացման հեռանկարներին։

«Ի՞նչ կանոն ունենք այս ոլորտում։ Այդ կանոնը ձևավորվեց հենց 80-ականների սկզբին, այսպես ասած, հողային բարեփոխումների արդյունքում, երբ մեր գյուղատնտեսությունը ներկայացնող այգին իշխանական մեկ հարվածի միջոցով բաժանվեց հազարավոր փշրանքների։ Ավելի ուշ սկսվեցին որոշակի միջոցառումներ, վարկային տոկոսների սուբսիդավորում՝ սերմնացուի, դիզվառելիքի հետ կապված։ Կրկին արդյունքը շոշափելի չէր: Այս պահի դրությամբ վիճակը հետևյալն է. ունենք մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություններ՝ յուրաքանչյուրը 1,4 հեկտար հողատարածքով, պաշտոնապես գյուղատնտեսությամբ զբաղվում է մոտ 320 հազար մարդ։ Նման պայմաններով կանոնը պետք է փոխվի, որպեսզի գյուղացիների ներդրած անհատական ջանքը տա որոշակի արդյունք։ Տնտեսագիտորեն այս պայմաններում հնարավոր չէ ապահովել մասշտաբի արդյունք, աշխատանքի մասնագիտացում և այլն»,- ներկայացրեց Ժիրայր Մխիթարյանը:

Նա նշեց միակ ելքը՝ խոշորացումը, որը կարող է իրականանալ կոոպերացիաների տեսքով:



Վարչապետը նշեց. «ՀՀ-ում դեռ ոչ մի կոլեկտիվ տնտեսություն չի ձևավորվել, դա խնդիր է, և մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը։ Խնդիր կա նաև գյուղի մոդելի հետ կապված։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ մոդել ենք պատկերացնում»:

Նա անդրադարձավ նաև մեկ հանգամանքի. «Ինձ ասում են, թե մեր երկրում արոտավայրեր չկան, սակայն ինձ հասած վիճակագրությամբ Հայաստանում կա մեկ միլիոն հեկտար արոտավայր, որից պաշտոնապես օգտագործվում է միայն 300-320 հազարը։ Այսինքն՝ մեր արոտավայրերի 70 տոկոսը չի օգտագործվում։ Իհարկե, այստեղ այլ խնդիրներ ևս կան՝ ճանապարհների հասանելիություն և այլն, որոնք պետք է հաշվի առնել։ Բայց ակնհայտ է, որ մեր ունեցած ներուժը չենք օգտագործում»:

Վարչապետն առաջարկեց բուհական կամ գիտական համակարգում հետազոտություններ անել՝ պարզելու համար, թե ինչն է պատճառը, որ կոլեկտիվ տնտեսություններ չեն ձևավորվում, և կառավարությունն ինչ պետք է անի, որ դրանք ձևավորվեն։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վերջինն էր, որը հանդիպմանը հարց հղեց վարչապետին. «Տնտեսության մեջ վարքագծի փոփոխություն այնպես չի լինում, ինչպես քաղաքականության մեջ: Տնտեսության մեջ դրա համար ժամանակ է պետք: Ամենակարևոր ուղերձը, որ Դուք ուղղում եք, ազատության հնարավորություն տալն է: Ամենակարևոր բացթողումն այս ընթացքում եղել է այն, որ մեզ ներկայացվել է, որ պետությունն ինքն ավելի լավն է, որ ամեն ինչ ավելի կազմակերպված ձևով է իրականացնում: Խորհրդային տարիների քաղաքացու նախաձեռնողականությունը հավասար էր զրոյի: Այժմ Դուք տալիս եք նախաձեռնող լինելու հնարավորություն»:

Նա հարցրեց վարչապետին, թե արդյո՞ք հաշվարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և լուծման ազդեցությունը տնտեսության վրա՝ հարցը դիտարկելով տարբեր դաշտերում:



Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդիրն այն է, որ սովորաբար կառավարությունն ընկալվում է որպես ղեկավար, որը լուծում է բոլոր հարցերը:

«Մեր մոտեցումն այն է, որ կառավարությունն ու հանրությունը պետք է գործընկերներ լինեն, որոնք քաղաքական մակարդակում ձևավորված խնդրի աշխատանքային բաժանում են կատարում: Հին ընկալման պատճառն ավտորիտար համակարգն է: Ես միշտ շեշտում եմ՝ հին տրամաբանությունը պետք է մի կողմ թողնել»,- ասաց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հարցին: «Մենք դեռևս ունենք նույն խնդիրը, երկրում անընդհատ կասկածի մթնոլորտ է: Դրա պատճառն այն է, որ հանրությունն իրեն գործընթացի մասնակից չի համարում:Մեզ համար այդ մոտեցումն ընդունելի չէ: Պարզ է, որ կառավարությունը գործընթացի պատասխանատուն է, բայց վերջինս պետք է գործի որոշակի մանդատի շրջանակում: Մենք պետք է հստակ ձևակերպենք հարցի կարգավորման տարբերակը, որը կօգնի հաղթահարել կասկածի մթնոլորտը»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով քննարկման համար, նշեց, որ տնտեսագետները պատրաստ են պետությանն աջակցել տնտեսական հեղափոխության հարցում:

Մարի Ռաֆյան

 

Այլ նորություններ
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը «MINERVA» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-25-ն այցելել են Բելգիայի Լիեժի համալսարան՝ ծանոթանալու հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության (HRS4R) լավագույն փորձին: