11.03.2020 | 
Հասարակություն
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՎԱՐՔԱԳԻԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ». ՎԻԿՏՈՐՅԱ ՕՀԱՆՅԱՆ
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՎԱՐՔԱԳԻԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ». ՎԻԿՏՈՐՅԱ ՕՀԱՆՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Իրավունքի ազդեցությունը մարդու վարքագծի վրա և հասարակական հարաբերություններում» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ Վիկտորյա Օհանյանը:

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ, միջոցառման պատասխանատու Գևորգ Բարսեղյանն ասաց, որ սեմինար-քննարկումը նվիրված է հասարակական հարաբերությունների համընդհանուր կարգավորիչին՝ իրավունքին:

 

«Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա խարսխված հասարակությունը ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության անկյունաքարն է: Նման պետությունում էական նշանակություն ունի հասարակության վարքագիծը, ինչը կարգավորվում է իրավունքով»,- նշեց Գևորգ Բարսեղյանը:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էին տարբեր ֆակուլտետներից ուսանողներ, Վիկտորյա Օհանյանը խոսեց վարքագծային գիտության շրջանակում իրավունքի պոտենցիալ ազդեցության մասին:

 

Նրա փաստմամբ, այն կարող է դրսևորվել փափուկ ուղղորդման միջոցով, և այն, ըստ էության, արդիական գործիք է՝ հաշվի առնելով 2015 թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես այն դրույթները, որոնք վերաբերում են սոցիալական պետության կառուցմանը, շուկայական տնտեսության զարգացմանը, հասարակության և անհատների ներուժի լիարժեք կենսագործմանը և այլն:

 

 

«Իրավունքի ներգործությունը մարդու վարքագծի վրա դիտարկելիս մենք միշտ ելնում ենք այն կանխադրույթից, որ մարդը ռացիոնալ էակ է: Մեծաթիվ ուսումնասիրություններ կան իրավախախտ վարքագծի շարժառիթների, դրդապատճառների վերաբերյալ, բայց շատ ավելի քիչ ենք խոսում իրավաչափ վարքագծի կամ ցանկալի վարքագծի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտորյա Օհանյանը:

 

Նրա պնդմամբ, պետությունն այլևս վաղուց դասական իմաստով լիբերալիստական չէ, որ «գիշերային պահակի» դերում է ու պարզապես հնարավորություններ է տալիս՝ առանց հետաքրքրվելու, թե որքանով կիրագործվեն դրանք. «Մենք վաղուց գործ ունենք սոցիալական պետություն կամ համընդհանուր բարեկեցության պետություն հասկացության հետ, որտեղ բացի թույլատրելի վարքագիծ հասկացությունից՝ ունենք նաև ցանկալի վարքագիծ հասկացությունը, որին պետությունը ձգտում է հասնել պետական քաղաքականության ամենատարբեր միջոցներով»:

 

Այդ բոլոր միջոցները, բանախոսի փոխանցմամբ, ենթադրում են իրավական գործիքակազմի կիրառում, որովհետև այլ կերպ պետությունը չի կարող ազդել մարդու վարքագծի վրա:

 

Հանդիպման ընթացքում Վիկտորյա Օհանյանն անդրադարձավ նաև իրավաչափ վարքագծի տեսակների վերաբերյալ առավել տարածված մոտեցումներին և  իրավագիտության տեսանկյունից փափուկ ուղղորդմանը, մասնավորապես, թե ինչ դեր կարող է այն խաղալ իրավաչափ վարքագծի խթանման առումով։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։