Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի հրավերով ԵՊՀ-ում դասախոսություն կարդաց Ամստերդամի Վրիջեի համալսարանի պրոֆեսոր, սոցիալական հոգեբան Քիլիան Վավուն: Նա ԵՊՀ ուսանողներին հյուրընկալվել էր «Սոցիալական հոգեբանություն» և «Կազմակերպչական հոգեբանություն» դասընթացների շրջանակներում:
«Բանկային ճգնաժամերի հոգեբանություն» խորագրով դասախոսության ընթացքում նա անդրադարձավ սոցիալական հոգեբանի, բանկային ոլորտում հոգեբանի մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներին:
Հոլանդացի պրոֆեսորն իր դասախոսությունը սկսեց իր նախապապից, ով Աֆրիկայից Հարավային Ամերիկա է տեղափոխվել որպես ստրուկ, բայց նրա նպատակն իրականում ոչ թե իր գերդաստանի պատմությունը ներկայացնելն էր, այլ ստրուկների և մերօրյա ազատ աշխատողների միջև համեմատությամբ աշխատանքի հոգեբանությունը ցույց տալը:
«Իմ նախապապն իր աշխատանքը հաճույքով չէր անում, որովհետև նա ստրուկ էր: Իմ մյուս նախապապը, ով հոլանդացի էր, նրա ղեկավարն էր «մենեջերը»: Դրանից հետո՝ 200 տարվա ընթացքում, իմ հոլանդացի նախապապը մտածեց, որ իր «ստրուկին» կարող է մոտիվացնել ոչ միայն ուժ կիրառելով, այլև փող տալով, որ նա աշխատի ավելի լավ: Եվ իմ աֆրիկացի պապը սկսեց աշխատել այնպես, որ կարողանա գումար հավաքել իր ազատությունը գնելու համար»,- այսպես պրոֆեսորը բացատրեց աշխատանքի հոգեբանության էվոլյուցիան:
Նա խոսեց փողի, երջանկության և աշխատանքի կատարման մասին՝ բացատրելով, թե ինչպես են դրանք ազդում բանկերի աշխատանքի և առաջխաղացման վրա: Քանի որ նա երկար տարիներ տարբեր բանկերում աշխատել է նաև որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, խնդիրը ներկայացնում էր կոնկրետ օրինակներով: Ի դեպ, նա` որպես խորհրդատու, համագործակցում է նաև հայկական մի շարք բանկերի հետ:
Քիլիան Վավուն, սակայն, հեռու է այն մտքից, որ շատ փող ունենալը բերում է երջանկության: «Երբ մարդը փող չունի, ուզում է ունենալ, իսկ երբ ունի… ուզում է հարևանից շատ ունենալ: Մարդիկ չեն ուզում լինել լավը, ուզում են ուրիշից լավը լինել. սա է սոցիալական էակի բնույթը»,- ասում է պրոֆեսորն ու հավելում, որ միշտ չէ, որ մարդն աշխատավայրում իրեն երջանիկ է զգում, երբ ունի բարձր աշխատավարձ:
Դասախոսության ընթացքում պարոն Վավուն անդրադարձավ նաև ղեկավարին մոտիվացնող գործոններին: «Ղեկավարներին մոտիվացնում է ոչ թե փողը, այլ իշխանությունը շատ մարդկանց վրա, որպեսզի, օրինակ, ընկերներին պատմեն դրա մասին»,- կեսլուրջ-կեսկատակ ասում է նա:
Ամփոփելով փողի և երջանկության կապը՝ պրոֆեսորը նշեց, որ եթե մարդն ունի այնքան գումար, որ կարող է բավարարել իր նվազագույն ծախսերը, ապա ավելի քիչ է դեպրեսիայի ենթարկվում, իսկ շատ փող ունենալու դեպքում դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ այն, որ ուրիշն իրենից ավելին ունի:
Երկար տարիների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը նաև վստահեցնում է, որ մարդուն դեպի աշխատանքը մոտիվացնելը դեռ բավարար չէ լավ արդյունք ստանալու համար. ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, թե մարդն ինչքանով է ունակ տվյալ աշխատանքը կատարելու: