13.05.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. ԱՊՐԵՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ՔՆՆԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. ԱՊՐԵՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ՔՆՆԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌԴ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի` բարոյագիտության բաժնի ղեկավար, Շվեդիայի Ուպսալի համալսարանի պատվավոր դոկտոր Ռուբեն Ապրեսյանը ներկայացրեց «Գրական տեքստը՝ որպես բարոյածագումնաբանական աղբյուր» զեկույցը: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի բարոյագիտական հարցերի ուսումնասիրության վերաբերյալ համատեղ հետազոտության հնարավոր ծրագիրը:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կայացած միջոցառման սկզբում ֆակուլտետի դեկան, փ.գ.թ., դոցենտ Ալեքսան Բաղդասարյանը ներկայացրեց բանախոսին և անդրադառնալով զեկույցի թեմային՝ ասաց. «Զեկույցը լսարանին ներկայացնելը խիստ կարևոր է: Դա կապված է ազգային ինքնության հետ: Մեր ֆակուլտետում ազգային ինքնության խնդիրները քննարկվում են տարբեր տեսանկյուններից: Հենց դրանով էլ պայմանավորված է թեմայի հանդեպ հետաքրքրությունը: Մեր էպոսը փիլիսոփայական վերլուծության երբևէ չի ենթարկվել, չնայած փիլիսոփաներից շատերը գրել են դրա մասին: Կան գրականագիտական, լեզվական, ազգագրական վերլուծություններ, սակայն սա առաջին քննական-փիլիսոփայական վերլուծությունն է: Սա ազգային էպոսի մեծ հետազոտության սկիզբն է, որը կմիավորի ոչ միայն համալսարանական, այլև հանրապետության այն ուժերը, որոնք հետաքրքրված են ազգային էպոսով»:

 

 

Ռ. Ապրեսյանը ներկայացրեց իր հետազոտությունների հիմնական արդյունքները, որոնք ուղղված էին բարոյականության ձևավորման և պատմական զարգացման ուսումնասիրությանը: Նա նշեց, որ տվյալ հետազոտություններն իրականացվել են «Ոսկե կանոնի» բարոյականության հիմնարար նյութի ուսումնասիրության հիման վրա: Դրանց շարքում առանձնացվել են հին գրական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են հին ասորեական «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ Իմաստնոյ» զրույցը, Հին և Նոր կտակարանները, Հոմերոսյան էպոսը, ինչպես նաև Արիստոտելի «Նիկոմախի բարոյագիտությունը»:

 

 

 

Խոսելով հետազոտության կարևորությունից՝ Ռ. Ապրեսյանը նշեց. «Հետազոտությունը, որն իմ կարծիքով չափազանց կարևոր է, նվիրված է «Սասունցի Դավիթ» էպոսի բարոյական-բարոյագիտական աշխարհի բացահայտմանը: Հաշվի առնելով էպոսի կարևորությունը ժամանակակից հայկական գիտակցության համար՝ կարծում եմ, որ պետք է լրացուցիչ աշխատենք այդ պատկերացումների հստակեցման և հարստացման համար։ Հարստացումը կիրականացվի՝ համակարգված բարոյական փիլիսոփայության դիրքերից: Կարևոր խնդիր է բացահայտել այն աշխարհը, որն էպոսի յուրաքանչյուր դրվագի, իրադարձության, խոսքի ետևում է»:

 

Հաշվի առնելով գրական տարբեր աղբյուրների, այդ թվում՝ Հոմերոսյան էպոսի հետ աշխատանքի իր փորձն ու մեթոդաբանությունը, պրոֆեսոր Ռ. Ապրեսյանն իր հայաստանյան գործընկերներին առաջարկեց համատեղ կատարել հետազոտական աշխատանք՝ նվիրված «Սասունցի Դավիթ» հայկական միջնադարյան էպոսի բարոյական աշխարհի ուսումնասիրությանը:

 

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Յարալյանը, խոսելով զեկույցի կարևորությունից, ընդգծեց. «Այս հանդիպումը կազմակերպվել է Ռ. Ապրեսյանի խորհրդով և կարևորվում է նրանով, որ ընդլայնվում է միջազգային համագործակցության շրջանակը: Դա կնպաստի թե՛ հայագիտության, թե՛սոցիալ-փիլիսոփայական մտքի զարգացմանը: Մենք դեռ 2016 թ.-ից ենք համագործակցում: Այն ժամանակ էլ կազմակերպել էինք առցանց կոնֆերանս, որի թեման այդ տարիներին խիստ արդիական էր»:

 

 

Զեկույցի ավարտին տեղի ունեցավ համագործակցության հնարավոր ծրագրի վերաբերյալ քննարկում:

 

Նշենք, որ միջոցառմանը հրավիրված էին նաև փիլիսոփայական հանրույթի այլ բուհերի ներկայացուցիչներ, ինչի շնորհիվ ստեղծվել էր ոլորտի մասնագետների շփման ևս մեկ հարթակ:

Այլ նորություններ
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ». ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գրետա Գասպարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի՝ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Գրետայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին։
ՄԵՏԱՂ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԹ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ՓՆՋՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ: