14.12.2021 | 
Կրթություն
ՊՐՈՖԵՍՈՐ ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊՐՈՖԵՍՈՐ ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Տամարա Գուզենկովան «ԵԱՏՄ-ն 7 տարեկան է. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր և վաղը» խորագրով բաց դասախոսություն կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների համար:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա էր նաև ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

 

 

Բանախոսին ներկայացրեց  քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արամ Սաֆարյան. «Մեկ անգամ չէ, որ Տամարա  Գուզենկովան դասախոսություն է կարդացել համալսարանականների համար,  հարկ է նշել, որ նրա դասախոսությունների թեմաները միշտ էլ արդիական և հետաքրքիր են եղել:

 

Ուստի նախատեսում ենք նմանաբնույթ հանդիպումները շարունակական և պարբերաբար դարձնել, որոնց ընթացքում ՌԴ-ից կհրավիրվեն լավագույն մասնագետներն ու փորձագետները՝ ներկայացնելու ու քննարկելու տարածաշրջանում ընթացող տնտեսաքաղաքական  գործընթացները: Այդ հանդիպումները մեզ կօգնեն հասկանալ և ճիշտ ընկալել քաղաքական, ռազմական և տնտեսական գլոբալ փոփոխությունները»:

 

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսորն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի Մայր բուհում իրեն յուրային է զգում, քանի որ բազմիցս հանդիպումներ է ունեցել համալսարանականների հետ. «Ուրախ եմ, որ կրկին ԵՊՀ-ում եմ: Այսօր ես խոսելու եմ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և դրանցում Հայաստանի՝ որպես լիարժեք անդամի ներգրավվածության մասին: Թեման, հիրավի, քաղաքական և տնտեսական տեսանկյունից բավականին արդիական է: ԵԱՏՄ-ն արդեն 7 տարեկան է, և այդ ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնք վերլուծության կարիք ունեն, ինչի արդյունքում կնախանշվի նաև հետագա գործընթացների ուղին»,- նշեց բանախոսը և ողջունեց ԵՊՀ-ում Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գործունեությունը:

 

 

Տ. Գուզենկովան ընդգծեց, որ Հայաստանն աշխարհում, Հարավային Կովկասում և ԱՊՀ տարածքում միանշանակ յուրահատուկ տեղ ու դեր ունի, քանի որ Հայաստանն առանձնահատուկ առաքելություն ունի. «Հայաստանը Ռուսաստանի պատմական և ռազմավարական գործընկերն է, և այդ առաքելությունը կարմիր գծով անցնում պետության ռազմաքաղաքական ու տնտեսական բոլոր փուլերով: Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է նաև գոյատևել ու զարգացնել ազգային ու տնտեսական դաշտն իր համար բավականին բարդ աշխարհաքաղաքական տարածքում:

 

 

 Ուստի, այդ տեսանկյունից ևս պետության վրա դրված է մեծ առաքելություն ու կարևոր պարտականություն»:

Դասախոսությունից հետո պրոֆեսորը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին:

Հավելենք, որ Տ. Գուզենկովան երկար տարիներ եղել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն ու հետխորհրդային և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների փորձագետ է: 

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ. ԵՍ ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ». ԱՍՏՂԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն-ֆրանսերեն հաղորդակցության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աստղիկ Շմավոնյանն այժմ սովորում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի Լիլլի համալսարանի կիրառական օտար լեզուների ֆակուլտետում:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը սկսում է «ՀՀ անվտանգության հիմնախնդիրները» խորագրով գիտական դասախոսությունների շարք: