09.04.2019 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՎԵՆԵՏԻԿԻ ԿԱ ՖՈՍԿԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՎԵՆԵՏԻԿԻ ԿԱ ՖՈՍԿԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
«Էրազմուս +» ծրագրի շրջանակում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնն արդեն մի քանի օր է, ինչ հյուրընկալել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալեսսանդրա Ջորջիին, որն արդեն երրորդ անգամ է այցելում ԵՊՀ:

Մեզ հետ զրույցում Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը նշեց, որ այս ընթացքում արդեն իսկ տեղի են ունեցել ուսանողների և դասախոսական կազմի փոխայցելություններ:

«Պետք է նշեմ, որ մեր համագործակցությունը սկզբնավորվել է Ալեսսանդրա Ջորջիի նախաձեռնությամբ, և հիմա արդեն «Էրազմուս +»-ի շրջանակում մենք երրորդ ծրագիրն ենք իրականացնում»,- ասաց տիկին Գասպարյանը:

 

Նա նշեց, որ «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ֆակուլտետի 19 ուսանող այցելել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարան և կարողացել է բարձր առաջադիմություն դրսևորել ուսման ընթացքում, ինչն էլ խթանել է, որ ծրագիրը շարունակական լինի:

«Նմանօրինակ համագործակցությունները շատ արդյունավետ են ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների համար, ինքս էլ եմ դասախոսություններ կարդացել Կա Ֆոսկարի համալսարանում, որոնք շատ հետաքրքիր արձագանքներ են ստացել»,- նշեց ամբիոնի վարիչը:

 

Անդրադառնալով դասախոսությունների թեմային՝ Սեդա Գասպարյանը մանրամասնեց, որ այս անգամ ուսանողներին ներկայացվել են նաև ամերիկացի լեզվաբան Նոամ Չոմսկու տեսությունները, որոնք այժմ ակտիվորեն օգտագործվում են բավականին մեծ տարածում ունեցող ճանաչողական լեզվաբանության մեջ. «Իհարկե, բոլորս էլ ընդունում ենք, որ Նոամ Չոմսկու տեսությունները վիճելի են, և ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քննադատության են ենթարկվում, բայց կարևոր է, որ ուսանողները նույնպես տեղյակ լինեն այդ տեսությունների բովանդակության մասին»:

 

Մեզ հետ զրույցում Ալեսսանդրա Ջորջին նշեց, որ տպավորված է ուսանողների լեզուների իմացության մակարդակով ՝ թե՛ անգլերեն, թե՛ իտալերեն:

«Պետք է նշեմ, որ ձեր համալսարանի ուսանողների լեզվական գիտելիքները շատ տպավորիչ են, որն էլ հեշտացնում է իմ աշխատանքը, քանի որ ինձ մնում է կենտրոնանալ միայն լեզվաբանական տեսությունները բացատրելու վրա»,- հավելեց Ալեսսանդրա  Ջորջին:

Նախատեսվում է նաև համագործակցությունը շարունակել ամառային դպրոցի ձևաչափով:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։