20.11.2019 | 
Գիտություն
«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՎ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ ԵՆ ՏԱԾՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՃԱԽ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ». ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿԱՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴ
«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՎ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ ԵՆ ՏԱԾՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՃԱԽ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ». ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿԱՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴ
Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր Նիլս-Կարե Բիրկելանդը ԵՊՀ-ում կարդացել է էքստրեմոֆիլ մանրէների մասին հերթական դասախոսությունը:

Մեզ հետ զրույցում պրոֆեսորը պատմեց երկու երկրների կրթական համակարգի, ուսանողների և Ֆրիտյոֆ Նանսենի մասին:

- Ի՞նչ կարող եք մեզ պատմել Հայաստանում ունեցած Ձեր փորձառության մասին:

- Ես նախկինում շատ բան չգիտեի Հայաստանի մասին, միայն գիտեի, որ այն նախկին Խորհրդային Միության երկրներից է:

Բայց հիմա, երբ ես ամեն տարի հնարավորություն ունեմ այցելելու Հայաստան, շատ բան եմ իմացել Հայաստանի, հայոց պատմության և մշակույթի մասին: Այդ հարցերում ինձ օգնել են իմ գործընկերները:

Կարծում եմ՝ հիմա գիտեմ, թե ինչ տրամաբանությամբ են այստեղ գործերն առաջ գնում:

Հայերը շատ հյուրընկալ են, և ես ցանկանում եմ, որ իմ նորվեգացի ընկերներն անպայման այցելեն Հայաստան:

Ինչ վերաբերում է հայոց պատմությանը, ապա ես գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, որն իրականում այնքան էլ հայտնի չէ Եվրոպայի արևմուտքում:  Ես նաև բավականաչափ ժամանակ ունեմ` ավելին իմանալու Հայաստանի կրթական համակարգի մասին:

Կարող եմ ասել, որ հայ ուսանողները հարուստ են տեսական գիտելիքներով, բայց երբ սկսում են գործնականում օգտագործել իրենց գիտելիքները, այդ ժամանակ նրանց պետք է օգնել:

 

 

- Ի՞նչ կարող եք ասել հայկական կրթական համակարգի մասին:

- Այն տարբերվում է այն ամենից, ինչին ես ծանոթ եմ եղել:

- Քանի որ մենք խոսեցինք տարբերությունների մասին, որո՞նք են հիմնական տարբերությունները հայ և նորվեգացի ուսանողների միջև:

- Ես հյուրընկալել եմ հայ շատ ուսանողների, այնպես որ կարող եմ ասել, որ նրանք աշխատասեր են: Նորվեգիայի համալսարանում ուսանողները ստանում են բանալի քարտեր և կարող են ազատ մուտք գործել շենքեր ու լաբորատորիաներ, եթե, օրինակ, ցանկանում են աշխատել աշխատանքային ժամերից հետո և հանգստյան օրերին:

 Այդ գործընթացը հանգեցնում է անվտանգության ապահովման որոշ խնդիրների. օրինակ, առանց վերահսկողության նրանք օգտագործում են քիմիական վտանգավոր նյութեր, բայց պետք է հաշվի առնել, որ նորվեգացիներն առողջության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ունեն խիստ կանոնակարգեր:

Երբեմն ուսանողները լեզվական խնդիրեր են ունենում, որոնք այդքան էլ մտահոգիչ չեն:

Նորվեգիայում ասպիրանտուրան լավ ֆինանսավորվում է կրթաթոշակներով, այսինքն՝ ուսանողները կարող են ամբողջ ժամանակը տրամադրել ուսմանը`առանց համալսարանից դուրս աշխատելու: Ես զարմացա, երբ իմացա, որ այստեղ շատերը, բացի ասպիրանտուրայում սովորելուց, պետք է աշխատեն, ինչը կյանքը բարդացնում է և դանդաղեցնում ուսումնական առաջընթացը:

Խոսելով հայ և նորվեգացի ուսանողների միջև եղած տարբերությունների մասին՝ կարող եմ ասել, որ հայ ուսանողները շատ կազմակերպված են և մեծ հարգանք են տածում դասախոսների հանդեպ, որը մենք հաճախ չենք տեսնում Նորվեգիայում:

- Մեզ կպատմե՞ք ձեր առարկայի մասին:

- Այս ծրագիրը բարձրագույն կրթական ցանցային ծրագիր է ասպիրանտուրայում և մագիստրատուրայում ուսանող ուսանողների համար:

Ծրագրի հիմնական նպատակը բարձրագույն կրթության կատարելագործումն ու արդիականացումն է, բուհերի միջազգայնացման բարձրացումը, ուսանողների միջազգային փորձի ապահովումը:

Մենք նաև ցանկանում ենք երկարաժամկետ համագործակցություն հաստատել Հայաստանի և Նորվեգիայի համալսարանների, ինչպես նաև Հայաստանի և այս տարածաշրջանի այլ երկրների միջև:

Մենք հնարավորություն ունենք ուսումնասիրություններ կատարելու Հայաստանի միջավայրում, օրինակ, տաք աղբյուրների և աղի կամ թթվային տարածքներում, իմանալու, թե ինչպիսի մանրէներ են
ապրում այնտեղ, արդյո՞ք դրանք կարող են որևէ օգուտ բերել արդյունաբերությանը կամ գյուղատնտեսությանը:

- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Ես նաև իմացա, որ Հայաստանում կա ավելորդ թղթաբանություն, ինչը դժվարացնում է իմ գործընկերների աշխատանքը:

 Մտածում եմ, որ այն մնացել է խորհրդային ժամանակներից, քանի որ նմանօրինակ համակարգեր հանդիպել եմ նաև նախկին խորհրդային երկրներում:

Բացի դրանից՝ ես շատ բան չգիտեի, թե ինչ է արել Ֆրիտյոֆ Նանսենը հայ ժողովրդի համար: Ես շատ հպարտ եմ և տպավորված, թե ինչպես են հայերը հարգում նրան:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը, որի ժամանակ հնչել են զեկուցումներ` նվիրված արդիականություն ունեցող իրավագիտական հիմնահարցերին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: