08.10.2018 | 
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը մասնակցում է «Մանրէների կենսատեխնոլոգիայի բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության ցանց» դրամաշնորհային ծրագրին:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը հայտնեց, որ ծրագրի նպատակն է հիմնադրել մասնակից երկրների համալսարանների միջև «Մետաքսի ճանապարհ» գիտակրթական ցանց, որը կձգվի Եվրոպայից մինչև Չինաստան՝ ներառելով Միջին Ասիան և Կովկասը:  

 

«Այս ծրագիրը, ըստ էության, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում արդեն երկար տարիներ գործող հիմնարար և կիրառական մանրէաբանության բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության ցանցի կատարելագործումն է՝ նոր երկրների ներգրավմամբ»,- հավելեց նա:

 

Նրա  խոսքով, ծրագրի շրջանակում նախատեսվում է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների փոխայցեր, միջազգային գիտաժողովների և ամառային դպրոցների կազմակերպում, կրթական նոր ծրագրերի մշակում և ներմուծում, ուսումնամեթոդական համատեղ ձեռնարկների հրատարակում:

 

Նշենք, որ ծրագրին դրամաշնորհ է տրամադրել Նորվեգիայի արտգործնախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության միջազգային համագործակցության կենտրոնը:

 

Դրամաշնորհային ծրագրում ընդգրկված են Նորվեգիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Չինաստանի մի շարք բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ և մանրէաբանական արտադրություններ:

 

Դրամաշնորհի հայկական կողմի համակարգող Հ. Փանոսյանը հայտնեց, որ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը կայացել է սեպտեմբերին Ղրղզստանի Ժ. Բալասագինի անվան ազգային համալսարանում:

 

 

Ծրագրի համակարգողներն աշխատաժողովի շրջանակում հանդիպել են նաև Ղրղզստանի Ժ. Բալասագինի անվան ազգային համալսարանի ռեկտորի և ղեկավար անձանց հետ, որոնք ողջունել են գիտակրթական նմանատիպ ծրագրերի մեկնարկը:

 

Դրամաշնորհային ծրագրում ընդգրկված երկրների ներկայացուցիչներն աշխատաժողովում ներկայացրել են «Մետաքսի ճանապարհ» գիտակրթական ծրագիր շրջանակում նախատեսված աշխատանքների ընթացքը, քննարկել են երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ուսանողների փոխանակման համար կազմվել է աշխատանքային պլան:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: