16.05.2018 | 
Կրթություն
ԱՅՍ ՏԱՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ԻՍԿ ԱՄԵՆԻՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ Է
ԱՅՍ ՏԱՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ԻՍԿ ԱՄԵՆԻՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ Է
«Այս պահի դրությամբ ԵՊՀ-ում գրանցվել է շուրջ 280 դիմորդ: Այս տարի ակնկալում ենք ունենալ մոտ 1500 դիմորդ: Որպես կանոն, առաջին տասն օրից հետո դիմորդները նոր սկսում են ակտիվանալ»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։

Վ. Գալստյանը նշեց, որ ըստ դիմորդների հայտերի՝ այս պահի դրությամբ ամենապահանջված մասնագիտությունն ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան է։

 

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա բակալավրիատի դիմորդների դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլը մեկնարկել է մայիսի 5-ից, որը կտևի մինչև հունիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում դիմում են դպրոցների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները։

 

Դիմում հայտերի ընդունելության երկրորդ փուլը կսկսվի հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ, որին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները, այս տարվա գարնանային-ամառային զորակոչից զորացրված դիմորդները, արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիները։

 

Վ. Գալստյանը հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի դիմորդը կարող է հայտագրել երկու անվճար և ութ վճարովի տարբեր մասնագիտություններ: Նրա խոսքով, ընդունելությունը կիրականացվի 52 կրթական ծրագրերի ուղղությամբ:

 

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի հատկացվել են 2870 վճարովի և 339 անվճար տեղեր, որոնցից 38-ը նախատեսված են բանակից զորացրված դիմորդների համար:

 

«Անցած տարի հանրապետությունում ունեինք մոտ 20 հազար շրջանավարտ, իսկ այս տարի այդ թիվը կրկնակի նվազել է, ունենք շուրջ 9600 շրջանավարտ: Այս տարի նվազել է նաև միասնական համակարգով ԳԹԿ-ում հայտագրված դիմորդների թիվը: Անցած տարի միասնական համակարգով ԳԹԿ-ում հայտագրված է եղել մոտ 9600 դիմորդ, իսկ այս տարի՝ 4500 դիմորդ: Դիմորդների նվազման պատճառը 12-ամյա կրթական համակարգի անցումային տարին է»,- ասաց բանախոսը և հավելեց, որ դրական գնահատականներ ստացած բոլոր դիմորդները կընդունվեն, սակայն անվճար ընդունված դիմորդներին այս ուստարում տարկետման իրավունք չի տրամադրվի:   

 

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը հայտնեց, որ միասնական քննություններով ընդունելության մրցույթին մասնակցում են շուրջ 80 պետական և մասնավոր բուհեր, որտեղ անվճար ու վճարովի տեղերի թիվը հասնում է շուրջ 20 հազարի։  

 

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համար անվճար տեղեր չեն հատկացվել, քանի որ ՊՆ-ի կողմից իրականացվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը։

 

Խոսելով ԵՊՀ ուսման վարձերի մասին՝ Վ. Գալստյանը նշեց, որ Մայր բուհում ուսման վարձերը չեն թանկացել, մնացել են նույնը։

 

Բանախոսը ընդգծեց՝ ընդունելության դաշտը, այնուամենայնիվ, հանրապետությունում միասնական չէ։

 

«Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանները տարվա ընթացքում առանձին կազմակերպում են ընդունելություն իրենց բուհի նախապատրաստական կուրսերից։  Ընդունելության դաշտը հավասար մրցակցային չէ, որից տուժում են ՀՀ պետական բուհերը: Հուսով ենք, որ ՀՀ նոր ձևավորված կառավարությունը հավասար պայմաններ կստեղծի ՀՀ բոլոր բուհերի համար, և ՀՀ գործող բոլոր բուհերի քննությունները կանցկացվեն միասնական ձևաչափով»,- ասաց նա։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

 

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել պետական շահով և աշխատաշուկայի տված հնարավորություններով»:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին: