Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցության շրջանակներում: Այս և հաջորդող երկու օրերին այն անցկացվելու է «IBM» տեխնոլոգիական լուծումներով համալրված «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում:
Սեմինար-դասընթացի մասնակիցներին ողջունեցին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն ու«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անի Նահապետյանը: Նրանք նշեցին, որ այս միջոցառմամբ կարևոր համագործակցության սկիզբ է դրվում, որը նպաստելու է որակյալ կադրեր վերապատրաստելու գործընթացին:
«Նախագծերի կառավարում» խորագրով դասընթացի առաջին օրը միջազգային որակավորված նախագծերի կառավարման մասնագետ Միքայել Նշանյանը խոսեց դասական նախագծերի կառավարման մասին, թե ինչպես պետք է հաջողության հասնել, ինչ գործիքներ կիրառել և այլն:
Պարոն Նշանյանն անդրադարձավ նախագծի հաջողության չափանիշներին։ Նա նշեց, որ այն պետք է ավարտել ժամանակին, չգերազանցել սահմանված բյուջեն, իրականացնել համաձայնեցված աշխատանքների ամբողջ ծավալը, ինչպես նաև ստեղծված արդյունքը պետք է գոհացնի պատվիրատուին և լինի օգտագործման համար պիտանի։
«Յուրաքանչյուր նախագիծ մշակելիս պետք է մտածել նաև վաղվա օրվա մասին: Նախագիծն իրականացնողն ու պատվիրատուն պետք է լուրջ բանակցեն, որպեսզի զերծ մնան հետագա խնդիրներից: Պետք է հաշվի առնել նաև շուկայի պահանջարկը, այն ներկայացնել պատվիրատուին: Նախաձեռնությունների միայն 30%-ն է ամբողջ աշխարհում հաջողության հասնում, և դա այն պարագայում, երբ աշխարհի զարգացած երկրներում կառավարումը դարձել է աշխատանքային լուրջ գործիք։ Այդ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն է միտված նաև մի քանի տասնյակ համալսարաններում մագիստրոսական ծրագրերի ստեղծումը»,- ասաց պարոն Նշանյանը:
Բանախոսը բերեց նաև հաջողության հասած և չհասած, ինչպես նաև նախատեսված և իրականացված ծրագրերի մի շարք օրինակներ միջազգային փորձից ՝ համեմատելով դրանք տեղական ծրագրերի հետ:
Նախագծերի գործնական կառավարման հիմնական և խորացված դասընթացների շրջանակներում մասնակիցներն այս և հաջորդող երկու օրերին ձեռք կբերեն նաև գործնական գիտելիքներ թիմային և անհատական նախագծերի կառավարման վերաբերյալ, կբացահայտեն հաջողված նախագծերի կառավարման գաղտնիքները, կծանոթանան դրանց կառուցվածքին, ժամանակացույցի կազմմանը, վերահսկմանը և կզարգացնեն մասնագիտական հմտությունները:
Տեղեկացնենք նաև, որ սեմինար-դասընթացի ամենաակտիվ մասնակիցներին ծրագրի ավարտին տրամադրվելու են հավաստագրեր: