15.03.2017 | 
Ուսանողական
«ԻՄԱՍՏ ԴՐԵ՛Ք ԱՅՆ ԱՄԵՆԻ ՄԵՋ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՔ»
«ԻՄԱՍՏ ԴՐԵ՛Ք ԱՅՆ ԱՄԵՆԻ ՄԵՋ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՔ»
Այսօր ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հաջողության նախագիծ» ծրագրի հերթական սեմինար-դասընթացը:

Այն վարում էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Հաջողության նախագիծ» ծրագրի՝ կրթության թեմայով դասախոսությունների շարքի հերթական դասընթացը կրում էր «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագիրը:

 

Սերոբ Խաչատրյանը հանդիպման սկզբում նշեց, որ չի խոսելու կրեդիտների կամ ընթացիկ քննությունների մասին:

 

«Ուսանողների համար կարևոր չէ՝ ինչ է գրված ծրագրերում, կարևոր է, որ դասախոսը լսարան մտնելիս լինի այդ ծրագրի գաղափարի կրողը»,- փաստեց բանախոսը:

 

Փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոսն իր խոսքում կարևորեց կրթության դերը. «Կրթությունը մեզ մոտ ծանր վիճակում է ոչ թե ֆինանսական խնդիրների պատճառով, այլ այն պարզապես կորցրել է իր իմաստը»: Բանախոսը ուսանողներին խորհուրդ տվեց իմաստ դնել այն ամենի մեջ, ինչ նրանք անում են:

 

«Գուցե տարօրինակ թվա, բայց ուզում եմ ձեզ մի խորհուրդ տալ՝ շատ մի՛ սովորեք»,- դիմելով ուսանողներին՝ ասաց Սերոբ Խաչատրյանը և հավելեց, որ պետք է ոչ թե շատ, այլ խորը ու միշտ սովորել:

 

Ըստ բանախոսի՝ այսօր մենք ունենք զանգվածային այնպիսի մշակույթ, որը մարդուն ավելի քիչ տանջվելու հնարավորություն է տալիս, իսկ մարդ ծնվելու ամենակարևոր իմաստն այն է, որ կարող ես ստեղծել մի բան, որը դեռ չկա. «Փորձե՛ք գնալ դժվար ճանապարհով, որովհետև այն ավելի արժեքավոր է, կայուն ու մնայուն»:

 

«Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակում անցկացվող տարբեր թեմաներով դասախոսությունները կշարունակվեն ուսումնական տարվա ընթացքում:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: