10.02.2021 | 
Կրթություն
ՎԻՇՏԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է. ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐ ՅՈՒՐԵ ԲԻԵՀՈՆՍԿԻԻՆ ԵՎ ՄԵԼԼԻ ԼԵՅՆԻՆ
ՎԻՇՏԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է. ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐ ՅՈՒՐԵ ԲԻԵՀՈՆՍԿԻԻՆ ԵՎ ՄԵԼԼԻ ԼԵՅՆԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում մեկնարկել է «Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» խորագրով դասընթաց:

Միջոցառումն անցկացվում է Երևանի պետական համալսարանի (համակարգող՝ ԵՊՀ մշակույթի կենտրոն), «Լոգոս» հոգեբանական խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի և Հայկական հոգեբանական ակադեմիայի ակտիվ համագործակցությամբ:
Դասընթացին ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, տարբեր բուհերից բազմաթիվ ուսանողներ:

 


Տեսակով և բովանդակությամբ աննախադեպ այս դասընթացի ընթացքում առաջին անգամ Հայաստան են ժամանել տրանսպերսոնալ հոգեբանության և հիպնոթերապիայի միջազգային դպրոցի հիմնադիր, տրանզակցիոն հիպնովերլուծության հեղինակ, պրակտիկ հոգեբան, արտ թերապևտ, պատերազմական իրադրություններում խորհրդատվության և թերապիայի մեծ փորձ ունեցող հոգեթերապևտ Յուրե Բիեհոնսկին և հոգեբան-խորհրդատու Մելլի Լեյնը։


Դասընթացների նպատակն է վերապատրաստել հայաստանյան հոգեբաններին և հոգեբույժներին, որպեսզի նրանք կարողանան ժամանակակից մոտեցումներով մասնագիտական աջակցություն ցուցաբերել բնակչությանը և այն ընտանիքներին, որոնք տուժել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով:


Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ դասընթացների անցկացումը հետպատերազմյան Հայաստանում. «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մեր երկրի համար շատ ծանր հետքեր թողեց, սակայն ամենածանր իրավիճակում հայտնվեցին այն ընտանիքները, որոնք պատերազմի ընթացքում զոհեր և վիրավորներ ունեցան»:


Տիկին Դավթյանի խոսքով, դեռևս «Սփյուռք» ամառային դպրոցի ընթացքում կազմակերպված դասընթացի ժամանակ ձեռք բերված համագործակցության շնորհիվ Տալինի հայկական համայնքը դիմեց ԵՊՀ մշակույթի կենտրոնին հայրենակցներին օգնելու ցանկությամբ, և մեկնարկեց «Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» դասընթացը. «Մեր թրեյնինգներին արդեն իսկ միացել են հայտնի հոգեբաններ, հոգեբանական ծառայություններ մատուցող կենտրոններ, բարձր կուրսերի ուսանողներ՝ ոչ միայն ԵՊՀ-ից»:


Կարինե Դավթյանը լիահույս է, որ Յուրե Բիեհոնսկիի և Մելլի Լեյնի միջազգային որակավորում ունեցող նման մասնագետների շնորհիվ մեր հոգեբանները կկարողանան նոր մասնագիտական մեթոդներ սովորել և հմտություններ ձեռք բերել՝ հետագայում օգնելով ընտանիքներին հաղթահարել հետպատերազմյան վիշտը:

 


«Հայաստան հրավիրված մասնագետներն արդեն 30 տարի ծավալած մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումների շնորհիվ արդեն իսկ վայելում են միջազգային հանրության ճանաչումն ու սերը»,- շեշտեց տիկին Դավթյանը:
Յուրե Բիեհոնսկին և Մելլի Լեյնին իրենց ողջույնի ելույթում նշեցին, որ կարևոր առաքելություն է իրենց համար այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայերի կողքին գտնվելը, վշտակից լինել ու օգնել հաղթահարել հոգեբանական տրավմատիկ մարտահրավերները:

 


Տեղեկացնենք, որ հյուրերը Հայաստան են ժամանել Էստոնիայի հայկական միության ակտիվ ներկայացուցիչների աջակցությամբ, և մեր հայրենակիցների շնորհիվ դասընթացներն անցկացվելու են անվճար:
ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող դասընթացների ժամանակ լինելու են վեցօրյա տեսական և գործնական դասընթացներ՝ օրական 6-8 ժամ տևողությամբ։

 

 Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՄԱՐՏԻ 15-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌԿԱ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի որոշմամբ, մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր ուսանողների համար կազմակերպվել էր բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական վերահսկողության հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություն: