17.02.2021 | 
«ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ԶԳԱԼ». ԱՎԱՐՏՎԵՑ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՎՄԱՅԻ, ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՎՇՏԻ ՀԵՏ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
«ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ԶԳԱԼ». ԱՎԱՐՏՎԵՑ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՎՄԱՅԻ, ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՎՇՏԻ ՀԵՏ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ փետրվարի 10-ին մեկնարկած՝ «Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» խորագրով դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվել է Երևանի պետական համալսարանի (համակարգող՝ ԵՊՀ մշակույթի կենտրոն), «Լոգոս» հոգեբանական խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի և Հայկական հոգեբանական ակադեմիայի ակտիվ համագործակցությամբ:

Աննախադեպ այս դասընթացի շրջանակում առաջին անգամ Հայաստան ժամանած հոգեթերապևտ Յուրե Բիեհոնսկին և հոգեբան-խորհրդատու Մելլի Լեյնը վերապատրաստեցին  հայաստանյան հոգեբաններին և հոգեբույժներին, որպեսզի նրանք կարողանան ժամանակակից մոտեցումներով մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով տուժել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից:

Դասընթացի փակման արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը, Էլինա Ասրիյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, բազմաթիվ հյուրեր և ուսանողներ:

Միջոցառման սկզբում Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ցուցաբերած մասնակցության և հետաքրքրության համար:

Խոսելով այս բացառիկ միջոցառման կարևորության մասին՝ Կարինե Դավթյանն առանձնահատուկ նշեց, որ այս ընթացքում մի հետաքրքիր բացահայտում է եղել. դասընթացի հյուրերից պարոն Յուրե Բիեհոնսկին արմատներով հայ է:

Բացի դրանից՝ նա շեշտեց, որ շատ հատկանշական էր նմանատիպ կարևոր միջոցառման անցկացումը հենց այս ժամանակ, երբ Հայաստանում ապրող շատ ընտանիքներ հոգեբանական աջակցության և մասնագիտական խորհրդատվության կարիք ունեն:

Հյուրերին ողջունեց ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, որը խորին շնորհակալություն հայտնեց հյուրերին ցուցաբերած մասնագիտական բարձր հմտությունների համար:

 

«Դասընթացի առաջին օրը մասնակիցների հայացքներում կասկած էի նկատում,- ասաց Էլինա Ասրիյանը,- բայց հիմա ես վստահ կարող եմ ասել, որ բոլորի դեմքին կա բավարարվածություն, ինչի համար ես առաջին հերթին շնորհակալ եմ մեր հյուրերին»:

ԵՊՀ պրոռեկտորը հավելեց նաև, որ այս ընթացքում դասընթացի մասնակիցները հարստացել են արժեքավոր գիտելիքով և փորձով, ինչի մասին են վկայում երախտիքի խոսքերը, որ նրանք հայտնում են կազմակերպիչներին. «Գիտելիքը միակ սեփականությունն է, որը ոչ ոք չի կարող ձեզնից խլել, և ես վստահ եմ, որ դուք պատրաստ եք կիսվել այդ հարստությամբ նաև մյուսների հետ»:

Ելույթով հանդես եկավ և ներկաներին շնորհակալագրեր հանձնեց ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

 

Նա կարևորեց դասընթացն ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ԵՊՀ-ն միշտ պատրաստ է հյուրընկալել նմանատիպ բարձրակարգ մասնագետների:

Վերջում Ա. Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնին միջոցառման ողջ ընթացքում որակյալ թարգմանություն ապահովելու համար:

Դասընթացի մասնակիցներից Տիգրան Մնացականյանը, որը կառավարման հոգեբանության մասնագետ է, դրական գնահատեց դասընթացի նշանակությունը ոչ միայն մասնագիտական, այլև անձնական տիրույթում:

Շնորհակալություն հայտնելով նմանատիպ դասընթացի կազմակերպման համար՝ Տիգրան Մնացականյանը նշեց, որ այս դասընթացն աշխատանք էր առաջին հերթին իրենց անձի հետ. «Դասընթացը մեզ ոչ միայն նոր գիտելիքներ և մասնագիտական մոտեցումներ տվեց, այլև հյուրերի մասնագիտական հմտությունների շնորհիվ մենք կարողացանք ավելի լավ ճանաչել ինքներս մեզ՝ որպես մասնագետներ հետագայում ուրիշներին օգնելու համար»:

 

Միջոցառման փակման արարողության ժամանակ կամավորական աշխատանքներ կատարած դասախոսները և ուսանողները պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ դասընթացի մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:

Մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին և կամավորներին տքնաջան աշխատանքի ու կազմակերպչական բարձր որակի համար:

Հայաստան ժամանած հոգեթերապևտ Յուրե Բիեհոնսկին և հոգեբան-խորհրդատու Մելլի Լեյնը նույնպես տպավորված էին այցից և խոստացան կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ առանձնահատուկ կապ է ստեղծվել իրենց ու Հայաստանի միջև. «Մեր միակ կոչն ու հորդորն է բոլորին՝ չվախենալ զգալ այն, ինչ զգում եք»:

«Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» խորագրով դասընթացների փակման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները:

Նրանք հնչեցրել են հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետից, Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Չայկովսկու «Դոն Ժուան» օպերաներից, ինչպես նաև հանդես եկել այլ կատարումներով:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառման ավարտին հնչեցվել է ՀՀ հիմնը հյուրերի խնդրանքով. «Սովորաբար մեր բոլոր միջոցառումները մեկնարկում են ՀՀ հիմնով, սակայն հաշվի առնելով, որ մեր հյուրերը տարբեր ազգության են, մենք երկմտում էինք և որոշեցինք չհնչեցնել: Եվ ինչքան մեծ էին մեր զարմանքը և ոգևորությունը, երբ հենց նրանք խնդրեցին հնչեցնել հիմնը, որը լսեցին մեծ հուզմունքով»:

 

Հիշեցնենք, որ հյուրերը Հայաստան էին ժամանել Էստոնիայի հայկական միության ակտիվ ներկայացուցիչների աջակցությամբ, և մեր հայրենակիցների շնորհիվ դասընթացներն անցկացվել են անվճար: