15.11.2019 | 
Կրթություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ԵՎ ԵՊՀ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ԵՎ ԵՊՀ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին, իսկ Երևանի թիվ 190 դպրոցը՝ ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտներ Ռուբեն Մովսեսյանին և Հարություն Մովսիսյանին։

Նշենք, որ մասնագիտական կողմնորոշման նպատակով այցը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։

ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտներն ավագ դասարանների ավելի քան 100 աշակերտի համար դասախոսություններ են կարդացել «Հանքաարդյունաբերությունը և բնապահպանությունը ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում աշակերտներին տեղեկություն է տրվել ՀՀ-ի ընդերքի, հանքերի ու դրանց շահագործման, բնությանը հասցրած հնարավոր վնասների ու դրանք նվազագույնի հասցնելու մասին։



Հարցուպատասխանի միջոցով թիվ 190 դպրոցի բարձրդասարանցիներն իմացան նաև բնապահպանական կազմակերպությունների ու դրանց գործունեության մասին։

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնում թիվ 4 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների համար «Քարոլորտ» թեմայով դասախոսություն կարդաց ամբիոնի դոցնետ Սամվել Առաքելյանը։

Նա ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի անվան Հայաստանի երկրաբանության կաբինետ-թանգարանում ինտերակտիվ դաս անցկացրեց աշխարհի երկրակեղևի մասին՝ տեղեկացնելով, որ մայրցամաքային երկրակեղևի առավելագույն հաստությունը 80 կմ է, և այն կազմված է երեք շերտից՝ նստվածքային, գրանիտային, բազալտային:



Բանախոսը պատմեց նաև երկրակեղևի ուսումնասիրության մասին՝ նշելով, որ մեթոդներից մեկն էլ երկրաբանական փորվածքներն են՝ հորատանցքերը։

«Ամենամեծ հորատանցքը փորվել է Ռուսաստանի Կոլայի թերակղզում։ Աշխատանքները տևել են 7-8 տարի, ինչի շնորհիվ հորատանցքի խորությունն այսօր հասնում է 12,5 կմ-ի»,- նշեց Ս․Առաքելյանը։

Բանախոսը խոսեց նաև աշխարհագրական տարատեսակ գոտիների մասին՝ պատասխանելով աշակերտների հարցերին։

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ․ «ՏՕՊԱՍ» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «ՏՕՊԱՍ»-ի (TOPAS- From Theoretical-Oriented to Practical education in Agrarian Studies) «Տեսական ուղղվածությունից գործնական կրթությանը նվիրված Ագրարային կրթության» ծրագրի հերթական խորհրդակցությունը։
 «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։