27.03.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԵՐԵՔ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԻՐԵՆՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ ԵՐԵՔ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԻՐԵՆՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության ու եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներ:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տնտեսագիտական հոսքի աշակերտներին դիմավորեց ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ Աննա Մկրտչյանը:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ասիստենտը նշեց, որ նմանաբնույթ այցերը շատ ողջունելի են, քանի որ դրանք նպաստում են, որ աշակերտները գիտակցված ընտրեն իրենց մասնագիտությունը և նպատակաուղղված գան համալսարան: «Աշակերտը պետք է հասկանա, որ գալիս է բուհ՝ ստանալու այն գիտելիքը, որն ապագայում իրեն հաջողություն է բերելու»,- ասաց նա և հավելեց, որ ուսանողը չպետք է անտարբեր լինի կրթության նկատմամբ:  

 

Աննա Մկրտչյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը և կառուցվածքը, իսկ ավելի մանրամասն պատմեց, թե ինչ մասնագետ է պատրաստում իրենց ամբիոնը: «Տնտեսագետը պետք է կարողանա այնպես կառավարել տնտեսությունը, որպեսզի երկիրը հասնի հաջողության և ունենա զարգացած տնտեսություն, իսկ մեր ամբիոնի նպատակն է պատրաստել լավ կառավարիչներ: Կառավարիչը պետք է կարողանա այնքան լավ հասկանալ կազմակերպության գործունեությունից, որ այն հասնի մեծ հաջողությունների»,- ասաց նա:

 

 

«Հերացի» ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր կարևոր է բուհ-դպրոց համագործակցությունը, քանի որ այն իսկապես օգնում է աշակերտին մասնագիտության ընտրության հարցում: «Շատ ողջունել է, որ աշակերտները հնարավորություն են ունենում ծանոթանալու այն ֆակուլտետի կրթական ծրագրերին, որտեղ հետագայում ցանկություն ունեն ուսումը շարունակել: Այդպես աշակերտներն ավելի քաջատեղյակ են մուտք գործում բարձրագույն կրթական համակարգ»,- հավելեց նա:

 

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում «Հերացի» ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտներին հյուրընկալեց ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը: Հանդիպման ընթացքում դեկանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերում իրականացված փոփոխությունները:

 

 

«Մեր ֆակուլտետի ուսանողներն այսուհետ առաջին իսկ կուրսից հավասարապես խորապես սովորելու են երկու օտար լեզու, ինչպես նաև հաղորդակցման տեսական և գործնական հմտություններ: Այս փոփոխությունը հնարավորություն կտա մեր ֆակուլտետի շրջանավարտներին գերազանց տիրապետելու երկու օտար լեզվի, ինչպես նաև հաղորդակցման հմտություններին: Մենք այժմ կարևորում ենք գործնական հմտությունների զարգացումը, քանի որ նախկինում ուշադրությունն ավելի շատ կենտրոնացված էր տեսական առարկաների վրա»,- ներկայացրեց նա:

 

 

Սամվել Աբրահամյանի խոսքով, այսօր ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում և գերազանց սովոելու դեպքում կարող են իրենց տեղը հեշտությամբ գտնել աշխատաշուկայում:

 

«Հերացի» ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները եղան նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

 

Նրանք ֆակուլտետի Դատական նիստերի դահլիճում հանդիպեցին Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի հետ, որը ողջունեց աշակերտներն ու կարճ ներկայացրեց իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունները։ Պարոն Գաբուզյանը պատմության մեջ եղած իրական օրինակներով պատմեց իրավագիտության մեջ հանցագործին բացահայտելու տարբեր ոչ իրավական մեթոդների մասին։

 

 

«Ժամանակին կար տեսություն, ըստ որի, որպես կանոն, գողություն կատարող մարդիկ ունեն երկար վերջույթներ, հիմնականում շիկահեր են ու կապուտաչյա։ Սպանություն կատարողների ականջները կամ շատ մեծ են, կամ շատ փոքր»,-պատմեց պարոն Գաբուզյանը։

Նա խոսեց նաև այն տեսության մասին, համաձայն որի՝ հանցանքը կատարվում է հանցագործի սոցիալիզացիայում տեղ գտած խեղումների պատճառով, օրինակ, երբ ծնողի ու երեխայի միջև բացակայում է հուզական կապը։

 

Աշակերտները բավականին ոգևորված էին լսում բանախոսին, որը պատասխանում էր նրանց բոլոր հարցերին։

 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից ամիսներ շարունակ իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի մասին պատմում է նրա ուսանողը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Հենզել Մանուչարյանը: