17.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ
«Մենք անընդհատ խոսում ենք Թուրքիայի մասին, իսկ թուրքերը` Հայաստանի, սակայն իրար հետ չենք երկխոսում: Գու՞ցե երկխոսությունը սկսենք կինոյի լեզվով»:

Այսպես է կարծում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը, ով մարտի 17-ին ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Երեւանում մեկնարկած թուրք երիտասարդ ռեժիսորների 86 րոպե տեւողությամբ ֆիլմաշարը (7 ֆիլմ), որը ընդգրկված է «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնում:

 

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «23,5» փառատոնի ֆիլմերն արդեն ներկայացրել է Երեւանի, Նոյեմբերյանի եւ հարակից սահմանամերձ գյուղերի բարձր դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին, ինչպես նաեւ Հայաստանի բուհերի ուսանողներին, ում կարծիքներն օգտագործելու են փառատոնի միակ անվանակարգի` «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի քվեարկության ժամանակ:

 

«Մենք «Դալգա» ուսանողական կազմակերպության հետ համատեղ սերտ համագործակցում ենք ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի, Վրաստանի, Աբխազիայի, Թուրքիայի, Ադրբեջանի ուսանողների հետ: Գաղտնիք չէ, որ ուսանողներն են մեր հասարակության հիմնասյունը, ինչու չէ` նաեւ մեր ամուր ապագան: Պատահական չէ, որ ընտրել ենք ԵՊՀ-ի հոգեբան ուսանողներին, քանի որ ցանկանում ենք երիտասարդ հոգեբանների ձայնը լսելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում»,- ասում է Գեորգի Վանյանը:

 

Գեորգի Վանյանը նշեց նաեւ, որ փառատոնի ավարտից հետո Հայաստան է ժամանելու թուրք-ադրբեջանական աշխատանքային հանձնախումբը, որպեսզի Թուրքիայում եւ Ադրբեջանում լուսաբանի Հայաստանի հետ համատեղ գործունեությունը, ընդ որում, հայկական կողմը պետք է նախապատրաստվի 2009 թվականի աշնանը Ստամբուլի Բոսֆորի համալսարանում կայանալիք «23,5» փառատոնի շրջանակում տեղ գտած հայկական ֆիլմերի փառատոնին: «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնի ֆիլմերը` «Ցախը», «Երբ ջարդված է սառույցը», «Դատարկ գլուխներ», «Կապիտալ-իստ-անբուլ», «Լռություն», «Աջաբա», «Հրանտ/ֆիրաթ», ներկայացնում են Թուրքիայի առօրյան, պատմում են թուրքերի` իրենց երկրում սոցիալական, ինչպես նաեւ հասարակական դերի ու նշանակության մասին:

 

Վերջին ֆիլմը` «Հրանտ/ֆիրաթ»-ը , նկարահանվել է երիտասարդ ռեժիսոր Ալի Բեթիրի կողմից, որը պատմում է Հրանտ Դինքի մասին եւ սկսվում է նրա խոսքերով. «Եթե անգամ աղավնուն ոսկե սկուտեղի վրա տեղահան անեն, այնուամենայնիվ, նա կտրվում է իր նախահիմքերից»: Այս փառատոնի շրջանակում հայտարարված է նաեւ «Լավագույն հոդված» մրցույթը հետեւյալ թեմաներով` «Հրանտ Դինքը չորրորդ ուղու հայելի» եւ «Ինչի՞ մասին ենք լռում»: Ցանկացողները մինչեւ ապրիլի 15-ը կարող են ուղարկել իրենց հոդվածները ombudsman@southcaucasus.com էլեկտրոնային հասցեին:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 11 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում երաշխավորված գիտական թեմաների ցանկը, ըստ որի՝ ֆինանսավորվելու է ԵՊՀ-ի կողմից ներկայացված 11 թեմա:
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը: