08.12.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
«ՀՈՒՅՍ ԱՐՏԱՀԱՆՈՂԸ»
«ՀՈՒՅՍ ԱՐՏԱՀԱՆՈՂԸ»
«Ամենաթանկ ու կարեւոր բանը, որ արտահանում է ԱՄՆ-ն, հույսն է»,- վստահեցնում է քաղաքագիտության պրոֆեսոր Գրեգորի Գլիսոնը:

Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արտառոց դաս էր: Լսարանում հավաքվել էին ուսանողներ ֆակուլտետի գրեթե բոլոր կուրսերից: Դասախոսում էր Ջորջ Մարշալի անվան Եվրասիայի անվտանգության հարցերի հետազոտության եվրոպական կենտրոնի պրոֆեսոր Գրեգորի Գլիսոնը: Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Նյու Մեքսիկոյի համալսարանում քաղաքագիտություն դասավանդող Գլիսոնը հաճույքով ընդունել է ֆակուլտետի դասախոս Գուրգեն Հարությունյանի հրավերը, ով ժամանակին վերապատրաստվել է Ջորջ Մարշալի անվան կենտրոնում:

 

Գրեգորի Գլիսոնը, ներկայացնելով ԱՄՆ-ի արտահանման քաղաքականությունը, նշեց, որ անցյալում, այսօր եւ ապագայում նույնպես, ԱՄՆ-ի կողմից արտահանվող ամենաթանկ «ապրանքը» հույսն է: Ըստ քաղաքագետի` հենց հույս եւ ժողովրդավարություն է տարածում ԱՄՆ-ն` ի բարօրություն մեր մոլորակի ժողովուրդների: «Հաճախ նմանօրինակ հանդիպումներից հետո ուսանողները բողոքում են, թե հյուրերը երբեք հստակ չեն պատասխանում իրենց ուղղված հարցերին եւ, որպես կանոն, դիվանագիտական պատասխաններ են տալիս: Կարծում եմ` դա բոլորովին էլ բողոքի տեղիք տվող հարց չէ: Նրանք լուրջ դիվանագետներ են, մասնագետներ, որոնք առանց խոսքի արվեստի ոլորտում գործել պարզապես չեն կարող»,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկ Խաչատրյանը:

 

Նա վստահ է` գիտահետազոտական նման կենտրոնի ներկայացուցչի հետ հանդիպումն ու կարճատեւ զրույցն անգամ շատ բան կարող է տալ ապագա մասնագետներին: Իսկ զրույցը բոլորովին էլ կարճ չէր: Պրոֆեսորը նախ ներկայացրեց ԱՄՆ-ին եւ նրա վարած արտաքին քաղաքականությանն առնչվող տեղեկություններ, ապա պատասխանեց ուսանողների հարցերին: Քաղաքագետը պատասխանում էր հաճույքով եւ մանրամասն, բայց եւ շարունակ հիշեցնում. «Ես բացառապես իմ կարծիքն եմ ներկայացնում: Իմ պատկերացումներն ու մասնագիտական վերաբերմունքն ԱՄՆ-ի` այս տարածաշրջանում վարած արտաքին քաղաքականության մասին ես բացահայտ ներկայացնում եմ նաեւ իմ գրքերում:

 

Ու այժմ էլ, թեպետ, դասախոս լինելուց բացի, ԱՄՆ պետության ներկայացուցիչ եմ, սակայն մեր զրույցի ժամանակ պաշտոնական կարծիք չեմ ներկայացնում»,- պարբերաբար շեշտում էր Գրեգորի Գլիսոնը: Քաղաքագետ Գլիսոնը առավել խորը ուսումնասիրել է Կենտրոնական Ասիայի երկրներն ու Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը: Նա այնպիսի աշխատությունների հեղինակ է, ինչպիսիք են` «Ֆեդերալիզմ եւ ազգայնականություն. հանրապետությունների իրավունքների համար պայքարը ԽՍՀՄ-ում», «Կենտրոնական Ասիայի երկրները. բաց անկախություններ», «Շուկաներն ու քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում»: Մեկ դասաժամ տեւած դասախոսություն-զրույցն ավարտվեց նոր հանդիպումների ակնկալիքով:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։