13.04.2007 | 
Կրթություն
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
«Եթե դուք որոշեք նոր խումբ ձեւավորել, ի՞նչ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեք դրա համար»:

Այս առաջադրանքը տրվեց Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողներին: Ապրիլի 12-ին «Խմբային թերապիայի եւ խմբային խորհրդատվության խնդիրներն ու առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն էր կարդում ԱՄՆ Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր Արթուր Հորնը:

Բաց հասարակության ինստիտուտի բարձրագույն կրթության աջակցման ծրագրի Ակադեմիական կրթաթոշակներ ծրագրի (ԱԿԾ) շրջանակներում ֆակուլտետի կիրառական հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ սեմինար-քննարկումների շարք էր կազմակերպվել: Այն նվիրված էր խմբային թերապիայի եւ խմբային խորհրդատվության հարցերին:

Սա պրոֆեսոր Հորնի երրորդ այցելությունն էր ԵՊՀ: Նախորդ սեմինարների ընթացքում ներկայացվել եւ քննարկվել էին ընտանեկան թերապիայի, ընտանեկան կոնֆլիկտների դեպքում հոգեբանական միջամտության տեսությունների եւ մոդելների վերաբերյալ հարցեր: Վերջին սեմինարը նախորդների տրամաբանական եւ թեմատիկ շարունակությունն էր:

Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Սեդա Արշակյանն այնքան էլ խանդավառված չէր այս սեմինարով. «Մենք առաջին անգամ ավելի հաճույքով մասնակցեցինք. ակնկալիքները մեծ էին: Սակայն ավարտից հետո պարզ դարձավ, որ ըստ արտասահմանցի դասախոսների` մենք տեսականի կարիք ունենք: Այնինչ մենք ուզում ենք գործնական մասի վրա կենտրոնանալ եւ հրավիրված դասախոսներից պրակտիկ գիտելիքներ ստանալ»:

Արթուր Հորնը հոգեբանության երկու` կիրառական հոգեբանության ու հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնների դասախոսների ու աշխատակիցների համար ներկայացրել է կրեդիտային համակարգի մասին ուսումնասիրություն, որին հաջորդել է ակտիվ քննարկում ուսումնական ծրագրերի գնահատման, պարտադիր եւ ընտրողական առարկաների համատեղության, դասախոսի աշխատանքային ծանրաբեռնվածության, ուսուցման եւ հետազոտման համակցման կարեւորության եւ այլ խնդիրների շուրջ:

Հյուրը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետին որոշ տեսաերիզներ եւ մասնագիտական գրքեր նվիրեց:

Այլ նորություններ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակում այսօր օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված իրավաբանական կլինիկական կրթության զարգացմանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները: