07.05.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ
ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ
Տնտեսագետ ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում:

Այսօր այդ մասին ավելի մանրամասն պատմելու, աշխատաքային հեռանկարները ներկայացնելու եւ ուսանողներից հայտեր ստանալու համար Կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ Հովհաննես Սահակյանը եւ Կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական Վիգեն Կտիկյանը հանդիպեցին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների հետ:

 

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը նշեց, որ հանդիպման նպատակը Կառավարության աշխատակազմը երիտասարդ կադրերով համալրելն է. «Հանդիպման առաջարկը եւ նախաձեռնությունը հենց իրենցն է, իսկ մենք որոշել ենք միայն անցկացման ձեւաչափը»: Կառավարության պաշտոնյաները բացատրեցին, որ ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի` ուսանողը` որպես քաղծառայող, չի կարող միանգամից կառավարությունում աշխատանքի ընդունվել, քանի որ դեռեւս չի համապատասխանում բոլոր պարտադիր չափանիշներին:

 

Ուստի նա պետք է փորձաշրջան անցնի: Սակայն դա հետագայում լուրջ հիմքեր կտա` ուսանողին Կառավարությունում աշխատանքով ապահովելու համար: Փորձաշրջանը կտեւի մեկից երեք ամիս: Այդ աշխատանքը համարվելու է ստաժ եւ վերջում տրվելու է աշխատանքային գրքույկ: Ուսանողների համար աշխատանքային գրաֆիկն այնքան էլ խիստ չէ, ճկուն է: Թեեւ ուսանող-աշխատակիցների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ` 30-40 հազար դրամ, այնուամենայնիվ, հյուրերը նշեցին, որ նյութական մասը այս պահին պետք է այնքան էլ չմտահոգի տնտեսագետներին:

 

Ի վերջո, դա աշխատանքային լուրջ հեռանկարներ է բացում: «Մենք ուզում ենք, որ այսօրվա մեր ուսանողները մասնակցեն պետական կառավարման պրոցեսներին, եւ այդ նպատակով որոշել ենք Երեւանի պետական համալսարանի մի շարք ուսանողների հրավիրել մեզ մոտ` որպես նախնական փորձագետներ, որպեսզի տեսնենք, թե ձեզնից ով ինչ գիտական հնարավորություններ, մտավոր կարողություններ, վերլուծական ունակություններ ունի»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Վիգեն Կտիկյանը ուսանողներին հավաստիացրեց, որ իրենց ընտրության չափորոշիչները ոչ այնքան ուսանողի գնահատականներն են, որքան նրա անձնական ունակությունները, հարցի նկատմամբ մոտեցումները, նաեւ` վերլուծելու եւ վերլուծությունը թղթին հանձնելու կարողությունը: Ուսանողները պատասխանատու են լինելու նախարարությունների ներկայացրած որոշումների եւ նախագծերի ուսումնասիրության, աշխատանքի թերությունների հայտնագործման, տվյալ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրության եւ այնտեղ կիրառված ինչ-ինչ մոդելներ Հայաստանում գործի դնելու առաջարկներ ներկայացնելու համար: Բացի այդ, նրանք կարող են զբաղվել նաեւ հասարակական կազմակերպությունների դիմում-բողոքների հարցերով: Հայտեր լրացնող ուսանողներից առաջին 15-յակի հետ Կառավարության աշխատակիցները զրուցեցին հենց այսօր, իսկ մյուս մասի հետ հանդիպման մասին կտեղեկացնեն լրացուցիչ: Իսկ թե կոնկրետ քանի ուսանող կարող է անցնել փորձագիտական աշխատանքի, դեռեւս հայտնի չէ, բայց այդ թիվը կկազմի մոտ մեկ տասնյակ:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԵՎ ՈՐԱԿՆԵՐՍ ԿԻՍՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏԻՍ ՀԵՏ. ԴԱ ԻՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանի կյանքում համալսարանական արժեքներն ու բարքերը մեծ դերակատարություն են ունեցել:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը: