18.10.2007 | 
Գիտություն
ԸՆԴԴԵՄ ՋՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ
ԸՆԴԴԵՄ ՋՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ
Այսօր «Հրազդան» հյուրանոցում մեկնարկեց միջազգային գիտական սեմինարը:

Աշխարհի 23 երկրների ավելի քան 60 գիտնականների մասնակցությամբ «Բնական աղետները եւ ջրի անվտանգությունը. ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը եւ շրջակա միջավայրի կառավարումը» թեմայով գիտաժողովը կազմակերպել են Երեւանի պետական համալսարանը, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովը, «Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ-ն` ՆԱՏՕ-ի անմիջական նախաձեռնությամբ եւ աջակցությամբ:

«Խնդիրն իրոք հրատապ է, բավական է հիշել ամռանը աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցած ջրհեղեղները: Այստեղ հավաքված գիտնականների նպատակն է, իրենց պետությունների փորձն օգտագործելով, համատեղ քննարկել եւ առաջարկել նման խնդիրների լուծման կոնկրետ եղանակներ»,- ասաց գիտաժողովի համանախագահ Ուելսի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի նախագահ Էնթոնի Ջոնսը:

Միջազգային սեմինարը ունի գիտական, քաղաքական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար: Այն նպատակ ունի տվյալ բնագավառի աշխարհահռչակ հայտնի գիտնականների եւ նման փորձ ունեցող երկրների ջրային աղետների կառավարման համակարգի ներկայացուցիչների համատեղ ջանքերով Հայաստանի եւ հարակից տարածաշրջանների համար մշակել մեթոդներ, որոնք կնպաստեն ջրային աղետների կանխատեսմանը, ջրի անվտանգությանը, ռիսկի գնահատմանը, արագ արձագանքմանը եւ շրջակա միջավայրի կառավարմանը

Գիտաժողովի համանախագահ, ԵՊՀ դոցենտ, «Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ Թրահել Վարդանյանը նշեց, որ առաջարկված առավել արդյունավետ մեթոդները կտեղայնացվեն, ինչը թույլ կտա եթե ոչ վերացնել, ապա զգալի նվազեցնել ջրային աղետների թիվն ու դրանց բացասական հետեւանքները տարածաշրջանում:

«Համոզված ենք, որ արդյունքն զգալի կլինի, քանի որ այստեղ հավաքվել են բնագավառի լավագույն գիտնականները »,- ասաց Թրահել Վարդանյանը:

Միջազգային գիտաժողովը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 22-ը: Սեմինարի ընթացքում մասնակիցները նաեւ կայցելեն Հայաստանի սելավաբեր եւ սողանքային շրջաններ եւ անձամբ կծանոթանան տեղանքին:

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։