25.11.2009 | 
Կրթություն, Մշակույթ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶՐՈՒՑՈՒՄ ԷԻՆ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԵԶՎՈՎ»
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶՐՈՒՑՈՒՄ ԷԻՆ  «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԵԶՎՈՎ»
Այսօր «Երաժշտական զրուցակից» ուսումնական ծրագրի երաժշտագետները վարպետության դաս էին անցկացնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների հետ:

«Երաժշտական զրուցակիցը» հիմնադրվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժիշտ դասախոսների ջանքերով եւ նպատակ ունի հայաստանյան բուհերի տաղանդավոր ուսանողներին էլ ավելի հաղորդակից դարձնելու «մշակութային լեզվին»:

 

Համագործակցության այս աշխատելաոճը ողջունում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը եւ ավելացնում. «Մեր կենտրոնը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում այն ամենին, ինչն անմիջականորեն կապ ունի արվեստի հետ, եւ մեզ համար շատ կարեւոր է ստեղծել առողջ եւ ամուր համագործակցություն Երեւանում, եւ առհասարակ, Հայաստանում գործող մշակութային կառույցների հետ: Ավելին` մենք նմանաբնույթ համագործակցության փորձեր արդեն ունենք»:

 

Այսօրվա վարպետության դասի թեման երաժշտությունն էր: Ուսանողների համար դասն անցկացնում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Սեդա Շերյանյանը, ով նախ իր հիացմունքն արտահայտեց այսօրվա տաղանդավոր երիտասարդության վերաբերյալ, հետո մանրամասնեց. «Երաժշտությունն արվեստի այն հնագույն ճյուղն է, որն ամենասերտն է կապված գիտության հետ:

 

Շատ հաճախ դուք լսում եք երաժշտություն, որը ձեր կարծիքով լավն է, բարձրաճաշակ, կամ` հակառակը: Սակայն, երբ փորձում եք բառերով բացատրել, արտահայտել ձեր միտքը, մանրամասնել այն, հասկանում եք, որ երաժշտության մասին շատ քիչ բան գիտեք: Ի վերջո, դասական երաժշտություն սիրելու եւ լսելու համար, նախ այն պետք է հասկանալ, իմանալ պատմությունը եւ այլն: Նույնը կարելի է ասել նաեւ ռաբիսի պարագայում»:

 

Սեդա Շերյանյանի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ժողովրդական, աշխարհում հայտնի եւ անհայտ երաժշտական գործիքների հնչողությանը եւ պատմությանը, հետո նոր անդրադառնալ դրանցից հյուսված երաժշտությանը: ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների շրջանում վարպետության այսօրինակ դասը յուրահատուկ հետաքրքրություն էր առաջացրել: Նրանք հույս հայտնեցին, որ նմանաբնույթ վարպետության դասեր պարբերաբար կանցկացվեն համալսարանում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։