Փետրվարի 28-ին ԵՊՀ մինչհամալսարանական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ հանրակրթական 11 առարկաներից անցկացված օլիմպիադային մասնակցում էին Հայաստանի 90 կրթահամալիրների ավարտական դասարանների 583 աշակերտներ: Աշակերտներից 14-ն արժանացել են 1-ին կարգի մրցանակի, 25-ը` երկրորդ, 50 աշակերտ էլ` 3-րդ կարգի մրցանակի: Եվս 78 մասնակիցներ ստացան գովասանագրեր:
«Մեր սիրելի աշակերտների հաջողության գրավականը երեք` աշակերտ-ծնող-ուսուցիչ, օղակների աշխատանքի արդյունքն է: Այս օլիմպիադան հնարավորություն կտա Մայր բուհին շփվելու դպրոցի հետ»,-ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Մաթեմատիկա առարկայից առաջին կարգի մրցանակ է ստացել Դավիթ Սեյրանյանը, Ֆիզիկայից` Վահե Գալստյանը (երկուսն էլ Երեւանի «Քվանտ» վարժարանից են), Քիմիայից` Գոռ Գրիգորյանը (ՙԵրեւանի #138 դպրոց),Ինֆորմատիկայից` Հայկ Տեփանյանը(Երեւանի «Քվանտ» վարժարան), Աշխարհագրություն առարկայից` Ջեննի Սահակյանը (Երեւանի «Քվանտ» վարժարան), Հայ ժողովրդի պատմությունից` Մայրանուշ Ղազարյանը (Երեւանի #10 դպրոց), Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն առարկայից` Հենրիկ Գրիգորյանը (Գյումրու «Ֆոտոն վարժարան»), Ռուսաց լեզվից` Մարիամ Խաչատրյանը (Երեւանի #8 դպրոց), Հայոց լեզու եւ գրականություն առարկայից` Աստղիկ Հայրապետյանը (Գյումրու «Ֆոտոն վարժարան»):
Կենսաբանությունից առաջին կարգի մրցանակի արժանացել է 3 աշակերտ` Հենրիկ Մարգարյանը (Գյումրու #20 դպրոց), Նաիրա Մկրտչյանը (Գյումրու «Ֆոտոն վարժարան»), Անահիտ Գրիգորյանը (Երեւանի «Քվանտ» վարժարան), իսկ Անգլերենից` Աստղիկ Ղազարյանը (Երեւանի #194 դպրոց) եւ Աստղիկ Մելիք-Քարամյանը (Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր): Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն առարկայից առաջին մրցանակի արժանացած Հենրիկ Գրիգորյանը կարծում է, որ դժվար հարցեր չկային, պետք էր ընդամենը տրամաբանորեն մոտենալ առաջադրանքներին: «Ուրախ եմ եւ հպարտ: Հպարտ է նաեւ «Ֆոտոն վարժարանը»:
Մեր աշակերտներից շատերն են մրցանակային տեղեր գրավել, դա լավ որակի խորհրդանիշ է, նաեւ` պատվի հարց»,- ասաց գյումրեցի մրցանակակիրը: Երեւանի # 8 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Միսիսյանն արդեն իսկ ընդունված է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետ: 2008 թ-ի ամռանը Մոսկվայում տեղի ունեցած օլիմպիադայում հաղթելուց հետո նրան այդ բուհում անվճար ուսման հնարավորություն են տվել: Իսկ ԵՊՀ օլիմպիադայում Սերինեն երկրորդ կարգի մրցանակ է ստացել:
Հաղթողներին տրվեցին նվերներ` գրքերի տեսքով, 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներ եւ գովասանագրեր: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահեցրեց, որ այս օլիմպիադան կդառնա ավանդական եւ կանցկացվի ամեն տարի. «Մենք ամեն ինչ կանենք, որ աշակերտների որոշակի մասը ծանոթանա համալսարանի հետ, տեղյակ լինի նրա առօրյային, առկա մասնագիտություններին: Մեր դռները միշտ բաց են լինելու ձեր առաջ: Բարի գալուստ համալսարան»: Մրցանակաբաշխությունից հետո աշակերտները մասնակցեցին նախօրոք հայտարարված բաց դռների օրվան, որը դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն օժանդակելու նպատակ ուներ, զրուցեցին ֆակուլտետների դասախոսների եւ դեկանների հետ: