01.07.2009 | 
Ուսանողական, Քաղաքականություն
ԵՊՀ-Ի ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՀԱՍՑԵՆ
ԵՊՀ-Ի ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՀԱՍՑԵՆ
ԼՂՀ, Քաշաթաղի շրջան, Բերդաձորի ենթաշրջան, Բերձոր քաղաք.
սա համալսարանական նորաստեղծ պուրակի հասցեն է:

Հունիսի 30-ին ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Բերձորում ստեղծվեց համալսարանական պուրակ, որտեղ ԵՊՀ-ականները տնկեցին խորհրդանշական 90 ընկուզենիներ: Խորհրդանշական էր ոչ միայն ծառերի քանակը, այլեւ պուրակի տարածքի ընտրությունը: Բերձորը ԼՂՀ-ի այն հատվածում է, որտեղ Արցախը կապվում է Հայաստանի հետ:

 

Պուրակի ստեղծման մտահաղացումը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գուրգեն Մելիքյանինն էր: Ծառատունկին մասնակցեցին ավելի քան 100 համալսարանականներ` ԵՊՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Լեռնային Ղարաբաղ համալսարանականները գնացել էին երեք առանձին խմբերով: «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամներն ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների խումբը ԼՂՀ-ում նաեւ այլ նպատակներով էին, իսկ Արամ Սիմոնյանի ղեկավարած խմբին միացան միայն ծառատունկի օրը: «Թե´ Արցախի ժողովրդի եւ թե´ հայաստանցիներիս գիտակցության մեջ առանձնացվում են «ղարաբաղցի» եւ «հայաստանցի» բնորոշումները:

 

Այդ տարանջատման վերացումը հնարավոր է միայն այսօրինակ անմիջական շփումների մթնոլորտում»,- ասաց ԵՊՀ գիտակազմակերպական բաժնի վարիչ Ալիկ Ղարիբյանը: Մինչ ծառատունկը ԵՊՀ գիտխորհրդի անդամների խումբը հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ապա այցելեց Արցախի պետական համալսարան եւ զրուցեց պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն ասաց, որ ճամփորդությունն ու կազմակերպված ծառատունկը հրաշալի առիթ էր համալսարանականների համար նորովի բացահայտելու ոչ միայն Արցախն ու արցախցիներին, այլեւ միմյանց:

 

«Խորհրդանշական ընկուզենիների պուրակը, համոզված եմ, տարիներ հետո կդառնա համալսարանականների ուխտատեղի եւ հրաշալի առիթ մեկ անգամ եւս այցելելու Արցախ»,- նշեց պրոռեկտորը: ԼՂՀ նախագահը ԵՊՀ ռեկտորին առաջարկել է մեկ այլ ծառատունկ էլ կազմակերպել հոկտեմբեր ամսին (ԵՊՀ հոբելյանական միջոցառումների 2-րդ փուլում), այս անգամ Արցախի մյուս հատվածում` Քարվաճառի շրջանում: Ռեկտորը հաճույքով համաձայնել է, ուստի շուտով համալսարանականները ԼՂՀ այցելելու նոր առիթ կունենան:

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8-րդ եզրափակչի շրջանակում այսօր մրցել են երկու թիմ՝ իրենց կողմ և դեմ դիրքորոշումները հայտնելով «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
«Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպում են մարզերում սովորող աշակերտներին, նրանց ներկայացնում իրավական տարբեր թեմաներ՝ այդկերպ հաղորդակից դարձնելով իրավական մշակույթին ու բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը: