17.12.2012 | 
Ուսանողական
ՆՈՐԱԿԱԶՄ ՈՒԽ-Ն ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՆՈՐԱԿԱԶՄ ՈՒԽ-Ն ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ԵՊՀ 30-ից ավելի ուսանողներ ծաղկաձորյան եռօրյա սեմինարի ընթացքում փորձեցին ձեռք բերել թիմային աշխատանքի եւ այլ հմտություններ:

Դեկտեմբերի 14-16-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացվեց «Երիտասարդական մասնակցության համալսարանական հեռանկարներ» խորագրով սեմինար-դասընթացը: Կազմակերպիչը ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնն էր:


Այս անգամ թիրախային խումբը ՈՒԽ նախագահության անդամներն էին եւ ֆակուլտետային ՈՒԽ նախագահները: Բանն այն է, որ վերջին ամիսների ընթացքում փոփոխվել է ուսանողական այդ կառույցի կազմը` նոր նախագահ է ընտրվել, ֆակուլտետային ՈՒԽ-ներում նոր ուսանողներ են ներգրավվել:


«Մեզ համար շատ կարեւոր էր թիմային աշխատանքի ստեղծումը: Մեր դասընթացների ուղղվածությունն ընտրել էինք այնպես, որ ուսանողները թիմային աշխատանքի, ուսանողական աշխատանքների ու ծրագրերի կազմման հմտություններ ձեռք բերեն ու լավ ընկալեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կառույցը»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ու հավելում, որ այս կերպ խթանում են նաեւ ուսանողական մասնակցությունը:


Դասընթացները վարում էին երիտասարդական մասնակցության գործում արդեն հմտացած համալսարանականները: Դասընթացի հենց առաջին օրն ուսանողները թիմեր կազմեցին, կատարեցին տարբեր առաջադրանքներ` այդպիսով սովորելով աշխատել թիմում ու հարգել թիմակիցների կարծիքը: Զուտ տեսական հմտություններից բացի` նրանք սովորեցին նաեւ, թե ՈՒԽ-ի կիսամյակային ծրագիրն ինչպես է պետք կազմել, «SWOT» վերլուծությունն ինչպես է արվում եւ այլն:


«Նախաձեռնությունը դրական է այն առումով, որ հնարավորություն է ստեղծվել առօրյա միջավայրից դուրս հավաքվելու, մտքեր փոխանակելու: Լավ է, որ կարող ենք նաեւ մեր կարծիքն ու առաջարկություններն արտահայտել Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի վերաբերյալ, եւ հուսով եմ` դրանք հաշվի կառնվեն: Նոր կազմավերված Ուսխորհրդի առումով էլ կարեւոր է նրանով, որ կառույցի առաքելությունը բոլորին է հասանելի դառնում»,- նշում է Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հրաչ Գեւորգյանը:


Ուսանողական հավաքի 2-րդ օրը մասնակիցները հյուրընկալեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին, ով եւս կանգնած է ՈՒԽ-ի հիմնադրման ակունքներում: Նա խոսեց ուսանողական ինքնակառավարման, դրա առանձնահատկությունների ու անհրաժեշտության մասին, նշեց այն կարեւոր շեշտադրումները, որոնց ուսանողները պետք է հետեւեն այդ կառույցում աշխատելիս:


Հանդիպման 2-րդ հատվածը, որը տեւեց շուրջ 2 ժամ, ամբողջությամբ նվիրված էր հարց ու պատասխանին: Պրոռեկտորի մոտ բարձրացվեցին այն հարցերն ու դժգոհությունները, որոնք ծագում են ֆակուլտետներում ընթացիկ աշխատանքներ կատարելիս: Մի շարք հարցեր գտան իրենց պատասխանները, մյուսներն էլ դեռ սպասում են:


Նշենք, որ սեմինարի ընթացքում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության մեթոդական բաժնի հետ համատեղ անցկացվեց փոքրիկ հետազոտություն ֆոկուս խմբերի միջոցով: Խնդիրն էր պարզել, թե ուսանողությունն ինչ վերաբերմունք ունի Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նկատմամբ, ինչպես է այն պատկերացնում եւ ինչ ակնկալիքներ ունի: Վերջում դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: