28.04.2007 | 
Հասարակություն
ՄԱՔՈՒՐ ԵՎ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ
ՄԱՔՈՒՐ ԵՎ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ
«Այսքան ուսանողի ձայնը չի կարող չլսված մնալ, մենք հաստատ հաջողություն կունենանք»:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Գուրգեն Գասպարյանը ոգեւորությամբ էր մասնակցում Կենտրոն համայնքի թաղապետարանի կողմից կազմակերպված «Մաքուր Կենտրոն» ակցիային: Մայր բուհի ավելի քան հազար ուսանող` ծիրանագույն վզկապներով, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, ուր մաքուր քաղաքին նվիրված համերգ էր տեղի ունենալու:

«Պայմանավորված այն հանգամանքով, որ ուսանողների մի մասը մարզերում են եւ չեն կարողացել միանալ մեր երթին, ես ուսանողների ակտիվությունը նորմալ եմ գնահատում»,- ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Համլետ Մանուկյանը:

«Մաքուր Կենտրոն» ակցիային համալսարանը միայն այսքանով չէր ներկայացել: Ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված ծառատունկին բազմաթիվ համալսարանականներ էին մասնակցում: Նրանցից մեկը պատմեց, որ ինքը ծառեր է տնկել ոչ միայն բուհի տարածքում, այլեւ Կենտրոն համայնքում գտնվող իրենց շենքի շրջակայքում:

Միջոցառմանը մասնակցում էին Կենտրոն համայնքում գտնվող բուհերի ուսանողներ, դպրոցականներ, պետական հիմնարկների աշխատակիցներ: Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լուսինե Համասյանը կարծում է, որ նման նախաձեռնությունները, ինչ բնույթ էլ որ կրեն, շատ կարեւոր են: «Ուսանողների համախմբվածության գաղափարը, նրանց միասնականությունը անսահման կարեւոր են: Ես պատրաստ եմ միշտ մասնակցել ուսանողական-երիտասարդական նմանատիպ նախաձեռնություններին»:

Այն հարցին, թե փողոցում ծխախոտի մնացորդներ, տոպրակներ կամ թղթեր գցող մարդկանց տեսնելիս ինչպես են արձագանքում, ուսանողների մեծ մասը պատասխանեց. «Սրտնեղում եմ, բարկանում, երբեմն ակնարկում, որ նման բան չի կարելի անել, բայց ուղղակի նկատողություն երբեք չեմ արել»: Նրանք դա բացատրում են այն հանգամանքով, որ մեր ժողովրդի «մենթալիտետը» թույլ չի տալիս ուրիշին, թեկուզ հասակակցին, նկատողություն անել: «Ավելի լավ է ես իմ արարքով լավ օրինակ ծառայեմ…»,- ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահության անդամ Միքայել Արզաքանցյանը:

ԵՊՀ ուսանողները պնդում են, որ եթե բոլորը գիտակցված մասնակցեն քաղաքը մաքուր պահելու ծրագրերին, ապա դրանք անպայման արդյունք կտան: Եվ մինչ մասնակիցները վանկարկում էին «Մաքուր կենտրոն», Ազատության հրապարակի ասֆալտին հայտնվում էին պլաստիկ շշեր, արեւածաղկի սերմեր, ծխախոտի մնացորդներ…

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: