01.09.2017 | 
Հասարակություն
ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Առաջին կուրսեցիներին ողջունելու և բարի երթ մաղթելու էին եկել Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողական կառույցների ներկայացուցիչները:

Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, ներկայացրեց ֆակուլտետի երեք մասնագիտությունները, ֆակուլտետում տրվող կրթության առավելությունները, խոսեց նաև նոր ներդրված մագիստրոսական ծրագրից՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում»:

 

«Ես հպարտությամբ շեշտեմ, որ մեր ֆակուլտետի շրջանավարտները մեծ հաջողություններ են ունենում և համբավ ձեռք բերում նաև արտերկրում՝ ոչ միայն ուսումնառությունը շարունակելով, այլև աշխատելով միջազգային հայտնի կառույցներում և պետական մարմիններում»,- նշեց պարոն Սարգսյանը:

 

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Վարդան Բոստանջյանը, բարի երթ մաղթելով առաջին կուրսեցիներին, հորդորեց նրանց օգտագործել իրենց տրված բացառիկ հնարավորությունը, քանի որ ԵՊՀ-ում կրթություն ստանալը իսկապես շատ պատվաբեր է:

 

Վարդան Բոստանջյանն իր խոսքում ընդգծեց ֆակուլտետի դերն ու նշանակությունը մեր երկրի հասարակական ու տնտեսական կյանքի զարգացման, շուկայական հարաբերությունների կառուցման և ձևավորման գործում՝ կարևորելով երիտասարդների մասնակցությունը. «Ֆակուլտետի տված կրթության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն հմուտ դասախոսական անձնակազմով, այլև ձեզնով, ուստի արդյունավետորեն օգտագործե՛ք ձեզ տրված հնարավորությունն ու ժամանակը՝ ձեռք բերելով հուսալի գիտելիքներ»:

 

Ապագա տնտեսագետներին ողջունեց նաև ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Իրինա Վարդանյանը, ով հորդորեց նորեկներին բարձր պահել Մայր բուհի ուսանող լինելու կոչումն ու պատիվը, ինչպես նաև ուսանողական տարիները արդյունավետորեն օգտագործել ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու, այլև մարդկային կապիտալը հարստացնելու և փորձի փոխանակման առումով:

 

Առաջին կուրսեցիներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և ոգևորիչ խոսքերի համար՝ համոզմունք հայտնելով, որ իրենք ընդունվել են Մայր բուհի ամենալավ ֆակուլտետներից մեկը:

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: