05.03.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպեց Ուսանողական խորհրդի անդամների հետ:

Արամ Սիմոնյանը հանդիպման սկզբում նշեց, որ ուսանողական կառույցների անդամների հետ քննարկումներ պարբերաբար կազմակերպվում են, և հայտնեց, որ նախատեսվում է առաջիկայում կազմակերպել ուսանողների և վարչական այլ աշխատողների հետ քննարկումներ ևս:

 

Այնուհետև ռեկտորը փաստեց, որ համալսարանը կարիք ունի կադրային ու կառուցվածքային փոփոխությունների. «Համալսարանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց համար բուհը նույնպես մեղավոր է, բայց այդ մեղքը կարելի է, սուբյեկտիվ դիտարկելով, ելնել նախևառաջ օբյեկտիվ պայմաններից: Ձեզ համար դժվար է պատկերացնել, որ համալսարանը քիչ փող ունի, որովհետև դուք մեծ գումար եք վճարում ուսման վարձի համար, բայց հավատացնում եմ ձեզ, որ այդ գումարներն իսկապես քիչ են»:

 

Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանն ունի կադրային ճգնաժամ. «Բացի դրանից՝ որոշ ժամանակ առաջ համալսարանում ձևավորվել էր մտավորական էլիտա, որը, ցավոք, այսօր ուծացվում է: Մարդիկ կորցրել են իրենց նպատակները, կորել է քաջությունը, որով միշտ աչքի է ընկել ԵՊՀ-ն»:

 

ԵՊՀ ռեկտորը, դիմելով ուսանողներին, ասաց, որ ցանկանում է համատեղ սկսել փոփոխությունների իրականացման գործընթաց, որն օգուտ է բերելու ԵՊՀ-ին. «Այս տարիների ընթացքում ես և իմ թիմակիցներն ունեցել ենք բացթողումներ, թերություններ, անտեսել ենք շատ հարցեր՝ ժամանակի սղության, միջոցների ու մեխանիզմների բացակայության պատճառով և այլն, բայց ուզում եմ, որ այսօրվանից սկսած՝ քանի դեռ այստեղ եմ, առավել լսելի լինի ուսանողների և դասախոսների ձայնը, ուզում եմ հասկանալ, թե ինչ մտահոգություններ ունեք, ինչ խնդիրներ եք նկատում, և միասին հասկանանք, թե լուծման ինչ մեխանիզմներ կան»:

 

 

Արամ Սիմոնյանը թվարկեց այն խնդիրները, որոնք առավել մտահոգիչն են: Դրանցից առաջինը, ըստ ռեկտորի, կոռուպցիոն դեպքերն են. «Խոսելով այս խնդրի մասին՝ ուզում եմ ձեզ հավատացնել, որ ԵՊՀ-ում կոռուպցիոն շղթա չկա և երբեք էլ չի եղել, եղել են առանձին դեպքեր»: ԵՊՀ ռեկտորի հավաստմամբ, հաջորդ մտահոգիչ խնդիրն ուսանողների և նրանց կարիքների նկատմամբ աշխատակիցների կոպիտ վերաբերմունքն է, որը պետք է հետևողականորեն վերացվի:

 

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, անդրադառնալով իրենց կողմից նկատված խնդիրներին, նշեց, որ կան դասախոսներ, որոնք տարիքով մեծ են և այլևս չեն կարողանում մանկավարժական գործունություն իրականացնել: Դավիթ Ափոյանը որպես լուծում առաջարկեց այդ դասախոսներին ընձեռել միայն գիտությամբ զբաղվելու հնարավորություն:

 

ՈւԽ նախագահը խոսեց նաև այն խնդրի մասին, որ գրադարանում չկան համապատասխան պահարաններ, որտեղ ուսանողները կարող են թողնել իրենց գույքը. «Մի կողմից ուսանողներին չի թույլատրվում պայուսակներով մտնել գրադարան, բայց մյուս կողմից էլ այնտեղ, որտեղ ուսանողները կարող են թողնել իրենց իրերը, գրված է, որ աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում դրանց նկատմամբ»: Ռեկտորն ի պատասխան ասաց, որ այդ պահարանների ձեռքբերումը նախատեսված է, բայց Ֆինանսների նախարարության կայքի խափանման պատճառով գործընթացը ձգձգվել է:

 

Դավիթ Ափոյանը բարձրաձայնեց նաև այն խնդիրը, որ դեկանատների աշխատակիցները շատ հաճախ չեն տիրապետում կարգերին, ինչն էլ հանգեցնում է ուսանողների համար ավելի մեծ խնդիրներին. «Բացի դրանից՝ գրադարանի աշխատակիցները պատշաճ չեն իրականացնում իրենց աշխատանքը՝ արդարացիորեն առաջացնելով ուսանողների դժգոհությունը»: Ռեկտորն ասաց, որ պատրաստ է անձամբ ընդունելու այն ուսանողին, որը կարժանանա ոչ հարիր վերաբերմունքի որևէ աշխատակցի կողմից:

 

 

ՈւԽ նախագահը խոսեց նաև կուրսղեկների ինստիտուտի մասին՝ փաստելով, որ դրա արդյունավետությունը բավականին փոքր է: Դավիթ Ափոյանն առաջարկեց դասախոսների փոխարեն այդ դերակատարությունը հանձնել բարձր կուրսի ուսանողներին, ինչին ռեկտորը հավանություն տվեց և խոստացավ առաջիկայում առավել մանրամասն քննարկել այդ առաջարկը:

 

Հանդիպմանը ներկա ուսանողները բարձրաձայնեցին ինչպես կրթական, այնպես էլ կազմակերպչական այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են օրինակ՝ որոշ մասնագիտություններում մանկավարժի որակավորման բացակայությունը, քննական օրերի ծանրաբեռնվածությունը, գրատախտակների վատ որակը, տեխնիկական միջոցների հին լինելը, համապատասխան ֆակուլտետներում քարտեզների բացակայությունը և այլն: ԵՊՀ ռեկտորը պարզաբանեց, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը համալսարանից կախված չէ, բայց խոստացավ, որ մնացածն անպայման լուծում կստանան:

 

Ուսանողները հանդես եկան նաև մի շարք առաջարկություններով, որոնց Արամ Սիմոնյանը խոստացավ հետևողական լինել: 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեք ուսանողներ՝ Աննա Կոստանյանը, Էլեն Աղաջանյանը (4-րդ կուրս) և Ռիմա Գրիգորյանը (2-րդ կուրս), մասնակցել են Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծին և հասել մինչև եզրափակիչ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում: