09.07.2019 | 
Հասարակություն
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ, ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ, ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստը:

Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ԵՊՀ-ն ունի նոր պրոռեկտորներ: Մինչև նրանց ներկայացնելը՝ Գեղամ Գևորգյանը կատարած աշխատանքի և նվիրումի համար շնորհակալություն հայտնեց նախկին պրոռեկտորներին:

 

ԵՊՀ նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության կազմակերպման գործում ունեցած ավանդի համար Գեղամ Գևորգյանը պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով:

 

 

Ռուբեն Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ շուրջ տասը տարի համատեղ աշխատանքի համար՝ առանձնացնելով հատկապես Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի ենթակայության տակ գործող ստորաբաժանումների աշխատակիցներին. «Գրանցած ձեռքբերումները համատեղ են, և ես պարտական եմ իմ գործընկերներին»:

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ուսանողական կառույցներին, նախկին և ներկա մեր բոլոր ուսանողներին, որոնց հետ արդյունավետ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: ԵՊՀ 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողության ժամանակ իմ դասախոս Լևոն Լաճիկյանն ասաց, որ հպարտ է համալսարանական լինելու համար: Նա և շատ այլ դասախոսներ այս տարիների ընթացքում փոխանցել են արժեքներ ու սկզբունքներ, որ այսօր ես էլ ոգևորությամբ փաստում եմ, որ հպարտ եմ  համալսարանական լինելու համար»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

 

 

Այնուհետև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, որ Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը: 

 

Ինչ վերաբերում է Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկ Ընդհանուր հարցերով պրոռեկտորի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Արարատ Մալխասյանը:

 

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ պարգևների շնորհման հարցը, որի ժամանակ Գեղամ Գևորգյանը նշեց, որ պատրաստ է լսելու առաջարկներ՝ կապված թեկնածուներին ներկայացնելու տարբերակների հետ:

 

 

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ռեկտորատի նիստի մասնակցիներին հայտնեց, որ ամբիոնների բեռնվածությունների ներկայացման գործընթացն արդյունավետ չի ընթանում՝ հիմնական պատճառ համարելով այն, որ ֆակուլտետները սպասում են բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքներին:

 

«Եթե բակալավրիատի ընդունելությունը դեռ առաջիկայում պետք է որոշակիություն ստանա, ապա մագիստրատուրայի ընդունելության արդյունքների պատկերն արդեն պարզ է: Առաջարկում եմ, հաշվի առնելով մեկ ժամի համար հաստատված այսօրվա արժեքը, ներկայացնել տվյալները, որոնք, հարկ եղած դեպքում, առաջիկայում կլրացվեն»,- նշեց Հ. Ժամհարյանը:

 

 

Նիստի ավարտին ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս տարի ուսանողական տոմսերը տրամադրվելու են ոչ թե բանկի կողմից, այլ պատրաստվելու են իրենց կողմից. «Համապատասխան սարքերը շուտով կլինեն այստեղ: Պետք է նաև, որ դեկանատի աշխատակիցները, նախքան արձակուրդ գնալը, բոլոր ուսանողների տվյալները և լուսանկարները բեռնեն «Supervision» համակարգում, ինչի դեպքում մենք կկարողանանք սեպտեմբերին տրամադրել ուսանողական տոմսերը»:

 

Եզնիկ Միրզոյանը փոխանցեց, որ պատրաստ են նաև անվճար վերականգնելու կորցրած կամ մաշված ուսանողական տոմսերը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի մասին պատմում է նրա ուսանողը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Հենզել Մանուչարյանը: