27.08.2019 | 
Քաղաքականություն
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի նիստ՝ օրակարգային և ընթացիկ մի շարք հարցերով:

Նախքան նիստի մեկնարկը ԵՊՀ ռեկտորատի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԵՊՀ պրոֆեսոր, «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանի հիշատակը:

 

Անցնելով օրակարգային հարցերին՝ ռեկտորատի անդամները քննարկեցին ամբիոնների ծանրաբեռնվածության հարցը: ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը տեղեկացրեց, որ առկա ուսուցման բակալավրիատի ընդունելության սպասելիքներն արդարացել են. ԵՊՀ-ն այս տարի ունի 2899 ընդունված ուսանող. «Իհարկե, դեռևս պայմանական, քանի որ նրանց զգալի մասը պետք է վճարի ուսման վարձը և նոր միայն հրամանագրվի»:

 

Հրանտ Ժամհարյանի փոխանցմամբ, առկա ուսուցման մագիստրատուրայի կրթական ծրագրերի համար դիմել է 1390 ուսանող, որի զգալի մասը՝ ուսուցման անվճար համակարգով. «Ցավոք, կան մասնագիտություններ, որոնց նախատեսված քանակով ուսանողներ չեն դիմել: Այդպիսի մասնագիտությունները 12-ն են: Հայտարարված 112 մագիստրոսական ծրագրերի ընդունելության արդյունքում 57 ծրագիր բացվելու է, 12-ը տեսականորեն կարող են լրացնել դիմորդների թիվը, իսկ մնացածը, ցավոք, չունեն բավարար դիմորդներ: Պետք է քննարկել, գուցե անհրաժեշտության դեպքում նույն մասնագիտացմամբ երկու ծրագիր միավորել»:

 

 

Նրա հավաստմամբ, ամբիոնային ծանրաբեռնվածությունների հարցն անմիջականորեն կապված է մագիստրոսական ծրագրերի բացման հետ, դրա համար ամբիոններին առաջարկվել էր թափուր ժամերի մեջ թողնել այն ծրագրերի ժամերը, որոնց բացվելը հստակ չէ, սակայն մի շարք ամբիոններ այդ գործընթացը մինչ օրս չեն իրականացրել, ուստի դրանց բեռնվածությունների ամփոփումը հնարավոր չէ կատարել:

 

Հրանտ Ժամհարյանը նշեց մի շարք այլ պատճառներ, թե ինչու է դանդաղում ամբիոնային բեռնվածությունների հաստատման գործընթացը. «Ունենք խնդիր՝ կապված պրակտիկայի ժամերի բաշխման հետ: Մեր կարծիքով, մասնագիտական պրակտիկայի հիմնական ժամաքանակը պետք է տրվի իրական ղեկավարներին, որոնք պետք է այլ կազմակերպություններից լինեն:  Բացի դրանից՝ դեռ ոչ բոլոր ֆակուլտետներն են մագիստրատուրայի թեզերի գրախոսման ժամերը տրամադրում դրսի մասնագետներին՝ ըստ կարգի: Ասպիրանտներին ժամեր չհատկացնելու խնդիր և այլ հարցեր ու կանոնակարգերից շեղումներ կան: Այս պահի դրությամբ հաստատվել է միայն Քաղպաշտպանության ամբիոնի բեռնվածությունը»։

 

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ այս պահին պատրաստ են բոլոր առաջինկուրսեցիների գրադարանային տոմսերը՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք վճարել են ուսման վարձավճարը, թե ոչ: ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանն էլ հայտնեց, որ այս շաբաթվա ընթացքում բոլոր ֆակուլտետները կստանան տոմսերը և սեպտեմբերի 2-ին կկարողանան դրանք փոխանցել ուսանողներին:

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ 2021 թվականի փետրվարի 7-ին լրանում է ԵՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամկետը, իսկ նոր հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները տևում են գրեթե մեկ տարուց ավելի. «Մենք այժմ պետք է սկսենք այդ աշխատանքները: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կստեղծվեն առաջին՝ ինքնավերլուծության փուլի համար անհրաժեշտ տասը հանձնաժողովներ»:

 

Գեղամ Գևորգյանը հիշեցրեց, որ նախորդ հավատարմագրման ժամանակ տասը կետերից միայն մեկը՝ հետազոտությունն էր, որ բացասական արդյունք ունեցավ. «Մինչ այսօր մենք դա շտկելու ուղղությամբ որևէ քայլ չէինք արել, բայց այժմ սկսում ենք պիլոտային ծրագիր՝ ներդնելու հետազոտական բաղադրիչ»:

 

Ծրագրի վերաբերյալ ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու հանգամանքով. «Առաջին հանգամանքը, ինչպես նշվեց, ինստիտուցիոնալ հավատարմագրման հետ է կապված, բացի դրանից՝ ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված է արդիական հետազոտության և նորարարության ռազմավարական նպատակ, որին հասնելու համար Փիլիսոփայության և հոգեբանության ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում ներդրվելու է ծրագիրը»:

 

Հետազոտական բաղադրիչի ներդրումը ենթադրում է ուսանողի կողմից որոշակի մասնագիտական ծրագրի սահմաններում կատարվող փոքր հետազոտություն, որն առնչվելու է տվյալ մասնագիտական դասընթացի առարկային, ղեկավարվելու է այդ առարկան դասավանդող դասախոսի կողմից և գնահատվելու է առաջին կամ երկրորդ միջանկյալ քննության փոխարեն՝ առավելագույնը 5 միավորով: Գեղամ Գևորգյանն ասաց, որ ծրագիրը կարող են ներդնել բոլոր ֆակուլտետներում՝ համապատասխան զեկուցագրի ներկայացմամբ:

 

Այնուհետև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր համակարգ՝ «Mulberry». «Այն դեռևս թերի է: Նոր համակարգով լիարժեք գործելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն, որի գործարկումը հնարավոր է միայն նույնականացման քարտի համապատասխան կոդի առկայությամբ»:

 

Անցնելով օրակարգային մյուս հարցին՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ մոտավորապես մեկ տարի անց պետք է ընդունել զարգացման ռազմավարական նոր ծրագիր, որի աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է նոր հանձնաժողով: Բացի դրանից՝ ուժը կորցրած է համարվել այն հրամանը, որով ստեղծվել էր ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովը:

 

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ինտրանետ համակարգում աշխատանքների մուտքագրման վերջնաժամկետի հարցը: Գեղամ Գևորգյանն ասաց, որ այժմյան պատկերը մտահոգիչ է. «Ի տարբերություն նախորդ տարվա այս ժամանակահատվածի՝ այս պահի դրությամբ մուտքագրվել է գրեթե կեսը: Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ, որ դրանց քանակը նվազել է: Հետաքրքրական է, որ դրան զուգահեռ՝ համալսարանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային վարկանիշավորման աղյուսակներում»: Նա հայտնեց, որ ինտրանետ համակարգում աշխատանքների մուտքագրման վերջնաժամկետը սահմանվում է մինչև սեպտեմբերի 10-ը, որից հետո այն կփակվի:

 

Ի դեպ, հնչեցին դժգոհություններ, որ այս ընթացքում կայքը լավ չի աշխատել, որին ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանը պարզաբանեց, որ այն ենթարկվել էր հաքերային հարձակումների. «Մեր մասնագետները պարզել են, որ մեր համակարգում ամիսներ առաջ ներդրվել է վիրուս, որն այժմ վնասազերծված է: Պարզվել է նաև, որ այդ վիրուսը ներդրվել է փետրվարին եվրոպական երկրներից մեկից»:

 

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ռեկտորատի անդամներին հայտնեց, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, դրանք կիրականացվեն՝ ըստ պլանավորված ժամանակացույցի:

 

Նա հայտնեց, որ այս ընթացքում կատարվել են բազմաթիվ տնտեսական աշխատանքներ: Գ. Գևորգյանը նշեց, որ ակտիվորեն ընթանում է նաև ԵՊՀ հանրակացարանի կահավորման գործընթացը. «Այս շաբաթվա ավարտին մեկ մասնաշենքի երեք հարկն արդեն լիովին կահավորված և պատրաստ կլինի շահագործման: Աշխատանքների համակարգմամբ զբաղվելու է ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը»:

 

Գեղամ Գևորգյանը նիստի ընթացքում ասաց, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում պետք է ընդունվի նաև ակադեմիական ազատության մասին հռչակագիր, որի տեքստը կկազմվի առաջիկա տասն օրերի ընթացքում: Այնուհետև այն կտպագրվի երկու լեզուներով՝ հայերենով և անգլերենով, ապա կառաջարկվի հայաստանյան գործընկերներին ստորագրել այն: Արդեն պաշտոնական միջոցառումների օրերին այն կառաջարվկի ստորագրել արտասահմանյան հյուրերին, իսկ հետո այն կընթերցվի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ:

 

Բացի դրանից՝ նա տեղեկացրեց, որ Գուրգեն Մելիքյանի և ուսանողների ջանքերով Արցախում հիմնվել է ԵՊՀ 100-ամյակին նվիրված պուրակ. «Ամռանը պուրակում տեղադրվել է հուշաքար, որի բացման արարողությունն առաջարկվում է անցկացնել սեպտեմբերի 7-ին»:

 

Ռեկտորատի նիստի ընթացքում ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն առաջարկեց թանգարանն անվանակոչել դրա հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանի անունով, որը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն թանգարանի ստեղծման, այլև արխիվային կարևոր փաստաթղթերի և նյութերի հայթայթման գործում:

 

Նիստի ավարտին ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը ներկայացրեց օգոստոսի 29-31-ն իրականացվելիք «Առաջին կուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որի նպատակն է օգնել նոր ընդունված ուսանողներին համալսարանական կյանքը սկսել ուսումնական գործընթացների առանձնահատկությունների, իրավունքների և պարտականությունների մասին առավել իրազեկված:

 

«Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին փուլում կտրվեն ընդհանուր տեղեկություններ, իսկ երկրորդ փուլում ուսանողները կգնան իրենց ֆակուլտետներ՝ ծանոթանալով դրանց առանձնահատկություններին»,- ասաց Դավիթ Ափոյանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր:
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՆՐԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ-ում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթ, որի նպատակի, ինչպես նաև կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ: