27.09.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ՀԱՄԱՏԵՂ» ԾՐԱԳՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ՀԱՄԱՏԵՂ» ԾՐԱԳՐԻՆ
Սեպտեմբերի 26-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ» թեմայով քննարկում:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան» հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցում էին տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրվող ուսանողները, դասախոսները և հետաքրքրված այլ անձինք: Ներկայացվեց «ՀաՄաՏեղ» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:

 

«Տեղական ինքնակառավարման և հանրային կառավարման ոլորտում փոփոխությունները հաճախակի են: Մարդիկ պետք է տեղյակ լինեն, թե ինչ փոփոխություններ են իրականացվում այս համակարգում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային կապեր» բաժնի ուսանողներին համեմատաբար ավելի շատ են հետաքրքրում այսպիսի թեմաները, կազմակերպեցինք այս հանդիպում-քննարկումը»,- նշեց Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը:

 

Բանախոսի հավաստմամբ՝ ուսանողները պետք է գիտակցեն, որ տեղական ինքնակառավարման ոլորտն ունի նրբություններ. համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում միայն նրանք շատ ավելի ճիշտ կարող են օգտագործել իրենց գիտելիքները, ներկայացնել խնդիրը և գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն թե՛ տեղական իշխանություններին և թե՛ բնակչությանը:

 

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանի խմբագրությամբ հրատարակված «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գիրքը, որում ամփոփված է Հայաստանի տեղական ինքնակառավարման վիճակի մշտադիտարկման՝ 2016 թվականի զեկույցը:

 

Մինչ այսօր հրատարակվել են 8 գրքեր, որոնցում տեղ են գտել տարիների ընթացքում գրանցված փոփոխությունների մասին հաշվետվությունները, փորձագետների դիտարկումները և այլն: Առանձին ձեռնարկով այս տարի լույս է տեսել նաև ՀՀ տեղական ինքնակառավարման «Տարեկան ինդեքս 2015 և 2017»-ը, որում ներկայացված են թվային վերլուծություններ՝ նպատակ ունենալով համեմատել և վերլուծել ՏԻ համակարգում այդ տարիներին կատարված փոփոխությունները և դրանց տրված գնահատականները:

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ 2 ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 9-10-ը Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում անցկացվեց «Բանկային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր փուլը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: