17.10.2017 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 13-15-ը Դիլիջանում անցկացվեց «Փախստականների իրավունք» խորագրով 7-րդ դպրոցը:

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի կողմից կազմակերպված դպրոցի նպատակն է խթանել փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության առաջընթաց զարգացումն ու հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական կլինիկաների միջև սերտ համագործակցությունը:

 

Նախորդ տարվանից սկսած՝ իրավունքի դպրոցի մասնակիցների շրջանակն ընդլայնվել է՝ ներգրավելով հանրապետության առաջատար բուհերի իրավաբանական կլինիկաների ուսանողներին: Այս տարի մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Գավառի պետական, Գյումրու «Պրոգրես» և Երևանի «Հայբուսակ» համալսարանների իրավաբանական կլինիկաների 31 ուսանողներ:

 

Փախստականների իրավունքի դպրոցի շրջանակում մասնակիցներին ներկայացվեցին ՄԱԿ ՓԳՀ-ի դերը և Հայաստանում վերջինիս գործունեության ուղղությունները, փախստականների միջազգային իրավական և ներպետական պաշտպանության հիմնարար դրույթներն ու սկզբունքները, փախստականի կարգավիճակի առանձնահատկությունները, փախստականների իրավունքների դատական պաշտպանության հիմնահարցերը ՀՀ-ում և այլն:

 

Դասընթացի ընթացքում հատկապես մեծ ուշադրության արժանացան Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ. կոնվենցիայի ապահովման միջազգային և ազգային մեխանիզմների վերաբերյալ հիմնահարցերը, ուսումնասիրվեցին առկա օրենսդրական և ինտեգրացիոն բացերը, ինչպես նաև քննարկվեցին առաջիկա ծրագրերը՝ ուղղված փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության և հանրապետության իրավաբանական կլինիկաների միջև համագործակցության զարգացմանը:

 

 

Փախստականների իրավունքի դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես եկան պետական մարմինների (ՀՀ վարչական դատարան, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն, Հանրային պաշտպանի գրասենյակ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ), Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների (ԵՊՀ, ԳՊՀ), հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան» ԲՀԿ) և միջազգային կառույցների ներկայացուցիչներ (ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանում):

 

«Փախստականի հասկացության սահմանումը համընդհանուր և տարածաշրջանային միջազգային փաստաթղթերում» և «Փախստականի բացառման և դադարման դրույթները» վերտառությամբ դասախոսություններով հանդես եկավ նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ Քնարիկ Վարդանյանը, ով միաժամանակ համակարգել է սույն դպրոցի կազմակերպչական աշխատանքները:

 

Դպրոցի ավարտին ուսանողների համար կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած այց դեպի Տավուշի մարզի Գոշ գյուղ, որտեղ ուսանողները այցելեցին հայ գիտնական, մանկավարժ, առակագիր և օրենսգիր «Գիրք դատաստանի» երկի հեղինակ վարդապետ Մխիթար Գոշի կողմից կառուցված մշակույթի, կրոնի և կրթության նշանավոր կենտրոն Գոշավանք, այնուհետև կատարվեց մշակութային այց դեպի Հաղարծին:

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅՏՆԻ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ՊԱՏՄՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ղեկավարած խմբի «Պատմավեպը թուրքական քարոզչության հոլովույթում. արդի միտումներ» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին: