29.11.2018 | 
Հասարակություն
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված դասընթացաշարի երկրորդ բանախոսությունը տեղի ունեցավ այսօր:

Այս անգամ ֆակուլտետը հյուրընկալել էր ԵՊՀ շրջանավարտ, փորձագետ Տարոն Հովհաննիսյանին, որի դասախոսություն-սեմինարը վերաբերում էր Ադրբեջանի արտաքին ռազմատեխնիկական համագործակցություններին:

«Տեղեկություն ունե՞ք, թե ռազմական ոլորտում Ադրբեջանը որ երկրների հետ է համագործակցում»,- ինտերակտիվ դասի սկզբում պարոն Հովհաննիսյանը դիմեց ներկաներին: Իր հարցի պատասխանը ստանալուց հետո, նա պարզաբանեց, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառող խոշորագույն պետությունը հենց Ռուսաստանի Դաշնությունը: «Այստեղ գործում է « Եթե ես չվաճառեմ, ապա մեկ ուրիշը կվաճառի» կարգախոսը»,-պարզաբանեց նա:

Փորձագետը պատմեց, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի սպառազինության մասին պայմանագիրը, որը կնքվել էր 1990 թ., սակայն հետխորհրդային պետությունները դրան միացան 1992 թ., պետք է կարգավորեր զինված ուժերի առավելագույն թույլատրելի սպառազինության քանակը:
«Յուրաքանչյուր երկրի դեպքում, հաշվի առնելով տվյալ երկրի մեծությունն ու կարիքները, տարբեր զինատեսակների օգտագործման համար սահմանվում էր ինչ-որ քանակություն: Ըստ սույն պայմանագրի՝ երկներից ոչ մեկը չպետք է գերազանցեր իր համար սահմանված սպառազինության քանակը: Օրինակ` Հայաստանը կարող էր դիտարկումներ անցկացնել Թուրքիայի տարածքում՝ համոզվելու համար, որ այդ երկրում պայմանագրով սահմանված տանկերի քանակը գերազանցված չէ: Սակայն այդ պայմանագիրն իրականում երբեք չի գործել»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:

Բանախոսը խոսեց նաև ՄԱԿ-ի ռեեստրի մասին, որը կոնվենցիայով նախատեսված զենքերի վերահսկման համար ստեղծված բազա է, որտեղ պետություններն իրենց ունեցած և գնած սպառազինության մասին զեկույցներ են տրամադրում: Այն հարցին, թե արդյոք պետությունները ճիշտ տեղեկություն են տրամադրում իրենց ունեցած զրահատեխնիկայի մասին, պարոն Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ երբ պետություններից որևէ մեկը խախտում է պայմանագիրը, ապա մյուսները հետևում են նրա օրինակին:

Պարոն Հովհաննիսյանը պատմեց Ադրբեջանի հիմնական ռազմական գործընկերների մասին. «Ադրբեջանը, մինչև 2001-2002 թվականները, ավելի փոքր ծավալով, իսկ դրանից հետ արդեն բավականին լայն թափով սկսեց սպառազինություն գնել, որոնք, թեև, ռուսական արտադրության զինատեսակներ էին, բայց հիմնականում մատակարարվում էին Ուկրաինայից ու Բելառուսից, ավելի ուշ ՝Վրաստանից: Այս ամենը շարունակվեց մինչև 2006 թվականը, որից հետո մատակարարի կարգ չկա, և սպառազինությունը գնվում է հենց արտադրողից՝ Ռուսաստանից:

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: