05.10.2017 | 
Քաղաքականություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոկտեմբերի 4-ին Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի կրթահամալիր:

«Համալսարանական օր» խորագիրը կրող այցը կազմակերպվել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից և նպատակ ուներ նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակը բարձրացնելուն և դեպի ԵՊՀ ուղղորդելուն:

 

Վարդենիկի կրթահամալիր էին այցելել Ֆիզիկիայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ասիստենտ Տիգրան Դադալյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոնի դոցենտ Սամվել Առաքելյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Արաքսյա Մարգարյանը,  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ Աննա Մկրտչյանը:

 

Այցի շրջանակում ԵՊՀ դասախոսները ոչ միայն դասախոսություն են կարդացել, այլև զրուցել են ուսուցիչների հետ, օգնել մեթոդական և այլ հարցերով, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:

 

Մեզ հետ զրույցում Տիգրան Դադալյանը փաստեց, որ այցն իսկապես արդյունավետ էր. «Ապագա ուսանողներին պատմեցի լույսի հատկությունների մասին: Փորձերի ցուցադրություն էլ անցկացրինք, որին աշակերտները մեծ հետաքրքրությամբ հետևեցին: Նպատակս էր աշակերտներին բացատրել լույսի հետ կապված այն ամենը, ինչին նրանք գրեթե ամեն օր առնչվում են, բայց տեսականորեն չգիտեն»: 

 

Աննա Մկրտչյանն էլ ապագա ուսանողների համար դասախոսություն է կարդացել մարքեթինգի և մենեջմենթի վերաբերյալ:

 

«Միմյանց կապելով երկու առարկաները՝ ներառել եմ նաև մոտիվացիայի, կորպորատիվ կուլտուրայի, լիդերության և անձնակազմի կառավարման հարցերը և այլն: Դասախոսության ընթացքում խոսել ենք նաև որոշ կազմակերպությունների մասին,- մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ասիստենտը և հավելեց, որ իր տպավորությունները սպասվածից ավելին են,- տնտեսագիտական հոսքում աշակերտները բավականին հետաքրքրված էին, կարծում եմ՝ այսպիսի այցեր պետք է ավելի հաճախ կազմակերպվեն»:

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է կազմակերպել ավագ դպրոցների աշակերտների այցերը դեպի Մայր բուհ, ինչպես նաև բուհի դասախոսների դասախոսությունները ավագ դպրոցներում:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր կայացավ 2017-2018 ուստարվա առաջին գիտխորհրդի նիստը, որի օրակարգում ներառված էր 6 հարց, ինչպես նաև ընթացիկ հարցեր: