Օրեր առաջ սկսել է գործել շրջանավարտների զբաղվածության «HEN-GEAR» պորտալը, որը ստեղծվել է Եվրոպական միության «Տեմպուս»-ի «HEN-GEAR» (Higher Education Network for Human Capital Assessment and Graduate Empoloyability in Armenia - Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը) ծրագրի (մեկնարկել է 2012 թ-ին, տևողությունը՝ 3 տարի) շրջանակներում և հիմնական նպատակն է աջակցել շրջանավարտների զբաղվածության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել կրթության ու բիզնեսի ոլորտների միջև համագործակցությանը: Պորտալի հասցեն է՝ http://hen-gear.ysu.am:
2014 թվականից սկսած` ԵՊՀ յուրաքանչյուր շրջանավարտ կարող է գրանցվել համակարգում, իսկ համալսարանն իր հերթին հաստատում է շրջանավարտի կողմից մուտքագրված որոշ վարչական տվյալներ, որից հետո շրջանավարտի տվյալները հասանելի են լինում պորտալում: Համակարգը թույլ կտա գործատուներին փնտրել համապատասխան որակներով շրջանավարտների՝ աշխատանք առաջարկելու համար: Նշենք, որ համակարգում գրանցման և այլ աշխատանքները համակարգվում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից:
Միջազգային ծրագիրն աջակցում է Հայաստանի համալսարաններին` զարգացնելու համապատասխան գործիքներ և մեթոդաբանություն՝ կիրառելով իտալական համալսարանների «Ալմալաուռեա» կոնսորցիումի մոդելով կառուցված տվյալների բազան: Հայաստանի համալսարանները միացել են այս ծրագրին՝ հաշվի առնելով «Ալմալաուռեա» կոնսորցիումի կողմից մշակված տվյալների համակարգի հայեցակարգի հնարավոր տեղայնացման կարևոր հանգամանքը և Հայաստանում ու Իտալիայում մեկնարկային պայմանների նմանությունը:
Հարկ է արձանագրել, որ համակարգի ներդրման նպատակներից են աջակցել որակի գնահատման արդյունավետությանը՝ հիմնվելով շրջանավարտների հավաստի տվյալների վրա, ինչպես նշվում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից, վերացնել առկա վիճակագրության բացերը, հեշտացնել շրջանավարտների մուտքն աշխատաշուկա ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակում, ամրապնդել հարաբերությունները համալսարանների և ընկերությունների միջև ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակում, բարձրացնել ազգային համալսարանական համակարգի արժեքն ընդհանրապես:
Շրջանավարտների զբաղվածության «HEN-GEAR» պորտալում գրանցվելու համար շրջանավարտին անհրաժեշտ է կատարել մի շարք պարզ գործողություններ՝ մուտք գործել «Hen-Gear»-ի պաշտոնական կայք` http://www.hen-gear.net/, ընտրել«գրացնում» հրամանը, այնուհետև համապատասխան համալսարանը, ֆակուլտետը, կրթական աստիճանը (առաջին մակարդակ՝ բակալավր, երկրորդ մակարդակ՝ մագիստրատուրա) և այլն: Բացված պատուհաններում անհրաժեշտ է լրացնել համապատասխան տվյալները, պատասխանել առաջարկվող հարցերին:
Գործատուները համակարգում որոնումներ կատարելու համար նույնպես պետք է գրանցվեն համակարգում: Գրանցման պայմաններն ու ընթացակարգը սահմանվում են համապատասխան բուհի կողմից: Գործատուները, ընտրելով «գրացնում» դաշտը, պետք է տրամադրեն համապատասխան տեղեկատվություն (անվանում, ՀՎՀՀ, ոլորտ, հասցե և այլն): Գրանցվելուց հետո գործատուները կարող են որոնումներ կատարել համակարգում, տեղադրել աշխատանքի առաջարկություններ: