10.12.2019 | 
Հասարակություն
ՌՈՍԱՐԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍԵՄԻՆԱՐ ԵՆ ՎԱՐԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՌՈՍԱՐԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍԵՄԻՆԱՐ ԵՆ ՎԱՐԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հիշողության փոխանցողները» խորագրով սեմինար:

Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը վարում էին Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի համակարգող Ֆլորենսիա Դեմիրջյանը և համալսարանի ներկայացուցիչ Դելֆինա Դեմիրջյանը, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրած Ասանա Սարգսյանի և Կիրակոս Դեմիրջյանի թոռներն են: 

 

Միջոցառմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, դեկանի տեղակալները, լրագրող Աշոտ Գասպարյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

 

 

Էդիկ Մինասյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց նրանց այցի համար՝ նշելով, որ հանդիպման ընթացքում խոսելու են հայոց պատմության հիմնահարցերի՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության, դրա հետևանքների և միջազգային ճանաչման, Հայկական հարցի մասին՝ սկզբից մինչև մեր օրերը, ինչպես նաև վավերագրական ֆիլմ են ցուցադրելու:

 

Լրագրող Աշոտ Գասպարյանն ասաց, որ սեմինարի հիմնական թեման ինքնության պահպանումն է, հյուրերը խոսելու են սպիտակ եղեռնի մասին, թե ինչպես են կարողանում Սփյուռքում ապրող հայերը պահպանել իրենց ինքնությունը՝ անգամ չխոսելով հայերեն, քանի որ հայ լինելը Հայաստանում շատ ավելի հեշտ է, քան դրսում:

 

Խոսելով Ռոսարիոյի հայ համայնքի մասին՝ Ա. Գասպարյանը նշեց, որ 1.5 միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքն ունի փոքրաթիվ հայ համայնք՝ մոտ 300 հոգի՝ 45 հայ ընտանիք, բայց չնայած դրան՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին քաղաքապետարանը բարձրացնում է հայկական դրոշը՝ ի հիշատակ Հայոց եղեռնի զոհերի հիշատակի:

 

 

Դելֆինա Դեմիրջյանը, որը 20 տարի է՝ աշխատում է Ռոսարիոյի համալսարանում, ասաց, որ այնտեղ 11 տարի առաջ ստեղծվել է Հայագիտության ամբիոնը, բայց իրենց գործունեությունը սկսել են դեռևս 90-ական թթ.՝ շոշափելով այնպիսի հարցեր, որոնք համալսարանում դեռ չէին արծարծվել, ունեն նաև Ռոսարիոյի հայ համայնքի հետ համագործակցության ծրագիր՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու Հայոց ցեղասպանությունը և պատմությունը. «Գաղտնիք չէ, որ ամբիոնը մի քանի օրում չի ստեղծվում, այդ աշխատանքը մեզնից երկար ժամանակ ու ջանքեր պահանջեց, քանի որ դժվար էր ճանաչելի դարձնել մի ժողովրդի պատմությունը, որը, չնայած ոչնչացման փորձերին, պահպանում է իր ինքնությունը»:

 

Դ. Դեմիրջյանը նշեց, որ իրենք ուսումնասիրություններ են անում և դրանք տարածում, աշխատում են ոչ միայն լսարանում, այլև համագործակցում են հայ համայնքի, ինչպես նաև Հուշերի և հիշատակի թանգարանի հետ, որն ազգային թանգարան է, և երկար տարիների ջանքերից հետո այնտեղ ստեղծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժին:

 

Ֆլորենսիա Դեմիրջյանը, որը նաև կինոռեժիսոր է, խոսելով իրենց նկարահանած վավերագրական ֆիլմի մասին, ասաց, որ այն ներկայացնում է իրենց՝ ցեղասպանությունը վերապրած պապիկի պատմությունը, թե ինչպես է նա հասել Արգենտինա ու ստեղծել իր ընտանիքը. «Մենք նրա տասը թոռներից երկուսն ենք, ու թեպետ մեր պապիկը երբեք չկարողացավ վերադառնալ Հայաստան, սակայն մենք 100 տարի անց վերադարձել ենք՝ ձեզ ներկայացնելու մեր փորձն ու պատմելու, թե ինչպես պետք է հայ մնալ Սփյուռքում»:

 

Հասմիկ Ասլանյան

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։