14.07.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
ԵՊՀ են այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կրթաթոշակների հանձնաժողովի ներկայացուցիչները:

Այսօր ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ու գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ընդունեցին ՉԺՀ կրթաթոշակների հանձնաժողովի քարտուղարության ղեկավարի տեղակալ Վան Շենգանի գլխավորած պատվիրակությանը:

 

Չինաստանից ժամանած հյուրերի գլխավոր նպատակն է կրթության ոլորտում ընդլայնել Հայաստանի ու Չինաստանի փոխգործակցության շրջանակը, քննարկել ՉԺՀ  Կառավարության կողմից հատկացվող կրթաթոշակների ու փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև հանդիպել Չինաստանում բարձրագույն կրթություն ստացած հայաստանյան տարբեր բուհերի ուսանողների հետ:

 

Այդ նպատակով Չինաստանի պատվիրակությունը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հանդիպել էր չինական տարբեր բուհերում ուսանած շուրջ 10 ուսանողների հետ:

 

Այնուհետև Մայր բուհի ղեկավարների հետ քննարկման ընթացքում Վան Շենգանը նշեց, որ հանդիպում է ունեցել նաև ՀՀ-ում սովորող չինացի ուսանողների հետ, ովքեր Հայաստանում իրենց ապահով ու լավ են զգում:

 

«Մեզ համար, բացի կրթական մակարդակից, շատ կարևոր է նաև մեր քաղաքացիների անվտանգությունը: Չինացի ուսանողները դրական վերաբերմունք ունեն ոչ միայն ՀՀ կրթական համակարգի, այլև մարդկանց մասին»,- նշեց հյուրը:

 

ԵՊՀ պրոռեկտորները չինացի գործընկերներին ներկայացրին բուհի պատմությունը, գիտաուսումնական գործընթացը, միջազգային համագործակցությունը և զարգացման հիմնական ուղղությունները:

 

«Օտարերկյա ուսանողների համար շատ կարևոր է նաև կեցության հարցը, ուստի ներկայումս աշխատանքներ են տարվում ԵՊՀ հանրակացարան կառուցելու ուղղությամբ»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը և հավելեց, որ ԵՊՀ-ն գիտահետազոտական լուրջ համագործակցություն է ծավալում առաջատար մի շարք բուհերի, այդ թվում՝ չինական կրթօջախների հետ, ուստի փոխգործակցությունն ընդլայնելու բոլոր նախադրյալները կան: 

Այլ նորություններ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Հուլիսի 17-ին՝ ԵՊՀ ուսանողական համահայկական ռազմական բանակումի եզրափակիչ օրը, ուսանողները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ:
ԵՊՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս կիսամյակի վերջին նիստը՝ օրակարգային 10-ից ավելի հարցերով: