20.12.2019 | 
Հասարակություն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՎԵՑ ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ 150-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՎԵՑ ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ 150-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանրապետական գիտաժողով՝ նվիրված Երվանդ Օտյանի և Լևոն Շանթի հոբելյանական 150-ամյակներին:

Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Գրողների միության երկրորդ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

 

Ներկաներին ողջունեց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

Վերջինս նշեց, որ գիտաժողովը հարգանքի և գոհունակության տուրք է երկու մեծություններին՝ Երվանդ Օտյանին և Լևոն Շանթին:

Մեծանուն գրողների գրական վաստակին, թողած ժառանգությանը, բերած նոր մեթոդներին ու խոսքին անդրադարձան բանասիրական գիտությունների դոցենտներ Սերժ Սրապիոնյանը, Ռուբիկ Էլոյանը, Աստղիկ Բեքմեզյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ  Սամվել Մուրադյանը, Ալիկ Մակարյանը, բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանը:

Պրոֆեսոր Ալիկ Մակարյանն անդրադարձավ Երվանդ Օտյանի «Մեր երեսփոխանները» երգիծական դիմանկարների շարքին:  

Բանախոսի խոսքով, Երվանդ Օտյանն այս ստեղծագործությամբ, ըստ էության, ստեղծում է Ազգային ժողովի մի մոդել, որը կիրառելի է բոլոր ժամանակների ու ազգերի համար:



«Երեսփոխանների հավաքական պատկերն Օտյանը կերտում է ժամանակի լույսի ներքո՝ ներկայացնելով կոնկրետ անձանց, բայց և ստեղծելով հավերժական ու մնայուն տիպեր: Կուսակցական ներհակ ուժերը, միջանձնային փոթորկումները, մարդկային սուբյեկտիվ հատկանիշներն օրենսդիր մարմնի այդ համակարգում դառնում են հավերժական արժեքներ, որոնք գործում են նաև այսօր»,- ընդգծեց Ա. Մակարյանը:

 

Սամվել Մուրադյանն  էլ նշեց, որ հրաշալի է, երբ ուսումնական և գիտական տարին ավարտվում է երկու մեծանուն գրողներին նվիրված գիտաժողովով. «Տարին իսկապես հոբելյանական էր, քանի որ նշում էինք Կոմիտասի և Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակները. այդ հոբելյանական տոնակատարությունները կարծես ստվերում էին թողել այս երկու՝ երգիծաբանության և թատերգության բնագավառում բացառիկ գրողներին»:

Պրոֆեսորի խոսքով,  աշխարհի ցանկացած ժողովուրդ, ունենալով նրանցից  մեկին, պետք է հպարտանար և պարծենար: 

«Նրանց ստեղծագործությունները մեր ազգային մշակույթի կարևոր բաղադրիչներն են: Լ. Շանթն իր դրամատիկական լավագույն էջերով գերազանցեց նախորդներին՝ թատերգության մեջ ստեղծելով  նոր մտածողություն, իսկ Երվանդ Օտյանի երգիծանքն ընդլայնեց իր սահմանները՝ դուրս գալով իր նախորդի՝ Հակոբ Պարոնյանի երգիծանքի միակողմանի սրությունից»,- նշեց Ս. Մուրադյանը:

 

                                                                                                                                       

 Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր «Թուրքիան և Արցախյան հիմնախնդիրը» թեմայով դասախոսություն է կարդացել ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, թուրքագետ, պ. գ. դ., պրոֆեսոր Արսեն Ավագյանը:
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ  ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ  ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ  ՕՐԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենի լեզու, Մայր ճեմարան, Մայր համալսարան» խորագիրը կրող միջոցառումը: