03.12.2018 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԿՉԱՓ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԿՉԱՓ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԼՈՒՅՍԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի կողմից ներկայացրած «Կիսահաղորդիչ նանոկառուցվածքներում բարձր կարգի հարմոնիկների գեներացիան մեծ ինտենսիվության էլեկտրամագնիսական դաշտերում» գիտական թեման:

Գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտ. դոկտոր Գառնիկ Մկրտչյանը նշեց, որ ծրագրի շրջանակում հետազոտվելու են կոհերենտ էլեկտրամագնիսական ճառագայթման և ատոմական հաստության, երկչափ ռելյատիվիստիկ էներգետիկ գոտիներով կիսահաղորդչային նանոկառուցվածքների փոխազդեցության պրոցեսները, որոնք հանգեցնում են արտաքին էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության նկատմամբ այդպիսի համակարգերի ոչ-գծային և կոլեկտիվ արձագանքին:

 

Գառնիկ Մկրտչյանը, պարզաբանելով գիտական թեմայի ուղղվածությունը, ասաց, որ բարձր կարգի հարմոնիկների գեներացիան օգտակար ոչ-գծային երևույթ է, որի ընթացքում լույսի և նյութի փոխազդեցության արդյունքում մեկ ալիքի երկարության լույսը փոխակերպվում է շատ ավելի կարճ ալիքի երկարության ճառագայթման. «Օրինակ, կարելի է ինֆրակարմիր ճառագայթներից ստանալ տեսանելի սպեկտրի ճառագայթում»:

 

Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. «Նյութի և ինտենսիվ ճառագայթային դաշտերի ոչ-գծային փոխազդեցությամբ պայմանավորված պրոցեսները լայն թափով սկսվեցին ուսումնասիրվել լազերների հայտնագործումից հետո, ձևավորելով գիտության նոր ուղղություններ` ոչ-գծային օպտիկա և ոչ-գծային էլեկտրադինամիկա, որոնց հիմնական օբյեկտները երկար ժամանակ հանդիսանում էին ատոմա-մոլեկուլյար համակարգերը, ծավալային բյուրեղները և ազատ էլեկտրոնները: Սակայն նանոտեխնոլոգիաների ոլորտում վերջին տասնամյակի ձեռքբերումները թույլ տվեցին սինթեզել նյութերի նոր դաս` երկչափ նանոկառուցվածքներ լիցքակիրների շատ մեծ շարժունակությամբ և արտասովոր օպտիկական հատկություններով: Ի թիվս այդպիսի նանոկառուցվածքների կարելի է նշել գրաֆենը՝ ածխածնի ատոմների մեկ շերտանի երկչափ բյուրեղական ցանցը, որի սինթեզը խթանեց էներգետիկ ճեղքով նոր` նանոհաստության կիսահաղորդիչների որոնմանը: Որպես նոր սինթեզված նյութերի ճանաչված դաս կարելի է նշել միաշերտ անցողիկ մետաղական դիհալկոգենիդները որոնք ունեն էներգետիկ ճեղքը` մոտակա ինֆրակարմիրից մինչև տեսանելի սպեկտրալ տիրույթում»: 

 

Նրա խոսքով, նախագծի շրջանակներում կուսումնասիրվեն բարձր կարգի հարմոնիկների և կոմբինացիոն ալիքների գեներացիան այդ նորագույն նանոկառուցվածքներում՝ մասնիկ-խոռոչ զույգերի ազատ և կապված վիճակների միջոցով:

 

Գառնիկ Մկրտչյանը, անդրադառնալով իրականացվող հետազոտությունների սպասվելիք արդյունքներին, նշեց, որ դրանց հնարավոր կիրառությունների շրջանակը բավական լայն է. «Նախագծում ձևակերպված խնդիրների լուծումները կճշտեն մեր պատկերացումները էներգետիկ գոտիների ոչ-տրիվիալ տոպոլոգիայով երկչափ կիսահաղորդիչներում ոչ-գծային և կոլեկտիվ պրոցեսների մասին, հնարավորություններ ընձեռելով նոր երևույթների բացահայտման համար: Մեծ է նաև քննարկվող խնդիրների կիրառական նշանակությունը՝ նոր տիպի նանո-օպտո-էլեկտրոնիկ սարքերի, մասնավորապես, հաճախության նանոչափանի բազմապատկիչների, ինչպես նաև երկչափ ոչ-գծային նանոկառուցվածքներից բազմաֆունկցիոնալ խճճված ֆոտոնային փնջերի ստացման համար, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների համար»:

 

Նշենք, որ գիտական հետազոտություններն իրականացվում են ԵՊՀ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնում: Խումբը բաղկացած է ԵՊՀ 5 աշխատակիցներից և համագործակցում է Բեռլինի տեխնիկական համալսարանի տեսական ֆիզիկայի գիտական խմբի հետ:

 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Գևորգ Շահխաթունու կողմից ներկայացրած «Կիսահաղորդչային կառուցվածքների հետազոտումը իմպեդանսային սպեկտրասկոպիայի եղանակով» գիտական թեման: