16.01.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) «PMI Science»-ի աջակցությամբ անցկացրել է ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին աջակցելու համար:

Կենսաբժշկության ոլորտում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտահետազոտական խմբի կողմից ներկայացված «Պրոտոնային ԱԵՖազը և թաղանթակապ հիդրոգենազները որպես տարբեր դեղերի թիրախ» հետազոտական ծրագիրն արժանացել է մրցանակի։

Նշենք, որ մրցանակաբաշխությունը ԵՊՀ-ում տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին:

 

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող 7 գիտահետազոտական խմբերը ստացել են դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:

 

Ընտրված 7 գիտահետազոտական խմբերից 3-ը ներկայացնում են ԵՊՀ ռադիոֆիզիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետները:

Կենսաբանության ֆակուլտետից դրամաշնորհը ստացած գիտահետազոտական խմբի ղեկավարը Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանն է: Գիտահետազոտական խումբը կազմված է 4 անդամից, որի մեջ ընդգրկված են ուսանողներ և ասպիրանտներ:   

 

Նշենք, որ խմբերի ընտրությունը կատարվել է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվել են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումների և հղումների առկայության:

 

Գիտահետազոտական խմբի ղեկավար Կարեն Թռչունյանի խոսքով, այս դրամաշնորհը խթան կհանդիսանա, որպեսզի երիտասարդները շարունակեն զբաղվել գիտությամբ, ինչպես նաև այն կնպաստի խմբի երիտասարդ անդամների մասնագիտական աճին. «Այս ծրագրի շրջանակում իրականացվող գիտահետազոտական փորձերի ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն բազմաթիվ նոր հմտություններ, կծանոթանան նոր սարքավորումների հնարավորություններին»:  

 

Կ. Թռչունյանը նաև ողջունելի է համարում երիտասարդների մասնակցությունը տարբեր գիտահետազոտական ծրագրերին. «Քանի որ այսօր երիտասարդները քիչ են զբաղվում գիտությամբ, ապա այդ ոլորտին տրամադրվող դրամաշնորհները նպաստում են նոր գիտական հետազոտություններ իրականացնելուն»:  

 

Ըստ բանախոսի՝ այսօր Հայաստանում գիտահետազոտական դրամաշնորհները քիչ են, ուստի անհրաժեշտ է, որ գիտության ոլորտին դրամաշնորհներ տրամադրեն ոչ միայն պետական կառույցները, այլև դոնոր կառույցները:

 

Կ. Թռչունյանը, խոսելով մրցանակ ստացած ծրագրի մասին, նշեց, որ «Պրոտոնային ԱԵՖազը և թաղանթակապ հիդրոգենազները որպես տարբեր դեղերի թիրախ» հետազոտական ծրագրի շրջանակում նախատեսվում է հետազոտել աղիքային ցուպիկի պրոտոնային ԱԵՖազի հիդրոգենազների և թաղանթակապ այլ սպիտակուցների վրա տարբեր հակաբիոտիկների կամ դեղերի ազդեցությունը, որոնք ունեն հակամանրէային ակտիվություն:

 

«Բացահայտելով նման ազդեցությունները՝ հնարավոր կլինի առաջարկել պրոտոնաշարժ ուժի կարգավորման միջոցով մանրէների դեմ պայքարի նոր մեխանիզմներ և հնարավորություններ»,-հավելեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրենը։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների շնորհանդեսը:
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։