17.01.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՃՈՂ ԱԳԱՐԻԿՈՄԻՑԵՏԱՅԻՆ ԴԵՂԱՍՆԿԵՐՆ ԵՆ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՃՈՂ ԱԳԱՐԻԿՈՄԻՑԵՏԱՅԻՆ ԴԵՂԱՍՆԿԵՐՆ ԵՆ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբ. գիտ. դոկտոր Սուսաննա Բադալյանի կողմից ղեկավարվող գիտական խմբի «Հայաստանի ագարիկոմեցիտային դեղասնկերի միկոբիոտայի կարգաբանական և էկոլոգիական վերլուծությունը դրանց կենսատեխնոլոգիական ներուժի գնահատման և գենետիկական ռեսուրսների պահպանման նպատակով» թեման ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:

Ըստ մասնագետների՝ ներկայումս ագարիկոմիցետային սնկերի կենսաբանական՝ մորֆոլոգիական, էկոլոգիական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունների, կենսաակտիվ միացությունների և դեղաբանական հատկությունների գենետիկական մեխանիզմների ուսումնասիրման, ինչպես նաև կենսատեխնոլոգիական աճեցման նկատմամբ գիտական հետաքրքրությունը, այդ թվում նաև Հայաստանում, զգալիորեն բարձրացել է:

 

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմայի ղեկավար Սուսաննա Բադալյանի հավաստմամբ, այն պայմանավորված է դեղագործական, սննդի և կոսմետիկ արտադրության մեջ լայնորեն կիրառվող սնկային ծագման ֆերմենտների, կենսաակտիվ միացությունների և կենսատեխ արտադրանքների նկատմամբ աճող պահանջարկով:

 

Գիտական ուսումնասիրություններ իրականացնող խմբի առաջարկած թեման ուղղված է մի շարք հիմնարար և կիրառական խնդիրների լուծմանը:

 

Մեզ հետ զրույցում խմբի ղեկավարը փաստեց, որ ուսումնասիրության շրջանակում իրականացվելու է Հայաստանի տարածքում բազիդիալ ագարիկոմիցետային դեղասնկերի միկոբիոտայի ժամանակակից կարգաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների վերլուծություն, տեսակների ցուցակագրում դրանց բնական ռեսուրսների գնահատման նպատակով, ինչպես նաև Հայաստանում տարածված ագարիկոմիցետային դեղասնկերի հեռանկարային տեսակների կենսաակտիվ միացությունների և դեղաբանական հատկությունների ուսումնասիրում, միցելիալ կուլտուրաների հավաքածուների ու պտղամարմինների հերբարիումի ստեղծում՝ դրանց կենսատեխնոլոգիական պոտենցիալի գնահատման և գենետիկական ռեսուրսների պահպանման նպատակով:

 

Ներկայացված ծրագրի նորարարությունը, ըստ պրոֆեսորի, առաջին անգամ Հայաստանի ագարիկոմիցետային դեղասնկերի միկոբիոտայի ժամանակակից կարգաբանական և էկոլոգիական վերլուծության նպատակաուղղված իրականացումն է, դրանց ռեսուրսային նշանակության գնահատումը բժշկության, սննդի և կոսմետիկ միջոցների  կենսատեխնոլոգիական արտադրության մեջ կիրառման հեռանկարների բացահայտման նպատակով:

 

«Ագարիկոմիցետային դեղասնկերի միկոբիոտայի ուսումնասիրությունը գիտական հետաքրքրություն է ներկայացնում նաև Հայաստանի մակրոսկոպիկ սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրման տեսանկյունից: Ծրագրի նորարարական բնույթը մասնավորապես վերաբերվում է առաջին անգամ դեղասնկերի բնական ռեսուրսների և դրանց կիրառական նշանակության բազմակողմանի գնահատմանը, ինչպես նաև սնկերի կարգաբանության, էկոլոգիայի, գենետիկայի, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի բնագավառներում միջդիսցիպլինային ժամանակակից հետազոտությունների իրականացմանը»,- ասում է ծրագրի ղեկավարը:

 

Ներկայացված ծրագրում, որպես ուսումնասիրման առարկա, առաջարկվում է Հայաստանի տարածքում աճող ագարիկոմիցետային դեղասնկերը, որոնք պատկանում են բազիդիոմիցետների ինչպես տարբեր կարգաբանական (կարգ Agaricales, Boletales, Polyporales, Hymenochaetales և այլն), այնպես էլ էկոլոգիական (քսիլոտրոֆներ, սապրոտրոֆներ, միկորիզային սնկեր և այլն) խմբերին:

 

Ծրագրի իրականացման արդյունքում  մասնագետներն ակնկալում են ունենալ Հայաստանի ագարիկոմիցետային դեղասնկերի միկոբիոտայի ժամանակակից կարգաբանական և էկոլոգիական վերլուծությունը, ցուցակագրել Հայաստանի տարածքում աճող  դեղասնկերը՝ ըստ ֆլորիստական շրջանների, ստեղծել պտղամարմինների հերբարիում և համալրել միցելիալ մաքուր կուլտուրաների հավաքածուն, հիմնադրել դեղասնկերի կենսաբանական ռեսուրսների տվյալների բազա և գենետիկական բանկ,  գնահատել Հայաստանի դեղասնկերի ռեսուրսային նշանակությունը և այլն:

 

Պրոֆեսոր Բադալյանը նշեց, որ նախատեսվում է ծրագրի արդյունքների տպագրությունը միջազգային գրախոսվող ամսագրերում հոդվածների և գիտաժողովների զեկուցումների ձևով, ինչպես նաև «Հայաստանի դեղասնկերի կենսաբանական ռեսուրսները» մենագրության պատրաստում:

 

«Ստացված արդյունքները կիրառելի կլինեն բնության պահպանության և անտառային ռեսուրսների օգտագործման ոլորտներում, ինչպես նաև բուհական մասնագիտական դասընթացներում»,- հավաստիացրեց խմբի ղեկավարը:

 

Տեղեկացնենք նաև, որ գիտական թեման  իրականացնելու նպատակով պրոֆ. Ս. Մ. Բադալյանի թիմում ընդգրկված են նաև կենսաբ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող Նարինե Ղարիբյանը, կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Շահբազյանը և մագիստրոս Անի Գասպարյանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների շնորհանդեսը:
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։