11.12.2018 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Գևորգ Շահխաթունու կողմից ներկայացրած «Կիսահաղորդչային կառուցվածքների հետազոտումը իմպեդանսային սպեկտրասկոպիայի եղանակով» գիտական թեման:

Նշենք, որ ֆինանսավորումը իրականացվել է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր 2018»-ի շրջանակում:

 

Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. «Վնասակար գազերի հայտնաբերման համար զանազան ոլորտներում մշակվել և կիրառվում են տարբեր տվիչներ: Գազերի առկայությունը գրանցելու և նրանց քանակը գնահատելու համար օգտագործվում են մի շարք ֆիզիկական մեթոդներ, հիմնված զանազան  օպտիկական, էլեկտրաօպտիկական, էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական և այլ երևույթների հիման վրա: Այդ մեթոդների մեծամասնությունը կիրառման տեսանկյունից թանկ են, բարդ և ժամանակատար, պահանջում են լուրջ սարքավորումներ և մասնագիտական սպասարկում:

 

Նրանց մեջ առանձնանում են համեմատաբար պարզությամբ և էժանությամբ էլեկտրաֆիզիկական ու էլեկտրաքիմիական երևույթների վրա հիմնված մեթոդները: Դրանց շարքում են մետաղօքսիդային կիսահաղորդիչային թաղանթներով օժտված սենսորները, որոնք արդեն մի քանի տասնամյակ է, ինչ կիրառվում են զանազան ոլորտներում տարբեր վնասակար գազերի հայտնաբերման համար: Այդ սենսորները կիրառելիս սովորաբար չափվում է էլեկտրական դիմադրության փոփոխությունը: Սակայն որոշ գազերի զգայունության գրանցումը միշտ չէ որ ուղեկցվում է դիմադրության զգալի փոփոխությամբ»:

Գևորգ Շահխաթունու խոսքով, հետազոտության նպատակն է ուսումնասիրել իմպեդանսային սպեկտրասկոպիայի հնարավորությունները՝ որպես նոր մեթոդ մետաղօքսիդային կիսահաղորդչային տվիչների գազազգայունությունն ուսումնասիրելու համար:

 

Նա նշեց, որ հետազոտությունը կատարվում է լեգիրացված անագի երկօքսիդի և ցինկի օքսիդի թաղանթների վրա: «Գիտական թեմայի շրջանակում իրականացվող հետազոտության արդյունքում գրանցվել են պատրաստված նմուշների իմպեդանսի հաճախության կախումները, կառուցվել են համապատասխան համարժեք սխեմաները»,- ասաց գիտական թեմայի ղեկավարը:

 

Գևորգ Շահխաթունին հայտնեց, որ չնայած իրենց ամբիոնում կատարվում են նման հետազոտություններ, բայց դրանք հիմնված են միայն ակտիվ դիմադրության փոփոխության գրանցմամբ. «Իմպեդանսային սպեկտրոսկոպիայի եղանակը թույլ կտա ստանալ տեղեկատվական արդյունքներ չափման այլ մեթոդների հետ համեմատած»:

 

Անդրադառնալով իրականացվող հետազոտությունների սպասվելիք արդյունքներին՝  նա նշեց, որ ջրածնային պերօքսիդ միջավայրի համար արդեն իսկ ստացված արդյունքները ցույց են տալիս ավելի մեծ գազազգայնություն, ինչը և կանխատեսվել էր փորձի սկզբից: «Հետագայում կատարվելիք փորձերը տեղի են ունենալու այլ գազային միջավայրերում (ֆորմալդեհիդ, ամոնիակ, էթանոլ, մեթանոլ), որտեղ կանխատեսվում է ստանալ գազազգայնության ավելի բարձր աստիճան»,- ասաց գիտական թեմայի ղեկավարը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ ՀԱՄՇԵՆԻՆ. «ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները: