09.01.2019 | 
Գիտություն
ՁԻՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԽՄԲԵՐԻՑ 3-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ն
ՁԻՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԽՄԲԵՐԻՑ 3-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ն
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) «PMI Science»-ի աջակցությամբ անցկացրել է ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին աջակցելու համար: Նշենք, որ մրցանակաբաշխությունը ԵՊՀ-ում տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին:

Հետազոտական թիմերը, որոնք կազմված են 2-5 անդամներից, իրականացվող արդի հետազոտական և գիտական ծրագրերը նախապես ներկայացրել են հետևյալ ոլորտներում՝ կիրառական մաթեմատիկա, կիրառական ֆիզիկա, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային կառավարման համակարգեր, տվյալների հավաքագրում, տվյալների կառավարում, սիմուլացիա և մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ, չափման տեխնոլոգիաներ, տվիչներ, վերլուծական քիմիա, կենսաբժշկություն, թունաբանություն, նյութագիտություն, աերոզոլային գիտություն, առարկաների ինտերնետ (IoT):

 

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող 7 գիտահետազոտական խմբերը ստացել են դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:

Ընտրված 7 գիտահետազոտական խմբերից 3-ը ներկայացնում են ԵՊՀ ռադիոֆիզիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետները:

 

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետից դրամաշնորհը ստացած գիտահետազոտական խմբի ղեկավարը ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանն է: Գիտահետազոտական խմբի անդամ, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս դրամաշնորհի նպատակը ֆակուլտետում խմբի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելն է:

 

Վերջինիս խոսքով, խմբերի ընտրությունը կատարվել է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվել են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումների և հղումների առկայության:

 

Կիրառական ֆիզիկայի ոլորտում խումբը մրցանակը ստացել է «Էլեկտրամագնիսական ալիքների կլանիչներ հաճախությունների ինֆրակարմիր և գեգահերցային տիտույթներում» նախագծի համար:

 

Ա. Բաբաջանյանը հայտնեց, որ նախագծում նախատեսվում է հետազոտել մի շարք կառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան քողարկելու գեգահերցային տիրույթի զննիչները, ինչպես նաև գիշերային պայմաններում անտեսանելի դարձնելու մարդկանց ներկայությունը՝ ինֆրակարմիր տիրույթի կլանիչների օգնությամբ. «Տարաբնույթ տարածական կառուցվածքների օգնությամբ կլանիչի գործառույթային (լայնաշերտություն, ալիքի անկման անկյունից և բևեռականությունից անկախություն) հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց, բազմաթիվ հետազոտություններում նկատվում է խնդրի լուծման ունիվերսալ տարբերակ՝ հաճախությունների  լայն տիրույթում: Մետաղական բարակ շերտով կամ ընդհատ մետաղական կառուցվածքով պատված դիէլեկտրիկ գունդն այս տեսանկյունից տալիս է լայն հնարավորություններ, որոնք լուծում են անկյունային և բևեռականության խնդիրները»:

 

Ըստ Ա. Բաբաջանյանի՝ համեմատաբար պարզ մաթեմատիկական արտահայտությունները հնարավորություն են տալիս հեշտությամբ որոշելու կառուցվածքի պարամետրերը: Նախնական վերլուծությունները թույլ են տալիս պնդել, որ նմանօրինակ կլանման հատկություններով են օժտված բարակ մետաղական կղզյակներն ու խիստ ձգված էլիպսօիդները, որոնք նախագծի կատարման ընթացքում նույնպես կլինեն ուշադրության կենտրոնում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՍՈՒԼՖՈՆՆԵՐԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Լիանա Գաբրիելյանի ղեկավարությամբ իրականացվող «Մարտկոցներում կիրառվող կարևոր սուլֆոնների` էթիլմեթիլ-, տետրամեթիլեն-, դիֆենիլ- և դիբութիլսուլֆոնների քվանտաքիմիական և փորձարարական ուսումնասիրությունները» խորագրով թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման: