01.12.2017 | 
Հասարակություն
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի միտումները մարդու իրավունքների և ժողովրդավարացման չափումներում» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՊՀ և ԵՄ երկրների դեսպանությունների, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետները հետազոտությունն իրականացրել են «Գլոբալ կամպուս» ծրագրի շրջանակներում: Գիրքը տպագրվել է ԵՊՀ հրատարակչության կողմից: 

 

Վերլուծության առանցքում հետխորհրդային երկրներն են՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Մոլդովա:

 

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանի խոսքով՝ հետազոտությունը կարող է օգտակար նյութ դառնալ ինչպես տեղական փորձագիտական հանրույթի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համար:

 

«Նախորդ հրապարակումը մեծ պահանջարկ ունեցավ Եվրոպական հանձնաժողովում, քանի որ դրա հիման վրա նրանք վերլուծություններ են կատարում, մշակում կոնկրետ քաղաքականություն այս կամ այն պետության նկատմամբ: Նախորդ տարիների վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունը հնարավորություն է տալիս, որ եվրոպական, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունները կարողանան մշակել իրենց արտաքին քաղաքական գերակայություններն այլ երկրների նկատմամբ՝ հաշվի առնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը»,- նշեց Արթուր Ղազինյանը:

 

Հետազոտական խմբի գիտական ղեկավար, «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի միտումները մարդու իրավունքների և ժողովրդավարացման չափումներում» գրքի խմբագիր, քաղ. գիտ. թեկնածու Արուսյակ Ալեքսանյանը ներկաներին ծանոթացրեց գրքի բովանդակությանը և համառոտ ներկայացրեց ժողովրդավարության մակարդակի ինդեքսի մեթոդաբանությունը:

 

 

«Այս մեթոդաբանությունն ազգային գործիք է: Այն չի վերցվել այլ աղբյուրներից, առաջին անգամ օգտագործվել ու շարունակում է օգտագործվել Եվրոպական հետազոտությունների կենտրոնի փորձագետների կողմից: Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը բաղկացած է 5 խումբ գործոններից՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական ու առողջապահական»:

 

Արուսյակ Ալեքսանյանը ներկայացրեց նաև ժողովրդավարության մակարդակի ինդեքսի ցուցանիշը տարբեր երկներում: Հետազոտության արդյունքներով՝ ամենաբարձր ինդեքսն ունի Մոլդովան, որին հաջորդում են Վրաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը:

 

«Բոլոր այս պետությունները համարվում են մասնակի ժողովրդավարական միայն այն տարբերությամբ, որ Ադրբեջանը բավականին մոտ է գտնվում «ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգեր» կատեգորիային»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը:

 

Հետազոտական խմբի անդամ, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ  Աշոտ Ալեքսանյանն էլ իր ելույթում անդրադարձավ հետխորհրդային երկրների քաղաքական խնդիրներին. «Այդ երկրների քաղաքական կայունության և քաղաքացիական հասարակության գործունեության վրա մեծապես ազդում են քաղաքական մշակույթի պակասը, ընտրական գործընթացին մասնակցությունը, նախընտրական և հետընտրական գործընթացների անկայունությունը և մի շարք այլ գործոններ»:

 

Ներկաները նաև հարցեր ուղղեցին բանախոսներին:

Այլ նորություններ
ԿԹՈՂԱՐԿՎԻ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է մրցույթ «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների ընտրության համար:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾՈՒՄ
«Ամենախելացին» հեռուստանախագծում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արամ Դալլաքյանը հաղթող է ճանաչվել «Կրոն» անվանակարգում: