02.06.2015 | 
Ուսանողական
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մաթեմատիկական ուսանողական օլիմպիադային հաղթած չորս ուսանողները կմասնակցեն միջազգային օլիմպիադային:

Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ամփոփվեցին մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայի արդյունքները: Ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այստեղ են հավաքվել՝ ամփոփելու հերթական ուսանողական և Պուտնամի միջազգային օլիմպիադաների արդյունքները, ինչպես նաև հաղթողներին դիպլոմներ, շնորհակալագրեր ու խրախուսական պարգևներ հանձնելու համար:

 

Արթուր Սահակյանն ուրախությամբ ընդգծեց այն փաստը, որ ֆակուլտետում ակտիվորեն շարունակվում է օլիմպիական ուսանողական կյանքը, դեռևս կան ուսանողներ, որոնց հետաքրքրում են մաթեմատիկական խնդիրները, ավելին՝ նրանք ապրում են դրանցով:

 

Դեկանին ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ օլիմպիադայի հաղթողների շարքում են ոչ միայն Մաթեմատիկայի և մեխանիկայի, այլև Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, ինչպես նաև այլ բուհերի ուսանողներ:

 

Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, ինչպես նաև այլ բուհերի՝ Ռուս-հայկական (Սլավոնական) և Հայաստանի ամերիկյան համալսարանների 16 ուսանողներ:

 

Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի ասիստենտ Կարեն Քեռյանը նշեց, որ Պուտնամի միջազգային օլիմպիադան մեծ ավանդույթներ ունեցող օլիմպիադա է. այն անց է կացվում առցանց և միաժամանակ տարբեր երկրներում:

 

«Ուրախալի է, որ մեր ուսանողները նշանակալի արդյունքներ են գրանցում նաև նման միջազգային օլիմպիադայում, ինչպիսին Պուտնամի օլիմպիադան է: Նրանք արժանացել են 2-րդ կարգի դիպլոմների և գովասանագրերի»,- հավելեց Կարեն Քեռյանը:

 

Հավելենք, որ 1-ին կարգի դիպլոմների արժանացած 4 ուսանողները կմասնակցեն հուլիսին Բուլղարիայում անցկացվելիք միջազգային օլիմպիադային:

 

Շնորհավորելով հաղթող ուսանողներին՝ դեկանը հետագա հաջողություններ մաղթեց նաև միջազգային օլիմպիադայի մասնակիցներին:

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: