15.07.2008 | 
ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՕՆ-ԼԱՅՆ ԾՐԱԳՐՈՎ
ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՕՆ-ԼԱՅՆ ԾՐԱԳՐՈՎ
«Ձեր աչքերի փայլը եւ ձեզ համակած եռանդն ու տոկունությունն ինձ հույս են ներշնչում, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է»:
Այսպես դիմեց ԵՊՀ դասախոս, փիլիսոփ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը հուլիսի 14-ին ԵՊՀ կոնֆլիկտների լուծման կենտրոնում հավաքված սոցիոլոգ ուսանողներին, ովքեր մասնակցում էին ԵՊՀ-ի եւ Կոննեկտիկուտի համալսարանի կողմից անցկացվող «Սոցիալական բարեկեցություն եւ սոցիալական քաղաքականություն» թեմայով օն-լայն կուրսի վկայագրերի հանձնման արարողությանը: Օն-լայն դասընթաց անցկացնելու գաղափարը ծնվել է Լյուդմիլա Հարությունյանի եւ Կոննեկտիկուտի համալսարանի հայտնի սոցիալական աշխատող Նենսի Հոմֆրիզի համագործակցության արդյունքում: «Գաղտնիք չէ, որ Հայաստանը փոքր եւ փակ երկիր է, դա է գլխավոր պատճառը, որ մեր քաղաքացիներն իրենց հոգեբանորեն եւս զգում են նեղ տարածքում եւ խոցելի են, հատկապես սոցիալական հոգեբանության տեսանկյունից: Զարգացած պետության ուսանողների եւ մեր ուսանողների միջեւ նմանաբնույթ դասընթացների կազմակերպումը, գիտելիքների փոխանցումը եւ սոցիալական աշխատանքի պրակտիկայի անցկացումը, կարծում եմ, մեծ հեռանկարներ են խոստանում»,- նշեց Լյուդմիլա Հարությունյանը: Դասընթացները բաղկացած են եղել տարբեր փուլերից` նախօրոք մշակված ծրագրով, հարցերով, գրականության ցանկով, ինչպես նաեւ ուսանողներին տրվել է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում նրանք պետք է ներկայացնեին իրենց անհատական էսսեները: Օն-լայն կուրսին մասնակցեց մոտ 50 ուսանող, որոնցից 29-ը ներկայացնում էին ԵՊՀ-ն: «Նման դասընթացները հնարավորություն են տալիս ստուգելու սեփական գիտելիքները, ինչպես նաեւ նպաստում են հասկանալու, թե մշակութային առումով տարբեր մտածողություն ունեցող մարդիկ ինչպես են մտածում միեւնույն խնդրի մասին»,- ասում է Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լենա Ասատրյանը, ով մասնակցել է այս դասընթացին: Նույն կուրսի ուսանող Տիգրան Վարդանյանը մեծ հետաքրքրությամբ է մասնակցել օն-լայն կուրսին: Նրա համոզմամբ` նման դասընթացները հնարավորություն են ընձեռում ոչ լսարանային պայմաններում, անկաշկանդ մթնոլորտում ստանալ սեփական մասնագիտությանը վերաբերող անսահման տեղեկություն: Ի դեպ, այս դասընթացի շրջանակներում Հայաստանում էին Կոննեկտիկուտի համալսարանի 3 ուսանող, մեր ուսանողները եւս ցանկություն հայտնեցին իրենց պրակտիկան անցկացնել ԱՄՆ-ում: