20.09.2017 | 
Քաղաքականություն
ՌՈՍԱՐԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ՌՈՍԱՐԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Այսօր արգենտինական Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի պատվիրակության անդամները հանդիպեցին ԵՊՀ ղեկավարության հետ:

Հանդիպմանը, բացի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից, ներկա էին նաև Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 

Արամ Սիմոնյանը բուհի ստեղծման, զարգացման և գիտահետազոտական ուղղությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն ներկայացրեց հյուրերին: Այնուհետև պատվիրակության անդամները, ովքեր հայկական արմատներ ունեն, պատմեցին Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտական ամբիոնի գործունեության ու հետագա ծրագրերի մասին:

 

«Մեր հիմնական նպատակն է շրջանակային համաձայնագիր կնքել Մայր բուհի հետ: Փաստաթուղթը լրացուցիչ արձանագրությունների կամ ծրագրերի ստորագրմամբ բազմաբնույթ համագործակցություն ծավալելու հնարավորություն կտա»,- ասաց Ռոսարիոյի ազգային համալսարանի ներկայացուցիչ Դելֆինա Դեմիրջյանը:

 

Հայագիտության ամբիոնի համակարգող, կինոռեժիսոր Ֆլորենսիա Դեմիրջյանն էլ պատմեց ամբիոնում տարվող աշխատանքների հիմնական ուղղությունների, ինչպես նաև համալսարանում գործող հայ-արգենտինական թանգարանի առաքելության մասին:

 

«Թանգարանում ներկայացված է Հայաստանը՝մինչև ժամանակակից Թուրքիայի կազմավորման տարիները: Ուստի մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը մեր ուսանողներին և այցելուներին պատմական նյութեր ներկայացնելու կամ դասախոսություններ կազմակերպելու գործում»,- ասաց Ֆլորենսիա Դեմիրջյանը:

 

Արամ Սիմոնյանը պատրաստակամություն հայտնեց արգենտինահայ գործընկերներին տրամադրել հարուստ տեղեկատվություն՝ գրքեր, տեսասկավառակներ և առցանց գրականություն:

 

Համաձայնագրի ստորագրումից և հուշանվերների փոխանակումից հետո պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ:

 

Հավելենք, որ Ռոսարիոյի ազգային համալսարանի պատվիրակությունը Հայաստան է այցելել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է կազմակերպել ավագ դպրոցների աշակերտների այցերը դեպի Մայր բուհ, ինչպես նաև բուհի դասախոսների դասախոսությունները ավագ դպրոցներում:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր կայացավ 2017-2018 ուստարվա առաջին գիտխորհրդի նիստը, որի օրակարգում ներառված էր 6 հարց, ինչպես նաև ընթացիկ հարցեր: