18.12.2017 | 
Քաղաքականություն
ՆԱՏՕ-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ՆԱՏՕ-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականներին հյուրընկալվել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլլերը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում Մայր բուհ այցելած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) բարձրաստիճան պաշտոնյային ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու ընդգծեց, որ նմանաբնույթ հանդիպումները կարևոր են համալսարանականների մասնագիտական զարգացման համար:

 

Այնուհետև ռեկտորը որոշ մանրամասներ ներկայացրեց տիկին Գոթեմոլլերի կենսագրությունից, ինչից հետո հյուրն անդրադարձավ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև կառույցի պատմական փուլերին ու հետագա զարգացումներին:

 

«Շնորհակալ եմ հանդիպման համար: Ուրախ եմ, որ Հայաստանի Մայր բուհում ելույթ ունենալու, ՆԱՏՕ-ի և Հայաստանի հետ փոխգործակցության ծրագրերն ու ակնկալիքները ներկայացնելու հնարավորություն ունեմ»,- ասաց Ռոզ Գոթեմոլլերը:

 

Կազմակերպության մասին պատմական համառոտ ակնարկ ներկայացնելուց հետո ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նախընտրեց պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

  

Հարցեր ուղղելու հնարավորություն ստացան նախևառաջ ուսանողները, որոնց շարքում առավել ակտիվ էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչները:

 

Բանախոսը ներկայացրեց նաև ՆԱՏՕ-ի՝ միջազգային տարբեր կազմակերպությունների և կոնկրետ երկրների հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակը:

 

«Մեր կազմակերպությունը երկու կարևոր հիմնարար սկզբունք ունի. առաջին՝ մենք բոլոր երկրների համար բաց ենք համագործակցություն ծավալելու առումով և երկրորդ՝ երկրներն ազատ ընտրության հնարավորություն ունեն՝ ում հետ և ինչ ծրագրերի շրջանակում համագործակցություն ծավալել, եթե, իհարկե, դրանք չեն հակասում մեր կազմակերպության որդեգրած քաղաքականությանը:

 

Նշենք նաև, որ ուսանողների հարցերը հիմնականում վերաբերում էին Հյուսիսատլանտյան դաշինքի՝ տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության ծրագրերին ու ներկայումս ծավալվող զարգացումներին, ինչպես նաև աշխարհաքաղական հարթակում տեղի ունեցող կոնֆլիկտների վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը:

 

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշեց, որ խնդրի լուծումը միանշանակ դրական անդրադարձ կունենա ամբողջ տարածաշրջանի վրա:

«Ցավալի է, որ ավելի քան 25 տարի անց դեռևս հակամարտությունը լուծված չէ, ինչը բացասաբար է ազդում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքի վրա: Դրական եմ գնահատում այն, որ նախարարների, այնուհետև նախագահների մակարդակով հանդիպումներ են կազմակերպվում: Կարծում եմ, որ սա գերազանց քայլ է: Կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ ԱՄՆ-ն բարձր մակարդակով ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքում»,- ասաց Ռոզ Գոթեմոլլերը և հույս հայտնեց, որ գործադրվող դիվանագիտական ջանքերը շուտով արդյունք կտան:

 

Հանդիպման վերջում Արամ Սիմոնյանը հյուրին գրքեր և բուկլետներ հանձնեց:

 

Հավելենք, որ Ռոզ Գոթեմոլլերը ՆԱՏՕ-ի պատմության մեջ գլխավոր քարտուղարի առաջին կին տեղակալն է: Նա ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Աշխատել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում: Եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական՝ վերիֆիկացման, համապատասխանեցման, իրականացման, այնուհետև սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով: 2016 թ.-ի հոկտեմբերից նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց բուհի ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» էլեկտրոնային ծրագրի աշխատակիցներին:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: