03.03.2010 | 
Ուսանողական, Կրթություն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ՀԱԼԵՊ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ՀԱԼԵՊ
Հայ եւ սիրիացի ուսանողների փոխայցելությունները շարունակվում են:

Փետրվարի 22-ից մարտի 1-ը Երեւանի պետական համալսարանի 15 ուսանողներ, Արաբագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Տոնիկյանի գլխավորությամբ, այցելեցին Սիրիայի Արաբական Հանրապետություն: Այցը ճանաչողական էր. հայ ուսանողները Հալեպի պետական համալսարանում ծանոթացել են տեղի ուսանողական կյանքին, արաբական մշակույթին, հանդիպել են ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտորի, ուսանողական խորհրդի նախագահի ու ՈւԽ նախագահության անդամների հետ:

 

ԵՊՀ ՈւԽ քարտուղար Հարություն Ազգալդյանն ասում է, որ Հալեպի համալսարանի ուսխորհրդի կազմն ու ուսանողական կառուցվածքային ստորաբաժանումները շատ նման էին ԵՊՀ ՈւԽ կառուցվածքին: «Մեր գործունեության նպատակներն էլ գրեթե նույնն էին, սակայն կային մշակութային ու կրոնական որոշակի առանձնահատկություններ»,- ասում է Հարություն Ազգալդյանը: Սոնա Տոնիկյանն էլ ընդգծում է մեր ու Սիրիայի համալսարանների տարբերությունները: «Հալեպում կա ընդամենը մեկ պետական համալսարան, որտեղ տրվում է բազմապրոֆիլ կրթություն` բժշկություն, ճարտարագիտություն եւ այլն. չկան տարաբնույթ ուղղվածություն ունեցող պետական բարձրագուն հաստատություններ»,- նշում է ուսանողական խմբի ղեկավարը: Խմբի բոլոր անդամներն առաջին անգամն էին այցելում արաբական երկիր, եւ նրանց համար ցանկացած հանդիպում հետաքրքիր ու ուսանելի էր:

 

Այցելել են Հայեպի հայկական եկեղեցիներ, հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Հալեպի համալսարանի ուսանողների աջակցությամբ մեկնել են Դեր Զոր, Մաղադե: Նշենք, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է համալսարանների միջեւ փորձի փոխանակման ծրագրեր հաստատել, այդ այցից ամիսներ հետո սիրիացի ուսանողների պատվիրակություն ժամանեց Երեւանի պետական համալսարան: Խմբի անդամներն ասում են, որ մինչ այժմ էլ սիրիացի ուսանողները գոհունակությամբ էին հիշում մեր համալսարանականների հայաստանյան հյուրասիրությունը: Հալեպի համալսարանում խոստացել են, որ սեպտեմբերին ճանաչողական այցով կրկին գալու են Հայաստան, ինչի վերաբերյալ ՈւԽ քարտուղարն ասում է, որ նախապատրաստվում են համագործակցության ծրագրեր իրականացնել:

 

Միեւնույն ժամանակ հավելում, որ երկու համալսարանների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցնում են Հալեպի կրթական հաստատություններում: Հարություն Ազգալդյանն առանձնացրեց հալեպցի ուսանողների երկու տեսակ` կրոնական ավանդույթները խստորեն պահպանող եւ ժամանակակից մտածելակերպի տեր ուսանողներ, ովքեր էլ, առիթն օգտագործելով, «սրտերը բացել» էին իրենց հայ հասակակիցների առջեւ: «Դասախոսներն ավելի քաղցր աչքով նայում են կրոնական հայացքների հետեւորդ ուսանողներին»,- անկեղծացել են արաբ ուսանողները:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։