15.10.2018 | 
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅՏՆԻ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ՊԱՏՄՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅՏՆԻ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ՊԱՏՄՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ղեկավարած խմբի «Պատմավեպը թուրքական քարոզչության հոլովույթում. արդի միտումներ» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ գիտական խմբի անդամները հիմնականում երիտասարդ թուրքագետներ են, որոնցից երկուսն ունեն գիտական աստիճան և իրենց մասնագիտական գիտելիքները ծառայեցնելու են թուրքական քարոզչության խութերը բացահայտելու գործին:

«Թուրքիայում քարոզչության կարևոր ուղղվածություն է պատմական դեպքերը դրական լույսի ներքո ներկայացնելը: Թուրքական պատմավեպը ներկայումս ձեռք է բերել ոչ միայն գրականագիտական նշանակություն, այլև քարոզչական»,- ներկայացրեց Ռուբեն Մելքոնյանը։

Մի շարք հայտնի թուրքական սերիալներ ներկայացնում են oսմանյան պատմության տարբեր դրվագներ՝ ներառելով 16-րդ և 19-րդ դարերը, 20-րդ դարի սկիզբը։ Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ դրանք բարձր մակարդակ ունեցող ֆիլմեր են, թարգմանվում են տարբեր լեզուներով և տարածվում են տարբեր երկրներում՝ փոխելով թուրքական պետության և այդ պետության պատմական իմիջը:

Աշխարհում ամենահայտնի սերիալներից մեկը՝ «Փառահեղ դարը», թարգմանված է նաև ռուսերեն և պատկերում է 16-րդ դարի Օսմանյան Թուրքիան, սուլթան Սուլեյմանին, նրա կնոջը՝ Ռոքսոլոնային, կայսրության արշավանքները:

«Այդ ամենը պատկերված է այնպես, որ թվում է՝ սուլթանը տոգորված էր ազնիվ ասպետական մղումներով, սակայն իրականում դա ցեղասպանությունների դարաշրջան էր, և օսմանյան զորքերը գրավում էին հսկայածավալ տարածքներ թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում, ընդհուպ հասել էին մինչև Վիեննա: Այս արշավանքներն ուղեկցվում էին ցեղասպանություններով, բռնի կրոնափոխությամբ: Իսկ ֆիլմը լրիվ դրական տեսանկյունից է ներկայացնում իրադարձությունները»,- պատմեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Աբդուլ Համիդին նվիրված ֆիլմը ևս մեծ աղմուկ էր բարձրացրել: Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ արյունարբու սուլթանն այնտեղ ներկայացվում է որպես պետականության գաղափարը կրող հզոր քաղաքագետ:

Կոստանդնուպոլսի գրավման մասին պատմող ֆիլմում իրադարձությունը ոչ թե արևելաքրիստոնեական աշխարհի կործանում է ներկայացվում, այլ քաղաքակրթական մեծ նվաճում:

«Կարևոր է հաշվի առնել այն, որ այս ամենը գտնվում է պետության վերահսկողության ներքո․շատ հաճախ նկարահանման վայրերում, կինոստուդիաներում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մասնակցում է ֆիլմերի նկարահանման աշխատանքներին, խորհուրդներ է տալիս, անգամ Թվիթերի իր էջում ամեն սերիայի ցուցադրումից հետո արձագանքում է, երբեմն քննադատում, երբեմն գովում՝ լրացուցիչ փիառ անելով այս ամենը»,- մեկնաբանեց Ռուբեն Մելքոնյանը։

Գիտական թեմայի շրջանակում խնդիր է դրված՝ ուսումնասիրել թուրքական պատմավեպերը հենց քարոզչական հոլովույթում, հասկանալ, թե ինչպես են գրողները, պատմաբանները, կինոգետները և պետական բարձրաստիճան պաշտոնյաները, միմյանց հետ համագործակցելով, կերտում քարոզչական այս ուղղվածությունը:

«Սա նաև Թուրքիայում տարածված «soft power»-ի՝ փափուկ ուժի տարատեսակներից կարող եմ համարել, երբ քարոզչությունն արվում է հմտորեն նկարահանված ֆիլմերի, պատմական դեպքերը խեղաթյուրելու միջոցով։ Պատկերվում է մի պետություն, որն իբրև թե եղել է բարոյականության, քաղաքակրթության և այլ արժեքների կրող»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանն այս ամենը վտանգավոր համարեց, քանի որ ֆիլմերը հաճախ ունեն ընդգծված հակահայկական քարոզչություն․ Աբդուլ Համիդի մասին սերիալում կարևոր ուղղություն է հայկական հարցը, որը ներկայացված է բավական խեղաթյուրված:

«Անգամ պատկերված է, որ Համիդը դրական է վերաբերվել հայերին»,- ասաց Մելքոնյանը։

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվելու են նաև ազդեցություններն արտաքին ու ներքին լսարանների վրա։

Ռուբեն Մելքոնյանը, խոսելով ներքին լսարանի մասին, նշեց, որ թուրքական պետական քարոզչության կարևոր տարրերից է թուրքական հասարակության մեջ ծայրահեղական գաղափարների կոնսոլիդացումը։

«Մեծ դեր ունի թշնամու կերպարը, հայի կերպարը, քրիստոնյայի կերպարը: Նմանատիպ ֆիլմերի միջոցով ներկայացնելով իրենց «փառահեղ» անցյալը՝ նրանք տարբեր հասարակական շերտեր ու տարիքային խմբեր պահում են ազգայնական քարոզի ազդեցության ներքո»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մենք շարունակում ենք գործ ունենալ մի երկրի հետ, որի հասարակության գերակշիռ մեծամասնությունը ծայրահեղական տրամադրություններ ունի։

Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով արտաքին լսարանի վրա ֆիլմերի ազդեցությանը, նշեց, որ այդ պարագայում մի փոքր այլ են շեշտադրումները։ Պատմական դեմքերն արտաքին լսարանի համար ներկայացվում են որպես աշխարհաքաղաքական մտածողություն ունեցող հզոր տիրակալներ:

Ըստ Ռ. Մելքոնյանի՝ հետազոտության նպատակն է ուսումնասիրել թուրքական քարոզչության ուղղվածությունը, քանի որ այն ունի գիտական և քաղաքական նշանակություն, և նորություն չէ, որ Հայաստանը և Թուրքիան քարոզչական պատերազմի մեջ են։

Անդրադառնալով ֆիլմերում հայի ու Հայաստանի պատկերմանը՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Հայաստանը ներկայացված չէ, իսկ հայերը հանդես են գալիս որպես երախտամոռ, դավաճան քաղաքացիներ, ովքեր լավ են ապրել կայսրության մեջ, բայց ուրացել են սուլթանի լավ վերաբերմունքը և դավաճանել են նրան՝ ծառայելով օտար պետությունների շահերին։

Ուսումնասիրության ընթացքում ուշադրության են արժանանում նաև արձագանքները՝ սոցցանցերում և մասնագիտական շրջանակներում: Գիտական խմբի ղեկավարը ցավով արձանագրում է, որ թիրախային խմբերի արձագանքն այնպիսին է, ինչպիսին ակնկալում է քարոզչական մեքենան։

«Այս ամենն ավելի է քաղաքականացնում խնդիրը: Եթե երկրի նախագահն արձագանքում է ֆիլմի որևէ դետալին, քաղաքական դաշտի հատկապես իշխանամետ կողմը նույնպես արձագանքում է, իսկ ընդդիմադիր թևը, եթե անգամ քննադատում է, ապա նույնպես ուշադրության է արժանացնում այն»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա խոսեց նաև պետական և ֆինանսական լուրջ աջակցության մասին. «Սա մի նոր կամ նորացված հարթակ է քարոզչական պատերազմների համար, և եթե մենք էլ կարողանանք համաշխարհային դաշտ տեղափոխել մեր փառահեղ պատմության դրվագների էկրանավորված տարբերակները, կարծում եմ, որ լրջագույն քայլ արած կլինենք քարոզչական պատերազմում համարժեք պատասխաններ տալու գործում: Այս գիտական թեմայի շրջանակում մենք կարող ենք բացահայտել թուրքական քարոզչության տարբեր նրբերանգները և գոնե ուրվագծել այն մեթոդները, որոնցով հնարավոր կլինի հակադարձել»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը։

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ-ում Իտալիայում արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՇԱՏ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ». ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Ջուն Յամադայն այսօր հանդիպել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: