05.06.2019 | 
Գիտություն
«NEWPORT» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՍԵՄԻՆԱՐ ՎԱՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
«NEWPORT» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՍԵՄԻՆԱՐ ՎԱՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) սեմինար։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ՖԳՀԻ-ի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը, «Newport» կորպորացիայի տեխնոլոգիաների և հավելվածների կենտրոնի (Technology and Applications Center) գլխավոր տնօրեն, ֆիզիկոս Ռուբեն Զադոյանը, ներկայացուցիչներ թե՛ համալսարանի, թե՛ ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից, ինչպես նաև ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ։




Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, որը շնորհակալություն հայտնեց Ռ․ Զադոյանին՝ կրկին ԵՊՀ այցելելու և դասախոսությամբ հանդես գալու պատրաստակամության համար։

Մինչ սեմինարի սկիզբը՝ «Newport» կորպորացիայի տեխնոլոգիաների և հավելվածների կենտրոնի (Technology and Applications Center) գլխավոր տնօրեն, ֆիզիկոս Ռուբեն Զադոյանը ողջունեց ներկաներին ու ասաց, որ ուրախ է լինել ԵՊՀ-ում։ Նա պատմեց հետազոտությունների և զարգացումների ոլորտում իր բազմամյա աշխատանքային փորձի մասին ու նշեց, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում քվանտային էլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտանալուց հետո վերջինս աշխատել է Լազերային տեխնոլոգիայի ինստիտուտում, ապա սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում, հետո տեղափոխվել ԱՄՆ ու աշխատանքի անցել Իրվինի Կալիֆորնիայի համալսարանում։

Նշենք, որ այժմ պարոն Զադոյանը «Newport» կորպորացիայի տեխնոլոգիաների և հավելվածների կենտրոնի (Technology and Applications Center) գլխավոր տնօրենն է, ավելի քան 60 գիտական հրապարակումների ու 20 արտոնագրերի հեղինակ։

Սեմինարի ընթացքում բանախոսը պատմեց իրենց կենտրոնի կողմից մշակած ֆոտոնիկ (Photonics) լազերների վրա հիմնված հավելվածների ու սարքերի մասին, որոնք կարող են կիրառվել տարբեր բնագավառներում։ Նա տեղեկացրեց, որ իրենք հիմա աշխատում են երկու տարբեր ուղղություններով. առաջինը կապված է 3D լազերային սկան միկրոսկոպիայի մեթոդների մշակման հետ, իսկ երկրորդը լազերային միկրոմշակումն է։

Ռուբեն Զադոյանը մանրամասն պատմեց, թե ինչպես են պատրաստվում այստեսակ լազարեները, որտեղ են կիրառվում և ինչ ոլորտներում կարող ենք նրանց հանդիպել։

Բանախոսը խոսեց նաև նանոտեխնոլոգիաներում այդ սարքերի կարևոր դերի մասին, իսկ ավարտելուց հետո պատասխանեց ներկաների մի շարք հարցերին։

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: